armenpress.am: Կոտայքի մարզի Հրազդան համայնքում օգոստոսի 1-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով զգալի վնաս է կրել 65 տնտեսություն: Հրազդան համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Արամայիս Պողոսյանը նշեց, որ ձևավորված աշխատանքային խումբը հստակեցնում է վնասների չափը:

«Այս օրերին աշխատանքային խումբն ակտիվ գործում է, նախնական տվյալներ կան, սակայն վերջնական պարզ կլինի առաջիկա օրերին: Այս պահին կարող ենք ասել, որ հորդառատ տեղումներն ու կարկուտը վնաս են հասցրել Ջրառատ և Վանատուր թաղամասերի շուրջ 100 հա տարածքի՝ կարտոֆիլ, լոբի, ցորեն գարի մշակաբույսերով»,-ասաց Արամայիս Պողոսյանը:

Մինչ վնասի գնահատման վերջնական ավարտը, այսօր էլ մասնագետները նշում են, որ գյուղացիները զգալի վնաս են կրել: Կան տնտեսություններ, որոնք գրեթե 100 տոկոսով բերքը կորցրել են: Որոշ տեղերում մշակաբույսերն ամբողջությամբ ջրի տակ են անցել: Վնասի չափը վերջնական հստակեցնելուց հետո կներկայացնեն կառավարություն: Արամայիս Պողոսյանը նշեց, որ կարկուտից վնասվել են նաև որոշ տների տանիքները: Համայնքը աջակցություն է ցուցաբերել երեք ընտանիքի՝ տրամադրելով ֆինանսական օգնություն:

Հորդառատ տեղումներից զգալի վնաս կրած Ջրառատի բնակիչներից է Արմեն Ալեքսանյանը: Նա պատմեց, որ 1 հա-ից ավելի հողատարածք ունի՝ կարտոֆիլ, լոբի, ցորեն մշակաբույսերով:

«Զգալի ծախս եմ կատարել, երկու մլն դրամից ավելի ներդրում եմ արել՝ չհաշված սերմնացուն ու սեփական աշխատանքը: Սկզբում եղանակային պայմանները բարենպաստ էին, մոտ 50 տոննա բերք էի ակնկալում, հիմա տեղումների հետևանքով ամեն ինչ կորցրեցի: Չգիտեմ որքանը կվերականգնվի, որքանը՝ ոչ: Այս պահի դրությամբ փաստի առաջ եմ կանգնել, մեր շրջանն էլ ապահովագրական ծրագրում չկար, որ գոնե դրանից կարողանայինք օգտվել»,-ասաց Արմեն Ալեքսանյանը: Նա տեղեկացրեց, որ իր հողատարածքներում ունեցած վնասի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է համայնքապետարան: Բավական դժվարին իրավիճակում են հայտնվել, մեծ հույսեր ունեն, որ կառավարությունը ինչ-որ ձևով կաջակցի:

Հրազդանում եղել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, հանդիպել համայնքի ներկայացուցիչների հետ: Նա նշեց, որ ցավալի տեսարանի ականտես եղավ: Որոշ տեղումները գրեթե գետնին էին հավասարեցրել  բերքը՝ ջուրը գցելով բնակիչների կատարած աշխատանքը։

«Բավական լուրջ վնաս է եղել, այնտեղ հասունացած բերք կար, օրինակ լոբու հետ կապված, որ մարդիկ հաջորդ օրը պետք է հավաքեին, ու կարկուտի հետևանքով այդ ամենը կորցրեցին: Մարդիկ թևաթափ էին եղել»:

Շարունակությունը՝ armenpress.am-ում