Մեր նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային կառավարություն. Հայրենիքի փրկության շարժում
17:37 - 03 դեկտեմբերի, 2020

Մեր նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային կառավարություն. Հայրենիքի փրկության շարժում

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև՝

«Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը,  ըստ էության, երկիրը տարան կապիտուլյացիայի՝ համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջև,  փոշիացնելով տասնյակ տարիների՝ մեր համազգային ձեռքբերումները, տևական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգությունը: Կատարվածն ազգային աղետ է և դավաճանություն, որի քաղաքական ու իրավական ամբողջական գնահատականը կտրվի առաջիկայում:

Ն. Փաշինյանի և նրա վարչախմբի գործունեության յուրաքանչյուր ժամը մեր պետականությունը հյուծող և ՀՀ քաղաքացիների անվտանգությանն ուղղված սպառնալիք է: 

Ակնհայտ է, որ բոլոր ոլորտներում ձախողված վարչախումբն անկարող է դիմագրավել աշխարհաքաղաքական  մարտահրավերները,  հաղթահարել երկրում օրավուր խորացող  քաղաքական, սոցիալական, տնտեսական և հոգեբարոյական ճգնաժամը:

Նոր որակի իշխանության ձևավորումը հրամայական է:

Ելնելով ստեղծված իրավիճակից,  հաշվի առնելով հանրության լայն շրջանակների պահանջը, 17 կուսակցությունների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձևաչափը՝ ձևավորելով Հայրենիքի փրկության շարժում:

Շարժումը համահայկական է և վերկուսակցական: Շարժման խորհուրդը ներառում է կուսակցությունների, մտավորականության և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների:

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարում է.

1.Շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության  կորուստը, կիրականացնի երկրի հետպատերազմյան առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականության, քաղաքացիների անվտանգության երաշխավորման բարձրացման ուղղությամբ և կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

2.Որպես անցումային կառավարության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդյունավետ  բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն և համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն:

3. Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, պարտավորվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին: Միաժամանակ, նա ստանձնում է պարտականություն՝ մեկ տարի հետո կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ԸՕ-ին համապատասխան հավասար  պայմաններ  երաշխավորելով քաղաքական բոլոր ուժերի համար:

4. Վարչապետի միասնական թեկնածուն՝  2020թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը: 

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենիքի փրկության շարժմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն անհրաժեշտություն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել