Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․06․20 (թարմացվող)
21:50 - 20 հունիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․06․20 (թարմացվող)

21:00- Հունիսի 21-ին Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան են գալիս կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը, պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]


18:35- Մեր հակահամաճարակային ծառայությունը համալրվում է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով, որոնք կմեծացնեն Երևանում և մարզերում իրականացվող միջոցառումների որակն ու արագությունը։ Այս պահին մատակարարվել են 6 ամենագնացներ (ՈՒԱԶ Պատրիոտ և Շեվրոլե Նիվա) և շտապօգնության 5 մեքենաներ (Ֆորդ), իսկ մոտակա 2 ամսում կմատակարարվեն նաև 20 ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենաներ` ՀՎԿԱԿ 10 մարզային մասնաճյուղերի համար։ Այս ձեռքբերումը հնարավոր է դարձել ՀԲ ծրագրի միջոցով, ինչի համար շնորհակալ եմ։ [Արսեն Թորոսյան]


16:55- ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները Էրեբունի վարչական շրջանում իրականացրած դիտարկման արդյունքում պարզել են, որ եղել են դեպքեր, երբ հանրային տրանսպորտում ախտահանիչ նյութերի փոխարեն սրվակում պարզապես ջուր է լցված: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]


16:35- Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 39112 արձանագրություն, իսկ հունիսի 19-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 951 դեպք։


15։50- Երևանից վերադառնալիս «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում, ինչպես կարգն է, ես էլ հանձնեցի Covid-19-ի արագ թեսթ: Արդյունքը բացասական էր: Սա կարևոր կարգ է Covid-19-ի տարածումը հնարավորինս կանխարգելելու գործում, և ՀՀ-ից Արցախ մուտք գործող ոչ մի անձ չպետք է շրջանցի այս միջոցառումը: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


13։18- Միացյալ Նահանգները Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար` կորոնավիրուսի համավարակին հակազդելու նպատակով: 
Հայաստանին տրամադրվող այդ միջոցները նախատեսված են լաբորատոր կարողությունների հզորացման, ծանր դեպքերի վարման բարելավման ու համայնքների մակարդակի պատրաստվածության պլանավորման, ռիսկերի հաղորդակցության և առողջության ու հիգիենայի խթանման աջակցության, փորձագիտական կարողության մեծացման ու այլ նպատակների համար: |armenpress.am|


11։19- ԱՀ Մարտակերտի շրջանի կոնտակտավոր բնակչի մոտ հաստատվել է կորոնավիրուսի դեպք: 
COVID-19 ախտորոշում ունեցող 5 քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական է եղել, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը:
Կորոնավարակն առայսօր հաստատվել է 97 քաղաքացու մոտ, որից առողջացել են 63-ը: Այս պահին մեկուսացված է 78 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1571 թեստավորում: [Արցախի տեղեկատվական շտաբ]


11։04- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 66 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 38 (կին), 55 (տղամարդ), 85 (տղամարդ), 43 (տղամարդ), 70 (տղամարդ), 50 (տղամարդ), 70 (տղամարդ) և 56 (տղամարդ)տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]


11։02- Թարմացվել է  20.06.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 19708 (+551)
Առողջացածներ - 8854 (+588)
Փաստացի բուժվողներ -10409 (-53)
Ընդհանուր թեստեր - 93786 (+1834)
Մահվան ելքեր - 332 (+13)
Մահվան ելքեր այլ պատճառով –113 (+3) [ԱՆ]


Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․06․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել