news.am: Բանակում սպանության դեպքերը կանխելու նպատակով արվում է առավել, քան հնարավոր է: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ նշելով, որ դա արվում է հասարակության օբյեկտիվ ուշադրության ներքո:

«Եթե նույն գործողությունը կատարվում է քաղաքացիական անձի կողմից, շատ ավելի մեղմ պատիժ է սահմանված, քան եթե կատարվում է զինծառայողի կողմից: Վերջերս էլ օրենքով խստացվեց զինված ուժերում ինքնասպանության հասցնելու պատիժը»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ իրենք չեն կարող ամբողջովին բաց հրապարակել պատժվողների անունները, որովհետեւ դա կարող է հետաքրքիր լինել նաեւ հակառակորդին:

«Օրինակ վերջին դեպքերում բավական բաց հրապարակվեց, թե ովքեր են պաշտոնին հրաժեշտ տվել, ովքեր են պաշտոնի իջեցում ունեցել, ում նկատմամբ է քրեական գործ հարուցվել, մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում սպալական կազմից»,-ասաց նա:

«Բանակում սպանության դեպքերը կանխելու նպատակով արվում է առավել, քան հնարավոր է: Բայց չեմ ասում, որ անում ենք իդեալական, եթե իդեալական լիներ, էսպիսի դեպքեր չէինք գրանցի: Դուք որևիցե բանակ չեք կարող գտնել, որտեղ նման դեպքեր չեն արձանագրվում: Ես չեմ ասում, որ նորմալ է, սա շատ վատ է, ուրեմն ինչ-որ մեկն իր պարտականություններում թերացել է: Դեռ շատ բան ունենք անելու»:

Գաբրիել Բալայանը համաձայնեց, որ կա նաեւ մենթալիտետի փոփոխության խնդիր եւ այդպիսի փոփոխություն այս ընթացքում տեղի ունեցել է. «Բայց որ պետք է մենթալիտետը փոխելու համար շատ ավելի շատ ջանքեր գործադրենք, դա միանշանակ է»: