hetq.am: Դեռևս հունիսի սկզբին խորհրդարանն արտահերթ նիստով առաջին ընթերցմամբ ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում էր ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրամադրել մեկուսացած և ինքնամեկուսացած վարձու աշխատողներին:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր, սակայն չէր ստացել Կառավարության դրական եզրակացությունը: Ըստ գործադիրի ներկայացուցչի` հաշվարկները հստակ չէին: Ինչից հետո նախագծի հեղինակն այն տեղափոխել էր գրավոր առաջարկների փուլ:

Նարեկ Զեյնալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագիծն առաջարկների ներկայացման փուլում է, քննարկումներ են իրականացնում Կառավարության հետ, ինչպես  նաև հաշվարկների հստակեցում, անձանց քանակի և ֆինանսական ծախսերի կանխատեսում:

Մեր դիտարկմանը, որ ստացվում է այն մեկուսացած և ինքնամեկուսացած վարձու աշխատողները, որոնք կարող էին օգտվել այս օրենքի փոփոխությունից, եթե այն արդեն իսկ գործեր, այժմ որևէ փոխհատուցում չեն ստանում, Զեյնալյանն ասաց.

«Ժամանակավոր անաշխատունակության փոխհատուցումը վեց ամսվա ընթացքում է իրականացվում, եթե անձն այսօր ժամանակավորապես անաշխատունակ է ճանաչվել, հաջորդիվ վեց ամսվա ընթացքում կարող է այդ փոխհատուցումը ստանալ: Նաև նախագծով հետադարձություն էր նախատեսվում մարտի մեկից ծագած իրավահարաբերությունների վրա, նախնական տարբերակում այդպես էր: Կառավարության հետ քննարկման արդյունքում թե ինչ փոփոխություններ կանենք` կախված հնարավոր ծախսեր մեծությունից, դա արդեն քննարկման արդյունքում կերևա»:

Պատգամավորի հեղինակած փոփոխությունները վերաբերում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքներին:

Զեյնալյանի խոսքով` ամենայն հավանականությամբ նախագիծը երկրորդ ընթերմամբ կներկայացվի մինչ աշնանային նստաշրջան:

Նախագծի` առաջին ընթերցմամբ քննարկմանը` հունիսի 3-ին, Նարեկ Զեյնալյանը հայտնել էլ, որ մինչ այժմ մեկուսացածների թիվը 5000 է, ինքնամեկուսացածներինը` 18 հազար, սակայն հստակ չէ, թե այդ ցանկում քանիսն են վարձու աշխատող:

Հիշեցնենք նաև, որ  ըստ օրենքի` ժամանակավոր անաշխատունակության դեպքում քաղաքացին առաջին օրը չի վարձատրվում, հաջորդ հինգ օրերը վճարում է գործատուն, մյուս օրերը` պետությունը: Հետևաբար, փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում որոշակի ֆինանսական պարտավորություններ կդրվեն նաև գործատուների վրա: