Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․06․20 (թարմացվող)
22:50 - 19 հունիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․06․20 (թարմացվող)

20:55- «Զվարթնոց» օդանավակայանում կատարեց Լեհաստանից Հայաստան բժշկական պարագաների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը։


20:50-  Մեծ դժվարությամբ կարողացանք գտնել 10 լիտրանոց թթվածնային 3 խտացուցիչ, որոնք «Մեկ դիմակ` մեկ կյանք» նախաձեռնության կողմից գնված 6000 պաշտպանական դիմակների հետ արդեն Հայաստանում են: [«Ալիք մեդիա»-ի խմբագիր Արսեն Խառատյան]


19:55- Լիտվայից Հայաստան ժամանեց լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը, որի աշխատանքները տևելու են 14 օր: Նույն ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ և սարքավորումներ։


19:35-  Բժշկական դիմակը պետք է առավելագույնը 4 ժամը մեկ փոխել, քանի որ շնչառությունից խոնավանալով՝ ֆիլտրող շերտը կորցնում է իր պաշտպանիչ հատկությունը: Բուժաշխատողները, պացիենտները և նրանց խնամողները պետք է կրեն բժշկական դիմակ։ 60 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք՝ ևս։ Բժշկական դիմակ պետք է կրել նաև հանրային տրանսպորտից օգտվելիս և սպասարկման ոլորտում, նաև առևտրի կենտրոններում ծառայություններ մատուցելիս։ [ԱՆ]


19:15- «Դժվարին ժամանակներում օգնությունը Հայաստանի ժողովրդի լավ ապագայի երաշխիքն է». Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հղած այս ուղերձի հետ միասին այսօր Սերբիայից Հայաստան հասավ մարդասիրական օգնությամբ՝ բժշկական սարքավորումներով ու պարագաներով բեռնված երկրորդ ինքնաթիռը։


17։48- Արմավիրի մարզում և Երևանի Նոր Նորք վարչական շրջանում վաղ առավոտից դիտարկվել են ավելի քան ինը տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ: Հայտնաբերվել են առավել կրկնվող հետևյալ բնույթի խախտումներ՝ երթուղիներում ախտահանիչ հեղուկի բացակայություն, գերբեռնված փոխադրում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի վարորդ, կանգնած ուղևոր։ Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի վարորդ։ Կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: [ՔՏՀԱՏՄ]

 

17:28-  ՍԱՏՄ-ն այսօր ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Արմավիրի մարզում: Խախտումների նվազումը նկատելի էր, այնուհանդերձ մի շարք տնտեսավարողների մոտ բացթողումներ հայտնաբերվել են՝ հիմնականում կապված գրանցամատյանների թերի լրացման հետ: Այսօր նաև ՀՀ ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մի քանի տասնյակ սննդի շղթայում գործող կազմակերպությունների գործունեությունը: [ՍԱՏՄ]

 

16:24- Լրատվամիջոցներն անդրադարձել են Բրիտանիայում անցկացված կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքներին, ըստ որի` դեքսամեթազոն դեղամիջոցով բուժումը կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդների կյանքը: Նախարարությունը ստացել է ահազանգեր, որ քաղաքացիները ձեռք են բերում դեղամիջոցը` առանց բժշկի նշանակման և ցուցման: Դեքսամեթազոն պարունակող դեղերը գրանցված են որպես դեղատոմսով տրվող դեղեր, ավելին` դրանք ունեն իմունային համակարգն ընկճող ազդեցություն, որի արդյունքում թաքնված վարակները կարող են ակտիվանալ կամ առկա վարակները կարող են սրվել։ [ԱՆ]

 

15:03-  Հունիսի 18-ի դրությամբ՝ Ռուսաստանից կազմակերպվող չարտերային չվերթներով Հայաստան վերադառնալու համար դիմում-հայտ ներկայացրած քաղաքացիների թիվը գերազանցել է 25 հազ․100-ը։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]

 

13:58- Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 225 բնակիչ։ 33 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 15 դեպք։ Մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1103 քաղաքացի։ [Շիրակի մարզպետարան]

 

13:51- Հունիսի 19-ին Լեհաստանից Հայաստան ուղևորվեց լեհական մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը։ Օգնության խմբաքանակում ներառված են 20000 բժկական դիմակ, 2400 դիմային պաշտպանիչ վահան և 2700 լիտր ձեռքի և երեսի ախտահանիչ հեղուկ։ [Լեհաստանում ՀՀ դեսպանություն]

 

13:17- Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 1446 է, որոնցից 538-ը՝ առողջացած, 28-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 880 քաղաքացի: [Արարատի մարզպետ]

 

12:30- Կորոնավիուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակում խորհուրդ չի տրվում իրականացնել մակերեսների կամ փակ տարածքների մշակում մանրակաթիլային  ցողման, ինչպես նաև աէրոզոլային ախտահանման միջոցներով։ Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում ախտահանիչ նյութերով մարդկանց ցողել օրինակ՝ ախտահանիչ թունելներում, վրաններում և խցիկներում։ [ԱՀԿ] 

 

12:12-  Այսօր առաջնայինը պայքարն է մարդկանց կյանքի և առողջության համար: Մեզ համար կարևորագույն հարցեր են դառնում Covid-19-ի դեմ պայքարի ռազմավարության, ճգնաժամի կառավարման և բժշկական անձնակազմի համալրման հարցերը: Այսօր և կորոնավիրուսից հետո պետք է գիտակցենք, որ առողջապահությունը և առողջությունը համաշխարհային մասշտաբով և նաև Հայաստանում դառնում են առաջնահերթ [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան]

 

11:53- Այս հարկադրված միջոցառումն անում ենք մեր մանկապարտեզների աշխատակիցների ու երեխաների անվտանգությունից դրդված. «սովորական» ժամանակներում մանկապարտեզներում աշխատում է շուրջ 4500 մարդ, այս միջոցառման շնորհիվ նրանց մեծ մասը տանը կմնա (իհարկե, շարունակելով վճարվել), հերթապահ մանկապարտեզներում կաշխատի մոտ 500 մարդ: [Երևանի փոխքաղաքապետը՝  յուրաքանչյուր վ/շ-ում երկուական մանկապարտեզ թողնելու որոշման մասին]

 

11:02- ԱՀ-ում կորոնավիրուսային վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս երկու կոնտակտավոր բնակիչների մոտ: Վարակվածների ընդհանուր թիվն 96 է։ Այս պահին մեկուսացված է 93 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1553 թեստավորում: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10:55-  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) և 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]

 

10:51- Հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19157 դեպք, որոնցից 8266-ն` առողջացած, 319-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10462 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 91943 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 459 նոր դեպք և 706 առողջացած։ 

 

10:32- ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող համերգային կազմակերպությունները հանդես են գալիս առցանց համերգներով. այդպիսով, երաժշտախմբերը բոլորի անունից երախտագիտություն են հայտնում այս օրերին բազմաթիվ կյանքերի համար պայքարող բուժաշխատողներին: Համերգների ընթացքում պահպանվում են պարետի ցուցումներին համապատասխան անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։ [ԿԳՄՍՆ] 

 

10:28- Շիաուլյայի օդանավակայանում տեղի ունեցավ Լիտվայի կառավարության կողմից Հայաստան ուղարկվող բուժանձնակազմի և բժշկական օգնության ճանապարհման արարողությունը։ 8 բուժաշխատողից ու 3 մասնագետից բացի՝ Հայաստան է ուղարկվելու նաև կորոնավիրուսի 30 000 հատ տեստ և 60 000 օրինակ փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20 000 հատ օդափոխիչի զտիչ։ [Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանություն]

 

09։29- Կանչերի գրանցման 1-03 համակարգը ծանրաբեռնված է, ստացվող բազմաթիվ կանչերի պատճառով: Ներկա դրությամբ համակարգի կանչեր ընդունելու հնարավորությունը միևնույն պահին 6 կանչ է, միևնույն պահին 7 և ավելի զանգերի դեպքում 1-03 կարճ համարը զբաղված է: 1-03 կանչերի ընդունման համակարգի հզորացման համար դիմել ենք «Վեոն Արմենիա» ընկերությանը: 3-4 օրվա ընթացքում համակարգը 6 կանչի փոխարեն հնարավորություն կունենա ընդունել 14 կանչ:  [«Շտապբուժօգնություն» ՓԲԸ]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․06․20 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․06․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել