Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը
Խորհրդային Միությունից անկախանալուց հետո Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրությունն ընդունվեց 1995 թվականին։ Սահմանադրության 7-րդ գլուխը սահմանում էր, որ ՀՀ վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Մարզերը կազմված են գյուղական և քաղաքային համայնքներից: Համայնքներում իրականացվում է տեղական ինքնակառավարում (ՀՀ Սահմանադրություն, 1995 թ, գլուխ 7, հոդված 104-105):
1995թ․ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը։ Հայաստանը բաժանվեց 10 մարզերի («Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենք, 1995 թ․, հոդված 2) և 931 համայնքների: Մայրաքաղաք Երևանը ևս ստացավ մարզի կարգավիճակ: 2005 թ․ սահմանադրական փոփոխություններից հետո Երևանին տրվեց համայնքի կարգավիճակ (ՀՀ Սահմանադրություն, 2005 թ․, գլուխ 7, հոդված 108)։
Համայնքների խոշորացո՞ւմ թե՞ միջհամայնքային
միավորումների ստեղծում
2011թ․ Հայաստանի Հանրապետության՝ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ներկայացրեց «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգ։
Հայեցակարգում նշվում էր, որ Հայաստանի 915 համայնքներից 866-ը գյուղական են, որոնց մեծամասնությունում բնակչությանը տրամադրվող ծառայություններից շատերը կա՛մ իրականացվում են ցածր մակարդակով, կա՛մ էլ ընդհանրապես չեն իրականացվում: Ըստ փաստաթղթի՝ գյուղական համայնքներում հիմնական կենսապահովման ծառայությունների վիճակը գնալով վատանում էր, ինչն էլ բերում էր գյուղական բնակավայրերից բնակչության լրացուցիչ արտահոսքի:
«Մեր հանրապետությունում համայնքներից շատերի ֆինանսական հնարավորությունները բավարար չեն տեղական ինքնակառավարումն արդյունավետ իրականացնելու և բնակչությանը անհրաժեշտ ծառայությունները մատուցելու համար»,- նշվում էր հայեցակարգում:
Այսպիսով, առաջարկվում էր խնդիրների լուծման երկու հնարավոր տարբերակ․
Համայնքների խոշորացման դեպքում վարչատարածքային բարեփոխումներ էին տեղի ունենալու, և իրականացվելու էր համայնքների միավորման գործընթաց, ինչի արդյունքում հանրապետությունում համայնքների թիվը կրճատվելու էր։
«Ինչքան մեծանում են ծառայությունների մատուցման ծավալները, այնքան փոքրանում է միավոր ծառայության մատուցման ինքնարժեքը: Այս դրույթը միջազգային պրակտիկայում ընդունված է անվանել «մասշտաբի էֆեկտ», որը համայնքների խոշորացման տարբերակում նշանակում է՝ ինչքան մեծ են համայնքները, այնքան էժան կարող են լինել համայնքի մատուցած ծառայությունները»,- նշվում էր նախկին Տարածքային կառավարման նախարարության՝ 2013թ․ «Համայնքների խոշորացումը` որպես Հայաստանի վարչատարածքային բաժանման օպտիմալացման միջոց» աշխատանքային տեղեկանքում, որը հիմնված էր կառավարության ներկայացրած հայեցակարգի վրա:
Համայնքների խոշորացման դեպքում ակնկալվող դրական արդյունքներից մեկն էլ այն էր, որ նոր ստեղծված համայնքի աշխատակազմի թվաքանակը զգալիորեն ավելի քիչ էր լինելու, քան այդ համայնքի կազմի մեջ միավորված նախկին համայնքների աշխատակազմերի հանրագումարային թվաքանակը:
«Դա հնարավորություն կտա օրենքով սահմանված շրջանակներում տնտեսված միջոցների հաշվին ավելի բարձր աշխատավարձեր առաջարկել համայնքային ծառայողներին` խթանելով որակյալ ծառայողների մուտքը համայնքի աշխատակազմ: Բացի դրանից՝ զգալիորեն կկրճատվեն նաև ապարատի պահպանման ծախսերը, որի արդյունքում կավելանան բնակչությանը ծառայություններ մատուցելուն ուղղված ֆինանսական միջոցների չափերը»,- նշվում էր կառավարության հայեցակարգում:
Լուծման հաջորդ տարբերակը միջհամայնքային միավորումների ստեղծումն էր։ Միջհամայնքային համագործակցությունը վերաբերում է երկու կամ ավելի հարևան համայնքների կողմից համատեղ գործունեությանը՝ համայնքային վարչական խնդիրների, համայնքային ծառայությունների և տեղական զարգացման ոլորտներում, որը հնարավորություն է ընձեռում այդ գործընթացներն իրականացնել ավելի արդյունավետ, քան համայնքները դա կանեին առանձին:
Այսինքն, եթե առաջին դեպքում համայնքները միանալու էին, երկրորդ դեպքում պահպանվելու էին, բայց որոշ ծառայություններ իրականացնելու էին միասին։
ՀՀ կառավարության հետագա գործողություններից պարզ դարձավ, որ Հայաստանում մեկնարկելու է համայնքների խոշորացման գործընթաց։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, համայնքային զարգացման և ՏԻՄ փորձագետ Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ միջհամայնքային միավորումները չեն հակասում խոշորացմանը, խոշորացված համայնքները ևս կարող են միավորվել ինչ-որ ծրագրերի շուրջ։
«Ես սկզբունքորեն միշտ կողմնակից եմ եղել համայնքների խոշորացմանը, բայց ներկա պահին վերապահումներ ունեմ խոշորացման գործընթացի վերաբերյալ։ Այն, ինչ կատարվել է մինչև հիմա, սկզբունքորեն ամենը ճիշտ է, բայց եթե մենք գործնականում տեսնենք, թե ինչ է կատարվել այս ընթացքում, և արդյո՞ք արդյունավետ էր համայնքների խոշորացումը այս փուլում, ապա ես միանշանակ չեմ կարող ասել՝ այո»,- նշում է նա։
Համայնքների խոշորացման սցենարները
2013-ին տարածքային կառավարման նախարարությունն իր աշխատանքային տեղեկանքում առաջարկում էր համայնքների խոշորացման երկու սցենար՝ խոշորացում՝ ըստ համայնքների փնջերի (1-ին սցենար), և խոշորացում՝ ըստ նախկին շրջանների տարածքների (2-րդ սցենար)։
1-ին սցենարի հիմքում ընկած էր կառավարության՝ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգը։ Որպես համայնքների խոշորացման կարևոր սկզբունքներ՝ հայեցակարգում ներառված էին տնտեսական նպատակահարմարությունը, բնակչությանը ծառայություններ մատուցելու հնարավորության ապահովումը, բնակչության համար հանրային ծառայություններից օգտվելու հասանելիությունը, ՏԻՄ-երի ինքնուրույնության ապահովումը և այլն:
2-րդ սցենարի դեպքում նախատեսվում էր ունենալ`
Օլեգ Դուլգարյանը կողմ է խոշորացման շրջանային սցենարին։ Նրա խոսքով` համայնքների խոշորացման արդյունքում Հայաստանում ձևավորվել են անտրամաբանական փնջեր․ մի համայնքում 7 բնակավայր է ընդգրկված, մյուսում՝ 3։
«Ես ավելի շատ կողմնակից եմ այնպիսի մոտեցման, որը չարաշահումների տեղիք, հնարավորություն չէր տա, իսկ փնջային տարբերակը մեզ թույլ տվեց այն, որ մենք նաև ըստ ցանկությունների կազմեցինք այդ փնջերը»,- նշում է նա։
Տեղական հանրաքվեները՝ համայնքների խոշորացման ժամանակ
Մինչև 2015թ․ սահմանադրական բարեփոխումները ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխի 110-րդ հոդվածում ասվում էր․
«Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Ազգային ժողովը համապատասխան օրենքն ընդունում է կառավարության առաջարկով: Մինչև օրենսդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ: Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը։ Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքից»։
Այն ժամանակվա Սահմանադրությամբ, փաստորեն, համայնքները միավորելիս կամ բաժանելիս դրանցում տեղական հանրքավեներ անցկացնելու միջոցով բնակիչների կարծիքը լսելը պարտադիր էր։ Բայց քանի որ այդ տեղական հանրաքվեներն ունեին խորհրդատվական բնույթ, անկախ դրանց արդյունքներից՝ համայնքները կարող էին միավորվել կամ բաժանվել։
2015թ․ մայիսի 17-ին տեղական հանրաքվեներ անցկացվեցին Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի այն համայնքներում, որոնք կառավարությունը մտադիր էր խոշորացնել։
Լոռու մարզում պատկերը հետևյալն էր․ մասնակցայնության առումով ամենաակտիվն Աթան համայնքն էր, որտեղ տեղական հանրաքվեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 47,14 %-ը, իսկ ամենապասիվը Լորուտն էր, որտեղ տեղական հանրքավեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 34,12 %-ը։
Տեղական հանրաքվեների արդյունքում մարզի 7 համայնքներից 4-ում բնակչության մեծամասնությունը խոշորացմանն ասաց «այո», 3 համայնքում՝ «ոչ»։
Սյունիքի մարզում ունեինք այսպիսի պատկեր․ մասնակցայնության առումով ամենաակտիվը Քաշունին էր, որտեղ տեղական հանրաքվեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 88,89 %-ը, իսկ ամենապասիվը Հալիձորն էր, որտեղ տեղական հանրաքվեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 51,69 %-ը։
Մարզի բոլոր համայնքներում, որտեղ տեղական հանրաքվե էր անցկացվել, բնակչության մեծամասնությունն «այո» ասաց խոշորացմանը։
Տավուշի մարզում պատկերն այսպիսին էր․ մասնակցայնության առումով ամենաակտիվը Աղավնավանքն էր, որտեղ տեղական հանրաքվեին մասնակեց ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 59,55 %-ը, իսկ ամենապասիվը Հաղարծինն էր, որտեղ մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակչների 24,41 %-ը։
Տեղական հանրաքվեների արդյունքում մարզի 7 համայնքից 4-ն «այո» ասաց խոշորացմանը, 3-ը՝ «ոչ»։
2015-ի դեկտեմբերի վարչատարածքային բարեփոխումներով համայնքները, որտեղ անցկացվել էին տեղական հանրաքվեներ, խոշորացվեցին․
2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրությունից հանվեց այն դրույթը, համաձայն որի՝ համայնքները խոշորացնելիս տեղական հանրաքվեներ պետք է անցկացվեն։ Սահմանդրության 190-րդ հոդվածում նշվում է միայն հետևյալը․
«Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։
Համայնքների խոշորացման հետագա գործընթացը
2016-ի հունիսի վարչատարածքային փոփոխություններից առաջ տեղական հանրաքվեներ չանցկացվեցին, քանի որ օրենքն այլևս դա չէր պահանջում։ Խոշորացումներ իրականացվեցին Արարատի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում։
Վարչատարածքային հաջորդ բարեփոխումն իրականացվեց 2017-ի հունիսին։ Խոշորացումներ կատարվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում։
Համայնքային փնջերում ներառված բնակավայրերի թիվը խոշորացված համայնքներում բավականին տարբեր է․ օրինակ, Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում ներառված է միանգամից 38 բնակավայր, Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում՝ 19 բնակավայր, Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքում՝ 9 բնակավայր, իսկ ահա Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայքնում՝ 3 բնակավայր։
Նոր կառավարության դիրքորոշումը
2018-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, որոնք ստացան Թավշյա հեղափոխություն անվանումը, Հայաստանում ձևավորվեց նոր կառավարություն, վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ 2018-ին Սյունիքի մարզ աշխատանքային այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համայնքների խոշորացման հարցին, նշել էր․
«Մենք մի իրավիճակ ունենք, որ բազմաթիվ համայնքներ խոշորացվել են։ Պետք է մի պահ դադար առնել ու տեսնել՝ ինչ արդյունքներ են գրանցվել խոշորացված համայնքներում ու գրանցվո՞ւմ են արդյոք։ Մեր կառավարությունը պարտավորվում է առանց համայնքների համաձայնության՝ ՀՀ-ում խոշորացման որևէ գործընթաց չանել»։
2019-ի մարտին նախկին Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովի քննարկումներից մեկի ժամանակ ասել էր․
«Խոշորացմանը մենք վերաբերվում ենք դրական, քանի որ ունենք համայնքներ, որտեղ խոշորացումը իրավամբ տվել է այն արդյունքները, որ սպասելի էին։ Այդպիսին են այն համայնքները, որոնց հետ կառավարությունը ժամանակին հաշվի է նստել, եղել են քննարկումներ, եղել են տնտեսական հաշվարկներ։ Խոշորացման գործընթացը հաճախ տեղի է ունեցել՝ ելնելով մեկ քաղաքական ուժի նպատակահարմարություններից, այսինքն՝ դրանք երբեմն արհեստական բնույթ են կրել։ Միևնույն ժամանակ ուզում եմ կարևորել, որ երբ ուշադրություն ենք դարձնում տնտեսական հատվածին, այն է՝ համայնքների ունակությանը, նրանց պոտենցիալին, կարևոր է դառնում նրանց ունակությունների, նրանց տնտեսական պոտենցիալի համալրումը և ճիշտ կառավարումը»։
Նախարար Պապիկյանը նշել էր, որ այդ աշնանը կարող էր տեղի ունենալ խոշորացման հաջորդ փուլը, եթե տվյալ համայնքների հանրությունը տար իր համաձայնությունը։
«Ընդհանուր տարածքային կառավարման մեր տեսլականում զարգացումը հետևյալն է․ մենք պետք է ունենանք ավելի պակաս թվով համայնքներ, որոնք տնտեսապես ունակ կլինեն լուծելու իրենց խնդիրները և կառավարության աջակցությամբ կկարողնան ավելի լավ արդյունքներ արձանագրել, քան այսօր։ Մեզ անհրաժեշտ են տնտեսապես կայուն, ունակ համայնքներ, որովհետև փոքր համայնքներն իրենց խնդիրները չեն կարողանում լուծել, և միակ հույսը կառավարության կողմից տրվող դոտացիաներն են»,- ասել էր նա։
Համայնքների խոշորացման ժամանակ տեղական հանրաքվե անցկացնելու պրակտիկայի վերականգնումը
2019-ի աշնանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Վարազդատ Կարապետյանը և Վահե Ղալումյանը հեղինակեցին ««Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։
Նախագծի հիմնավորման մեջ խոսվում էր 2015-ի սահմանադրական փոփոխությունների մասին, որոնցից հետո Սահմանադրությունից հանվեց համայնքների խոշորացման ժամանակ տեղական հանրաքվեներ անցկացնելու պահանջը։
«Փաստորեն, գործող Սահմանադրությունը համայնքների կարծիքը պարտադիր լսելու պարտավորությունը վերապահել է ոչ թե գործադիր իշխանությանը, այլ օրենսդիր մարմնին, սակայն առանց տեղական հանրաքվե անցկացնելու պայմանի: Տեղական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ սահմանադրական համապատասխան նորմի բացակայությունն ի սկզբանե կանխորոշում է համայնքների կարծիքը լսելու այլ ձևաչափեր սահմանելու անհրաժեշտությունը»,- նշվում էր հիմնավորման մեջ։
Ըստ դրա՝ նոր Սահմանադրությամբ համայնքների միավորման կամ բաժանման ժամանակ հանրության կարծիքը լսելու պարտավորությունը դրված է ԱԺ-ի վրա, իսկ ըստ օրենսդրական կարգավորումների՝ ԱԺ-ն, բացի խորհրդարանական լսումներ կազմակերպելուց, այլ եղանակով չի կարող լսել համայնքների կարծիքը։
Նախագծով առաջարկվում էր «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարել և սահմանել, որ համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի միավորման կամ բաժանման հարցը: Միաժամանակ առաջարկվում էր սահմանել, որ միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրելու են խորհրդատվական բնույթ:
Փաստորեն, ինչպես 2015-ի սահմանադրական փոփոխություններից առաջ, համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվեների արդյունքները կրելու էին միայն խորհրդատվական բնույթ։ Բայց, ի տարբերություն մինչև 2015թ․ գործող կարգավորումների, համայնքները միավորելիս կամ բաժանելիս տեղական հանրաքվեների անցկացումը պարտադիր չէր լինելու։
«Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը ևս մեկ լրացուցիչ ինստիտուցիոնալ գործիքի միջոցով կհամապատասխանեցվի «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» դրույթներին: Մասնավորապես՝ խարտիայի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ համայնքների տարածքային սահմանազատումների ցանկացած փոփոխություն չպետք է կատարվի առանց նախապես խորհրդակցելու տեղական շահագրգիռ համայնքների հետ, հնարավորության դեպքում՝ նաև հանրաքվե անցկացնելու միջոցով (եթե թույլատրված է օրենքով)»,- նշվում էր նախագծի հիմնավորման մեջ։
Վարազդատ Կարապետյանի և Վահե Ղալումյանի՝ ԱԺ-ում ընդունված նախագիծը ՀՀ նախագահը ստորագրեց 2019-ի դեկտեմբերի 26-ին։
2020 թ․ փետրվարի 6-ի նիստին կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Փաթեթով առաջարկվում էր իրականացնել համայնքների միավորման 2 ծրագիր՝ Լոռու մարզի Լերմոնտովո և Տավուշի մարզի Իջևան համայնքային փնջերում:
Նիստի ընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու է համայնքների խոշորացումից առաջ անցկացվող տեղական հանրաքվեն ոչ պարտադիր, նշեց․
«Քանի որ հանրաքվե անցկացնելը որոշակի բեռ է համայնքային բյուջեի վրա, հարց առաջացավ՝ իսկ ինչո՞ւ ենք մենք պարտադրում հանրաքվե, եթե կարող է լինել դեպք, երբ առարկություն չկա խոշորացման վերաբերյալ: Այսինքն՝ կստացվեր, որ նույնիսկ այն դեպքերում, երբ առարկություն չկա, մենք համայնքին պարտադրում ենք սեփական միջոցները ծախսել հարցի ակնհայտ պատասխան ստանալու վրա: Եվ, հետևաբար, մենք որոշեցինք չգնալ այս ճանապարհով, այլ գնալ մի փոքր այլ ճանապարհով: Երբ մենք հայտարարում ենք խոշորացման վերաբերյալ կառավարության մտադրության մասին, հայտարարում ենք համայնքների փունջը, այն համայնքում, որտեղ կա առարկություն, կարող են քաղաքացիներն իրենք նախաձեռնել հանրաքվե: Եվ երբ հանրաքվեն նախաձեռնվում է, և դե յուրե արձանագրվում է, որ համայնքի մեծամասնությունը դեմ է խոշորացմանը, մենք այդ կարծիքը հաշվի ենք առնում, և, ինչպես ասել ենք, նման պարագայում ձեռնպահ կմնանք խոշորացումից»։
Օլեգ Դուլգարյանը կարծում է, որ համայնքների խոշորացումից առաջ տեղական հանրաքվե կազմակերպելու հնարավորությունը կդժվարացնի խոշորացման գործընթացը, քանի որ այդ դեպքում ամեն ինչ կախված կլինի խոշորացվելիք համայնքների ղեկավարների դիրքորոշումներից։
«Ես գիտեմ Հայաստանում համայնքներ, որտեղ խոշորացման դեմ շատ խիստ արտահայտված ներքին պայքար է գնում, և դրանց հիմնական գաղափարախոսները տեղի համայնքների ղեկավարներն են։ Կարծում եմ, որ մեծամասամբ նման հանրաքվեների դեպքում մարդիկ կասեն՝ ոչ, նախևառաջ, որովհետև մենք արդեն իսկ նախկինում խոշորացված համայնքներում չունենք շատ մեծ առաջընթացներ, ձեռքբերումներ, որպեսզի ցույց տանք հանրությանը՝ «տեսե՛ք, խոշորացումը լավ է», և երկրորդը՝ մենք համայնքներում, որոնք պետք է խոշորացվեն, ունենք փոքր իշխանիկներ, որոնք 10-15 տարուց ավելի եղել են այնպիսի համայնքապետ, որ նույնիսկ իրենց համայնքի բնակիչները տեղյակ չեն իրենց համայնքի բյուջեի չափի մասին։ Այդքան կարծրացած և փակ համայնքներ ունենք։ Տվյալ համայնքներում ղեկավարները մեծ մանիպուլյատիվ գործիքներ ունեն և այդ գործիքը կիրառելու են, որ բնակչությունն ասի՝ ոչ։
««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օերնքը ԱԺ-ում ընդունվելուց հետո ստորագրվեց այս տարվա ապրիլի 29-ին։ Իրականացվեցին հետևյալ փոփոխությունները․
Աննա Սահակյան
comment.count (0)