Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 29․06․20 (թարմացվող)
22:57 - 29 հունիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 29․06․20 (թարմացվող)

22։36- Հունիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, եւս 6 հոգի առողջացել է։ [Գեղարքունիքի մարզպետարան]

 

21։40- Պատիվ եմ ունեցել հանդիպել հայ կոլեգաներիս, որոնք շատ կոմպետենտ են, սակայն շատ ուժասպառ են այս պահին: Ստեղծված իրավիճակում կկրկնեմ վարչապետի ասածը՝ պահպանել հակահամաճարակային կանոնները, որոնք պարզ  են և կիրառվում են ամբողջ աշխարհում: Կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել ֆիզիկական, սոցիալական հեռավորությունը: Սրանք են այդ պարզ կանոնները, որոնք մեզ կկարողանան փրկել: [Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Լորան Փափազյան] |armtimes.com|

 

21։10- Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման 127 դեպք, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումը կառաջացնի քրեաիրավական հետևանքներ, եթե այդ կանոնների խախտման պատճառով առաջացել է անձի վարակում, անզգուշությամբ ծանր վնաս է պատճառվել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացել է երկու կամ ավելի անձանց վարակում կամ անզգուշությամբ առաջացել է մարդու մահ։ [ՀՀ ոստիկանություն]

 

20։53- Այս վարակը խանգարում է մի շարք օրգանների աշխատանքին: Այն թույլ չի տալիս, որ արյունը մատակարարվի ոչ միայն թոքեր, այլև երիկամներ, սիրտ, կենտրոնական նյարդային համակարգ: Ինչը կարող է հանգեցնել ինսուլտի։ [ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատո Նարինա Սարգսյանցը՝ կորոնավիրուսի մասին] |armenpress.am|

 

19։51-  Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը նվազեցնելու նպատակով մարտի 18-ից աշխատում է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային տարբերակով: Խնդրում ենք Ձեր գրությունները, դիմումները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեներին՝ [email protected], [email protected]։ [ԱԻՆ]

 

19։30- ՀՀ-ում հունիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանցից 123-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 529-ինը՝ ծանր։ 1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր։ [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

 

19։02- Ի հեճուկս ՀՀ-ում տիրող համաճարակային իրավիճակի՝ նույնիսկ սոցիալական ցանցերի շատ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ հակահամաճարակային շարժում սկսելու և վարքագիծ դրսևորելու անհրաժեշտության պարագայում բազմաթիվ հայրենակիցներ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում։ Շաբաթ  և կիրակի օրերին մենք ականատես ենք եղել ամառանոցային խնջույքների, զանգվածային ուխտագնացությունների տեսարանների։ Ի հեճուկս այն բանի, որ բազմաթիվ կազմակերպությունների կողմից արված են սոցիալական հեռավորություն պահելու գծանշումներ, դրանք չեն օգտագործվում։ [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

 

17:18- ՔՏՀԱՏՄ աշխատակիցների` Նոր Նորքում իրականացրած դիտարկման ընթացքում հայտնաբերվել են մի քանի գերբեռնված տրանսպորտային միջոցներ․ մասնավորապես՝ կանգնած ուղևորներ, ինչպես նաև նստարանների թվաքանակից ավել նստեցումով փոխադրման դեպքեր։ Մարդատար տաքսի ավտոմոբիլների դեպքում հայտնաբերվել են առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդներ: [ՔՏՀԱՏՄ]

 

17:08- Երևանի Կենդանաբանական այգում ԲԸՏՄ-ի և ՀՀ ոստիկանության իրականացրած շրջայցի արդյունքներով տոմսարկղում անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չեն արձանագրվել։ Այցելուները պահպանել են սոցիալական հեռավորությունը։ Տեղում իրականացվել է ջերմաչափում և ձեռքերի ախտահանում։ [ԲԸՏՄ]

 

17:00- Նորքի տուն-ինտերնատից միայն մեկ հոգի է դեռ հիվանդանոցային բուժում ստանում, մյուսներն արդեն վերադարձել են հաստատություն: Խնամյալներից, վերջին տվյալներով, թեստի դրական արդյունքով ունենք 129 հոգի, որոնց մի մասը, որոնք ասիմպտոմ են, մնացել են հաստատությունում, մի քանի հոգու, որոնց ջերմությունը մի փոքր բարձրացել է, տեղափոխել ենք Աղավնաձորի մեր հաստատություն: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար] |armenpress.am|

 

16:20- «Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են: Մանկատանը հաստատվել էր 15 դեպք՝ 9 երեխա և 6 դայակ։ [ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]

 

14:33- Հունիսի 29-ի դրությամբ Շիրակի մարզում կորոնավիրուսից մահվան 21 դեպք է արձանագրվել: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում: Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի. նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա: [Շիրակի մարզպետարան]

 

13:52- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել առողջապահական ոլորտի մասնագետների հետ: Քննարկումների ընթացքում խոսվել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով մեր երկրում ստեղծված իրավիճակի, առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության, առողջապահական համակարգի արձագանքի ու որդեգրած ռազմավարության մասին: Մասնագետները ներկայացրել են իրենց առաջարկները:

 

13:42- Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է եղել, բայց ինձ շատ լավ եմ զգում: Հիմա հիվանդանոցում հետազոտություն եմ անցնում: [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյան] |armenpress.am|

 

12:46- Արցախում տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների փաստացի շահառու է հանդիսացել 1447 հարկ վճարող` 76.7 մլն դրամ գումարի չափով: Միջոցառումն ընդգրկում է միանվագ դրամաշնորհի տրամադրում` ուղղված գործատուների կողմից արդյունավետ աշխատատեղերի պահպանմանը, և միանվագ դրամական աջակցության տրամադրում` ուղղված փոքր ձեռնարկատիրության գործունեության շարունակականության ապահովմանը: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]

 

11:01- Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ COVID-19 թեստիս պատասխանը բացասական է։ [ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան]

 

10:56- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10:47- Թարմացվել է  29.06.2020թ․

  • Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -25127 (+482)
  • Առողջացածներ - 13297 (+181)
  • Փաստացի բուժվողներ -11254 (-290)
  • Ընդհանուր թեստեր - 110571 (+1398)
  • Մահվան ելքեր - 433 (+7)
  • Մահվան ելքեր այլ պատճառով –143 (+4) [ՀՀ ԱՆ]

 

10:36- Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուսային նոր հիվանդություն չի ախտորոշվել։ [Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ]

 

09:56- ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը ՀՀ ԱՆ-ին տրամադրեց շարժական ռենտգեն սարք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսի դրական ախտորոշում ունեցող պացիենտների բուժման ընթացքում օգտագործելու համար։ [ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելություն]

 

09:17- Վերջին 3 օրերի ընթացքում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց դիմելիությունը մի փոքր նվազել է: Հույս ունեմ, որ սա արդեն նվազման միտումի է տանում: Եթե դրական թեստերի թիվը բարձր է, սակայն մի մասը չունի հիվանդանոցային բուժման կարիք, բնականաբար հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը ևս իջնելու է: [«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան] |azatutyun.am|

 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 29․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․06․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել