ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ընթացքում ևս մեկ անգամ հերքեց հարյուրավոր զոհեր ունենալու մասին լուրերը։
«Մենք հարյուրավոր զոհեր չունենք, դա կեղծիք է։ Յուրաքանչյուր հաստատված տվյալ ամփոփվում է, հայտարարում ենք, բայց հարյուրավոր զոհեր հաստատ չունենք»,-մասնավորապես նշեց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով սահման մեկնածների թվին Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ վերջինս գաղտնիք պարունակող տեղեկություն է․ «Թե քանի մարդ է մեկնել սահման՝ չեմ կարող թիվ հրապարակել, դա գաղտնիք պարունակող տեղեկություն է։ Բայց դիմել են շատ-շատերը, եւ ստիպված ենք շատերին ասել՝ խնդրում ենք, դիմեք ձեր զինկոմիսարիատներին, որովհետեւ չկազմակերպված աշխատանքը մեզ ավելի շատ խանգարելու է։ Լավ կլինի, որ զինկոմիսարիատները մարդկանց հստակ կազմակերպեն, եւ զորահավաքը կազմակերպվի՝ ինչպես անհրաժեշտ է»։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչն անդրադարձավ նաև բնակարաններ և ապաստարաններ տրամադրելու հարցին՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունը չկա
«Եթե լինի, պաշտոնապես կհայտարարվի, ՀՀ կառավարությունը, համապատասխան գերատեսչությունները միանշանակ կաշխատեն այս ուղղությամբ եւ կասեն՝ ապաստարան անհրաժեշտ է, թե ոչ, եւ քանի հոգու համար։ Արցախում մասսայական տեղահանում չի՛ կատարվում»,- մանրամասնեց Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը խոսեց նաև զինծառայողներին ամեն րոպե զանգելու հետևանքների մասին․
«Երբ փորձում եք ամեն րոպե զինծառայողներին, հատկապես շարքային անձնակազմին զանգել, եթե իրենք կապի դուրս գան, դրանով իրենց կյանքը կվտանգեն։ ԱԹՍ-ները, հրետանային միջոցները հենց այդ կապուղիներից օգտվելով՝ թիրախավորում են մեր զինծառայողներին։ Խնդրում ենք հնարավորինս սահմանափակեք նման գործողությունները, ինչը հնարավորություն կտա ցանցերը ոչ գերբեռնված եւ նպատակային աշխատեցնել»,-մասնավորապես նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։
comment.count (0)