Դատարանը մերժել է Արմավիրի թիվ 8 մանկապարտեզի նախկին տնօրենի հայցադիմումն ընդդեմ քաղաքապետի |hetq.am|
13:14 - 19 սեպտեմբերի, 2020

Դատարանը մերժել է Արմավիրի թիվ 8 մանկապարտեզի նախկին տնօրենի հայցադիմումն ընդդեմ քաղաքապետի |hetq.am|

hetq.am: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Թամար Ավետիսյանի հայցադիմումն ընդդեմ նույն համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի՝ աշխատանքից ազատելու կարգադրությունն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերկանգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանկահատվածի համար նախատեսված աշխատավարձի գումարը բռնագանձելու պահանջների մասին: Պահանջել է նաև դատական ծախսերի հատուցում, այդ թվում՝ փաստաբանի վարձատրության գումար՝ 1000 դոլարի չափով:

Թամար Ավետիսյանն աշխատանքից ազատվել էր Արմավիր համայնքի ղեկավարի 13.12.2019թ. թիվ 159 կարգադրությամբ՝ վստահությունը կորցնելու հիմքով:

Նախկին տնօրենը դատարանին հայտնել էր, որ իր ու Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալի միջև տեղի է ունեցել «լարված խոսակցություն», ինչն էլ Արմավիր համայնքի ղեկավարը հիմք է ընդունել՝ վիճարկվող կարգադրությունը կայացնելու համար: 

«Հետք»-ն անդրադարձել էր մանկապարտեզի արդեն նախկին տնօրենի ու Արմավիրի համայնքապետարանի վեճին: Թամար Ավետիսյանը պատմել էր, որ աշխատանքային քննարկման ժամանակ համայնքապետարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական հարցերի բաժնի պետ Արաքսյա Դոլինյանը փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանին ներկայացրել է, թե իբր իրեն Թ. Ավետիսյանը «բանատեղ չի դնում»:

«Այդ խոսակցության վրա փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանը տեղից թռավ և իմ վրա գոռաց, թե դուռը բացի, դուրս գնա, քեզ կարգի հրավիրի, արի: Նեղվեցի, ասում եմ՝ ինչ իրավունքով, որպես կին, տնօրեն ինչո՞ւ եք ինձ վիրավորում: Դուրս եկա և զանգեցի քաղաքապետին: Հարցրեց, թե ինչի համար եմ զանգել, ասացի, որ փոխքաղաքապետի ոչ կոռեկտ պահվածքի պատճառով և բարկությունից ասացի, որ չմոռանա, թե որտեղից է եկել՝ խոզապահ: Այդ բառի համար երեք օր է՝ կռիվներ է, զեկուցագիր են գրում, թե պիտի ազատենք աշխատանքից»,-պատմել էր Թամարա Ավետիսյանը՝ վստահ լինելով, որ իրեն աշխատանքից ազատել են հենց այդ արտահայտության համար:

Աշխատանքից ազատվելու օրը Թ. Ավետիսյանը բարձրացել է քաղաքապետարան, բացատրել է իրավիճակը, որ վիրավորելու ցանկություն չի ունեցել, բարկացած ժամանակ է ասել: Սակայն, նրա խոսքերով՝ բացատրությունները չեն ընդունվել: 

Արմավիրի համայնքապետարանի ներկայացուցիչը դատարանում հայտնել է, որ ՀՈԱԿ-ի տնօրեն Թ. Ավետիսյանին աշխատանքից ազատելու կարգադրության հիմքում չի դրվել միայն Արմավիրի համայնքի ղեկավարի տեղակալի և կրթության բաժնի պետի նկատմամբ ոչ հարիր վարքագիծ դրսևորելու հանգամանքը, ինչպես մատնանշում է հայցվոր կողմը: Այն միայն հանդիսացել է Թ. Ավետիսայնի կողմից հակօրինական և հակաբարոյական վարքագծի հերթական դրսևորում: 

Ըստ համայնքապետարանի՝ թիվ 8 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Թ. Ավետիսյանը դեռևս 2018թ. ենթարկվել է կարգապահական տույժի, որը թերևս մարված է, սակայն ևս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ Թ. Ավատեսյանի կողմից դրսևորվել է ոչ իրավաչափ վարքագիծ: Մասնավորապես երեխաների ընդունման և հաշվառման մատյանների հետ կապված` շրջանցելով քաղաքապետարանի երեխաների ընդունման հերթացուցակը իր հայեցողությամբ ընդունել է երեխաների, որի արդյունքում մանկապարտեզ են հաճախել սահմանված թվից ավել թվով երեխաներ: 

Բացի այդ, Թ. Ավետիսյանը 2019թ. հոկտեմբեր ամսին խոչընդոտել է Արմավիրի համայնքապետարանի կրթության բաժնի թվով 4 աշխատակիցների կողմից երեխաների թվի ստուգում իրականացնելուն ուղղված աշխատանքներին, որի արդյունքում այդպես էլ համապատասխան արձանագրություն չի կազմվել: Աշխատակիցներին հաջողվել է ստուգումներ իրականացնել միայն 2 խմբերում, իսկ մյուս 2 խմբերում չեն կարողացել շարունակել, քանի որ Թ. Ավետիսյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել նրանց նկատմամբ, վիրավորել է, թույլ չի տվել շարունակել աշխատանքները` ասելով, որ նրանք նման իրավունք չունեն և վերոնշյալ աշխատակիցներին դուրս է հրավիրել թիվ 8 մանկապարտեզից: Արմավիր համայնքում թիվ 8 մանկապարտեզը միակն է եղել, որտեղ այդպես էլ երեխաների թվի ստուգման արձանագրություն չի կազմել: 

Ըստ համայնքապետարանի՝ թիվ 8 մանկապարտեզ են հաճախել երեխաներ, որոնք մանկապարտեզից գնացել են նախատեսված ժամից շուտ, սակայն այդ երեխաներից մի քանիսի մասով համապատասխան դիմումները մատյանում բացակայում են: Այն հարցին, թե համապատասխան դիմումների բացակայությունը ինչով է պայմանավորված, Թ. Ավետիսյանը պատասխանել է, որ մատյանում տողավանդակների քանակը սահմանափակ է, սակայն ինչպես մնացած մանակապարտեզներում թիվ 8 մանկապարտեզը այդ հարցը կարող էր կարգավորել լրացուցիչ տետր պահելու կամ մատյանում տողավանդակների քանակն ավելացնելու միջոցով: 

«Այս և այլ նմանատիպ արաքների արդյունքում է` Թ. Ավետիսյանը որպես աշխատող աստճանաբար կորցել իր վստահությունը, որին նոր միայն գումարվել է Արմավիրի համայնքի ղեկավարի տեղակալի և կրթության բաժնի պետի հետ տեղի ունեցած միջադեպը»,-Արմավիրի համայնքապետարանը դատարանում այսպես է հիմնավորել աշխատանքից ազատելու քաղաքապետի կարգադրությունը: 

Իսկ միջադեպի օրը Թամարա Ավետիսյանը, քաղաքապետարան էր հրավիրվել պարզաբանում ներկայացնելու համար, թե ինչու է շրջանցել աշխատակից ընդունելու քաղաքապետարանի սահմանած կարգը: Մասնավորապես՝  տիկին Ավետիսյանը թիվ 8 մանկապարտեզում ֆիզարձակուրդ գնացած բուժքրոջ փոխարեն` ով ի դեպ նախկին քաղաքապետի վարորդի կինն է, սեփական հայեցողությամբ ընդունել է բուժքրոջ քրոջը: Մինչդեռ, ըստ սահմանված կարգի, նախապես քաղաքապետարանում գրանցված թեկնածուների հետ հարցազրույց է անցկացվում ՀՈԱԿ տնօրենի և քաղաքապետարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի աշխատակցի մասնակցությամբ, ինչը չի ապահովվել:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել