Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը, քանի որ հյուսիսային ուղղությամբ մենք կատարել ենք զորքերի համապատասխան վերախմբավորումներ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ, հետևաբար կարող են նման տեսանյութեր հրապարակել»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով այս հարցին՝ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ինքը մի քանի անգամ շեշտել է, որ կոնկրետ գյուղերի, կոնկրետ դիրքերի, կոնկրետ մատույցների վերաբերյալ կատարված հրապարակումներից չկատարենք այնպիսի եզրակացություններ և քննարկումներ, թե արդյո՞ք այս դիրքը, այս բլուրը, այս բնակավայրը վերահսկում ենք, թե՞ ոչ:
Հովհաննիսյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից տաչածվող տեղեկություններին, ասաց, որ «Ադրբեջանը շատ բաներ է հայտնում: Ադրբեջանը հայտնում էր նաև Իլհամ Ալիևի բարձր ամբիոնից, որ ինքը վերաբնակեցնելու է Հադրութը կամ այցելելու է անձամբ Հադրութ»՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ Հադրութի մերձակայքում եղել են դիվերսիոն խմբեր, կարող են այս պահին էլ լինել, բայց քաղաքը ՀՀ ԶՈՒ-ի վերահսկողության տակ է:
Ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք թշնամու կիրառած զինատեսակների առումով հրադադարից հետո փոփոխություններ կան՝ Հովհաննիսյանն ասաց․
«Գրեթե չկան տարբերություններ: Միգուցե մի փոքր պակաս ինտենսիվությամբ կիրառվում է հրետանի: Բայց, օրինակ, ԱԹՍ-ների կիրառություննները գրեթե ոչնչով չեն տարբերվում»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։
comment.count (0)