ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղում անհետ կորածների ցուցակը փոխանցել է Կարմիր խաչին և Ադրբեջանին
 |tert.am|
21:41 - 20 նոյեմբերի, 2020

ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղում անհետ կորածների ցուցակը փոխանցել է Կարմիր խաչին և Ադրբեջանին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԻՆ-ի միջազգային գործունեության հարցերով վարչության ղեկավար Վլադիմիր Սոլովյովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ներկայացուցչին և Ադրբեջանի ներկայացուցիչներին է փոխանցել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ընթացքում անհետ կորածների ցուցակը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նրանց հետ Սոլովյովի հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ Ստեփանակերտում: Ցանկը կազմվել է ՌԴ ԱԻՆ-ի խնդրանքով: Ցանկում ընդգրկված են մեծամասամբ երիտասարդների անուններ: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը վստահեցրել է, որ կաջակցի անհետ կորածներին գտնելու հարցում։

«Այդ նույն ցուցակը ես փոխանցել եմ ադրբեջանական կողմին՝ իրենց ԱԻՆ-ի հետ համագործակցության շրջանակներում: Ադրբեջանական կողմը հայտնել է, որ արդեն սկսել են աշխատանքներ իրականացնել»,- նշել է Սոլովյովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել