armtimes.com: ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակներում մայիսի 26-ի դրությամբ շահառու հանդիսանալու ծանուցում է ուղարկվել 12 հազար 200 հարկ վճարող տնտեսվարողի։ Միջոցառման մասին խոսելիս տեղեկացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման եւ հսկողության վարչության պետի տեղակալ Լուսինե Մկրտչյանը։

18-րդ միջոցառման նպատակն է միանվագ դրամաշնորհի տեսքով օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) եւ վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը:

Միջոցառման շահառու են այն տնտեսվարողները, որոնց 2020 թվականի ապրիլ ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար եւ մարտ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թվին եւ որոնց 2020թ. ապրիլ ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար եւ մարտ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը։

Մինչեւ 5 աշխատակից ունեցող տնտեսվարողների պարագայում տնտեսվարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար 2020թ. մարտ ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանվում է աշխատակիցների թվին։

5 եւ ավելի աշխատակից ունեցող տնտեսվարողների պարագայում տնտեսվարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար՝

ա) հաշվարկվում է տնտեսվարողի 2020թ. մարտի ամսական միջին հաշվարկված եկամուտների չափը, այսինքն՝ 2020-ի մարտ ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը՝ բաժանած աշխատակիցների թվին.

բ) հաշվարկվում է աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասը, այսինքն՝ աշխատակիցների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի կլորացումով դեպի ներքեւ։

Հետեւաբար, ինչքան շատ են ընկերության աշխատակիցների թիվը եւ աշխատավարձային ֆոնդը, այդքան ավելի շատ օժանդակություն է ստանում ընկերությունը։

Մկրտչյանը մեր զրույցում ասաց, որ արդեն շուրջ 8200 շահառու տնտեսվարող դմում է ներկայացրել՝ օժանդակություն ստանալու համար. «Բոլոր դիմումները դիտարկվել են, կազմվել են վճարման հանձնարարականներ եւ ուղարկվել գանձապետարան՝ փոխանցելու նպատակով»:

Հարցին՝ որքա՞ն գումար է նախատեսված հատկացնել, նա պատասխանեց. «Ընդհանուր միջոցառման համար մինչեւ 3 մլրդ դրամ է նախատեսված։ Այս պահին աջակցություն է տրամադրվել 1 մլրդ 500 մլն դրամի չափով»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ շահառու ընկերությունը չհայտնվի ցանկում կամ հակառակը, Մկրտչյանն ասաց. «Ո՛չ, նմանատիպ խնդիր դեռ չի առաջացել։ Խնդիր առաջանում է միայն այն դեպքում, երբ տնտեսվարողն իր դիմումում սխալ է նշում բանկային հաշվեհամարը. կա՛մ հաշվեհամարը փակ է լինում, կա՛մ իրեն չի պատկանում տվյալ հաշվեհամարը, կա՛մ նիշերն է շփոթում, այսինքն՝ խնդիրները միայն տեխնիկական են լինում»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում