armtimes.com: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը, մեկնաբանելով իրենց կուսակցության 18-րդ մանդատի վերականգնումը մերժելու մասին ԿԸՀ որոշումը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ԿԸՀ-ն խնդրին մոտեցավ կոնսերվատիվ տեսանկյունից, նայեց, թե տառացի ինչ լիազորություններ ունի:

«Չդիտարկեց այն վիճակը, երբ մի պատգամավոր այլ կուսակցությանը տրված ձայներով ստացած մանդատը ծառայեցնում է այլ կուսակցություն ստեղծելու համար: Սա անընդունելի է, սա հակասում է ժողովրդի կամարտահայտությանը, «Լուսաավոր Հայաստան»-ին տրված ձայներին»,- նկատեց նա:

Շարունակ խոսելով Բաբաջանյանի՝ նոր նախաձեռնություն հիմնելու մասին՝ Խաժակյանը կրկին շեշտեց՝ դա չպետք է լինի այլ կուսակցության հաշվին: Ընդ որում, Խաժակյանը շեշտեց, որ Բաբաջանյանը ամենաքիչ թվով, շուրջ 300 ձայն ստացած պատգամավորն է:

«Եթե գոնե մեծամասնական ընտրակարգով բավարար քվեներ ստացած լիներ, կասեր, որ նա որոշակի էլեկտորալ արժեք ունի, բայց դա էլ չկա»,- ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ԿԸՀ-ն կարող էր գնալ երկու ճանապարհով. կա՛մ հավելյալ մանդատ տրամադրեր, կա՛մ Բաբաջանյանին այս կամ այն կերպ պարտավորեցներ մանդատը վայր դնել:

Թե ինչու են ամիսներ առաջ խմբակցությունից դուրս եկած Բաբաջանյանի մասին նոր հիշել՝ Խաժակյանը նկատեց, որ երբ նա դուրս է եկել խմբակցությունից, առաջարկել են մանդատը վայր դնել, սակայն Բաբաջանյանն ասել է, որ կմտածի:

Խոսելով իրենց հաջորդ քայլերի, ԿԸՀ որոշման բողոքարկման մասին՝ ԼՀԿ ներկայացուցիչն ասաց, որ հաջորդ քայլը կքննարկեն, կորոշեն:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ամիսներ առաջ դուրս է եկել այդ խմբակցությունից՝ դառնալով անկախ պատգամավոր, եւ հիմա ԼՀԿ-ն պահանջում է վերականգնել իրենց 18-րդ մանդատը: