lragir.am: Սևանա լճի էկոհամակարգի վերականգման նպատակով վաղը առավոտյան մեկնարկում է արդյունագործական ձկնորսության ոլորտը կարգավորող նոր կարգի գործարկումը։ Այս մասին առցանց ասուլիսում ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Վաղը առավոտյան Սևանա լճի ամբողջ ավազանում իրենց աշխատանքն են սկսելու 17 պահակակետեր։ Արդյունաբերական ձկնորսությամբ զբաղվող բոլոր ֆիզիկական ու իրավաբանական անձինք արդեն իրազեկվել են դրա մասին, որպեսզի հայտեր ներկայացնեին Սևան ազգային պարկ, պայմանագրեր կնքեին Շրջակա միջավայրի նախարարության հետ։ Եվ յուրաքանչյուրն իր հայտի շրջանակներում ստանում է մինչև 4,5 տոննա սիգ ձկնատեսակ որսալու հնարավորություն՝ յուրաքանչյուր կգ դիմաց 65 դրամ վճարելով պետական բյուջե՝ որպես բնօգտագործման վճար։ Այսպիսով՝ այդ անձինք ամբողջովին օրինական դուրս կգան լիճ ու կորսան սիգի իրենց չափաքանակը։ Եվ վաղվանից 17 պահակակետերը, ոստիկանության ներկայացուցիչների, Սևան ազգային պարկի ու տեսչական մարմնի տեսուչների ներկայությամբ պետք է իրագործեն այդ նախագիծը։

Ըստ նախարարի՝ մի քանի հարյուր նավակներ յուրաքանչյուր առավոտ մուտք են գործում Սևանա լիճ և որսում են որոշակի չափաքանակի ձկներ։ «Այս պարագայում հստակ նորմ է սահմանված՝ սիգի պոպուլյացիային որևէ կերպ սպառնալիք չառաջացնելու համար։ Հստակ նորմ է սահմանված կես կիլոգրամանոց ձկներից ոչ պակաս ձկների որսի արգելքի մասով»,- ասաց Պետրոսյանը։ Նա հավելեց՝ սա թույլ կտա ձկնագողության ահռելի ծավալների դեմն առնել։

«Մենք համարում ենք, որ Սևանա լճի էկոհամակարգի փրկությունն ազգային հիմնախնդիր է, համազգային մարտահրավեր է, որն օր առաջ կարիք ունի լուծման՝ կասեցնելու այն գահավիժումը, որի ականատեսն ենք վերջին տասնամյակներին։ Էկոհամակարգի խեղման հետևանքով, հիմնականում մարդածին գործոնների ազդեցության տակ, Սևանա լիճը կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած՝ կապտականաչ ջրիմուռներն են ակտիվացել։ Իրավիճակն օրեցօր վատթարանում է՝ պայմանավորված նաև ափամերձ տարածքներում խառնափնթոր շինարարությամբ, հազարավոր ապօրինի շենք շինությունների գործունեությամբ»,- ասաց նախարարը։

Շարունակությունը՝ lragir.am-ում։