Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 29․06․20 (թարմացվող)
22:55 - 29 հունիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 29․06․20 (թարմացվող)

21։17- Ճապոնիայում մեկ օրում հաստավել է կորոնավիրուսային հիվանդության 110 նոր դեպք։ Նրանց կեսից ավելին հայտնաբերվել է երկրի մայրաքաղաք Տոկիոյում։ Երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 19 343 մարդ։ Ընդհանուր առմամբ մահացել է 985 քաղաքացի, 44 հոգու վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր։ Առողջացել է 17 215 քաղաքացի։ |armenpress.am|

 

17:23- Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Թուրքմենստանի իշխանություններին հրապարակել երկրում կորոնավիրուսով վարակվածներին վերաբերող վիճակագրությունը. տեղեկատվության պակասը վտանգում է երկրի բնակչության կյանքն ու առողջությունը: Թուրքմենստանի իշխանությունները պնդում են, որ երկրում կորոնավիրուսով վարակվածներ չկան, և պաշտոնապես արգելել են արտաբերել «կորոնավիրուս» բառը: |azatutyun.am|

 

16:03- Ադրբեջանում կարանտինային ռեժիմի ընթացքում անհատական պաշտպանության միջոցներ չօգտագործելու համար տուգանքները կրկնապատկվել են: Որոշումը կայացվել է երկրի խորհրդարանի` հունիսի 29-ի արտահերթ նիստում: |tert.am|

 

15:28- Իրանում կորոնավիրուսի՝ հունիսի 29-ի վիճակագրական տվյալները.

  • Վարակակիրների թիվն ավելացել է 2.536-ով
    Ընդհանուր՝ 225.205
  • Մահացածների թիվն ավելացել է 162-ով
    Ընդհանուր՝ 10.670
  • Ապաքինվածների թիվն ավելացել է 2.879-ով
    Ընդհանուր՝ 186.180 [Իրանում ՀՀ դեսպանություն]

 

13:11-  ԱՀԿ եվրոպական բյուրոն բժշկական նշանակության օգնություն է ուղարկել Ադրբեջան, Բելառուս և Ուկրաինա՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Ֆինանսական միջոցները հատկացրել է ԵՄ-ն: Առաջիկայում նույն օգնությունը կհատկացվի նաև ԵՄ Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին և Մոլդովային: |azatutyun.am|

 

12:31- Չինաստանում անցած մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 12 նոր եւ ասիմպտոն վարակակիրների 6 դեպք: Հիվանդանոցներից դուրս է գրվել 9 պացիենտ: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 83 512 է: |news.am|

 

11:08- Հունիսի 29-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 2 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 926 է: Հիվանդությունից բուժվել է ևս 6 պացիենտ: |aliq.ge|

 

10:05- Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 10,1 միլիոն մարդ, մահացածների թիվը մոտենում է 502 հազարին, ապաքինվել է ավելի քան 5,1 միլիոնը: Վերջին մեկ շաբաթում ամենամեծ աճը գրանցվել է ԱՄՆ-ում, Բրազիլիան երկրորդն է: Նոր դեպքերի թվի կտրուկ աճ է գրանցվում Կենտրոնական և Հարավային Ամերիկայում: |azatutyun.am|

 

09:26- Քաղաքացիություն չունեցող անձանց՝ Վրաստանում  գտնվելու օրինական ժամկետը մեկ ամսով երկարաձգվել է: Խոսքն այն անձանց մասին է, որոնք մարտի 14-ի դրությամբ օրինական են գտնվել Վրաստանում և մինչ օրս չեն կարողացել լքել երկիրը: Տվյալ անձը պարտավոր է ներկայացնել փաստաթուղթ այն հանգամանքի մասին, որից ելնելով՝ ստիպված է մնալ Վրաստանի տարածքում: Ընդ որում՝ այս ընթացքում երկրում գտնվելը չի կարող կեցության իրավունք ստանալու հիմք լինել: |aliq.ge|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 29․06․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․06․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել