armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նպատակահարմար չի համարում կորոնավիրուսի ընթացքում դրա դեմ պայքարի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի ստեղծումը: Այս մասին ասաց Զեյնալյանը, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբացությունների ներկայացրած դիմումի մասին հարցին:

«Այս պահին, կարծում եմ, նպատակահարմար չէ (խմբ. հանձնաժողովի ստեղծումը), որովհետև դեռ գործընթացները շարունակվում են, ընթացքի մեջ է կորոնավիրուսի համավարակը: Ինչը քննելու մասին է խոսքը, չգիտեմ, թե ինչ հիմնավորումներ են ներկայացրել, տեղյակ չեմ դեռ, բայց կարծում եմ, որ, եթե, նույնիսկ, կարիքը լինի դրա, պետք է համավարակի ավարտից հետո արվի»,- ասաց Զեյնալյանը:

Այն դիտարկմանը, թե հանձնաժողովը, հավանաբար, կստեղծվի սեպտեմբերին, արդյոք այդ ժամանակ էլ նպատակահարմար չի լինի դրա ստեղծումը, պատգամավորը նշեց, որ ամեն ինչ կախված է համավարակի ընթացքից:

«Կախված է համավարակի ընթացքից, համավարակը կավարտվի, միգուցե դրա անհրաժեշտությունը լինի կամ չլինի, բայց այս պահին չեմ կարող ասել: Կավարտվի համավարակը, նոր դրա մասին կարող ենք խոսել»,- նշեց նա:

Նարեկ Զեյնալյանը հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունում «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությունը չեն քննարկել:

Հուլիսի 2-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու դիմում են ներկայացրել խորհրդարանի նախագահին: