armenpress.am: Չինաստանի կողմից նոր դեսպանատան կառուցումը Հայաստանը դիտարկում է որպես նոր հայտ հայ-չինական հարաբերությունները ավելի բարձ մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Չինաստանի նորակառույց դեսպանատանը կազմակերպած շրջայցի հետո այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Չինաստանը կարող է հպարտ լինել այսպիսի մեծ ներկայությամբ, և մենք էլ սա դիտարկում ենք որպես Չինաստանի կողմից հայտ, որ հայ-չինական հարաբերությունները կարող են ավելի բարձր մակարդակի լինել և ավելի խորանալ: Մեր համագործակցությունը երկու երկրների միջև, չնայած իրենց տարբեր չափերին (փոքր Հայաստան և մեծ Չինաստան), երկուսն էլ ունեն շատ մեծ ընդհանրություններ, երկուսն էլ ինչ-որ իմաստով համաշխարհային ազգեր են, որովհետև  չինական մշակույթը և ազգը ամբողջ աշխարհով է տարածված և նույնն էլ՝ հայ ժողովրդի»,- ասաց Սարգսյանը:

Նախագահի կարծիքով` համագործակցության բազմաթիվ ուղղություններ կան նախ և առաջ  անվտանգության և գյուղատնտեսության ոլորտներում:

Սարգսյանը նոր տեխնոլոգիաների ոլորտում Չինաստանի հետ համագործակցության նոր հորիզոններ է տեսնում, որովհետև ապագայում աշխարհը հագեցած է լինելու դրանցով` արհեստական բանականությունից մինչև կենսաբանական ոլորտները, որովհետև երկու երկրները համատեղ գիտական, գիտատնտեսական, գիտահետազոտական զարգացման հնարավորություններ ունեն:

«Այնպես որ, շատ դրական եմ նայում մեր հետակագա համագործակցությանը»,- նշեց Նախագահը:

Նա դեսպանին առաջարկել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը ոչ միայն տնտեսության ոլորտում զարգանա, այլ նաև զարգանա կրթության ոլորտում, որովհետև այնտեղ նույնպես ներուժ կա, ինչպես նաև մշակույթի ոլորտում. երկուսն էլ հին ժողովուրդներ են, ունեն հսկայական պատմություն և արվեստ, և ժամանակակից մշակույթ: «Ամեն ինչ կախված է մեզանից` կանե՞նք, թե ոչ»:

Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլուն բարձր տեխնոլոգիաների ոլորտը երկու երկրների միջև համագործակցության ամենահեռանկարային ոլորտներից է համարում:

«Ժամանակակից աշխարհը  առաջ չի գնա առանց բարձր տեխնոլոգիաների զարգացման: Նույնիսկ կորոնավիրուսային համաճարակը դա ապացուցեց, թե ինչքան կարևոր են ՏՏ տեխնոլոգիաները, օնլայն բիզնեսը և այլն, ուստի, կարծում եմ, որ մեծ Չինաստանի և փոքր Հայաստանի համար բարձր տեխնոլոգիաները այն օղակն են, որը մեզ համախմբում է, և աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չէ: Կարծում եմ, որ նախագահը բացարձակապես ճիշտ է, որ հեռանկարային ուղղություններից է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտը»,- եզրափակեց դեսպանը: