Կա՛մ կառուցում ենք մոտակա 5 տարվա համար մեր ԶՈՒ հեռանկարը, կա՛մ մեզ շատ վատ օրեր կարող են սպասվել․ Անդրանիկ Քոչարյան
13:29 - 25 փետրվարի, 2021

Կա՛մ կառուցում ենք մոտակա 5 տարվա համար մեր ԶՈՒ հեռանկարը, կա՛մ մեզ շատ վատ օրեր կարող են սպասվել․ Անդրանիկ Քոչարյան

Ծանոթացա ԳՇ պետի կողմից ներկայացված հայտարարությանը, նրանք կապում են Տիրան Խաչատրյանի հեռացման հետ։ Աշխարհում ոչ մի երկրում նման բան չեք տեսնի, որ զինվորականին գործից հանում են, և բանակը քաղաքական հայտարարություն է անում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Սա եփած թեմա է, որը վտանգներ պարունակում է։ Չեմ կարծում՝ իսկանդերի հետ կապ ունի, սա կապ ունի բանակում սպասվող ռեֆորմների հետ»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ չի կարող մեր երկրի ճակատագիրը կապվել Տիրան Խաչատրյանին աշխատանքից հանելու հետ։

«Ես կուզեի, որ բանակը հանդարտության կողմը կանգներ և կենտրոնանար պատերազմի հետևանքների վերացման վրա։ Մեր երկիրը պետք է զերծ մնա ներքին ցնցումներից։ Հիմա մեր պարտությունների պատճառներն ավելի տեսանելի են դառնում։ Մենք կա՛մ կարգավորում ենք, կառուցում ենք մոտակա 5 տարվա համար մեր ԶՈՒ հեռանկարը, կա՛մ մեզ շատ վատ օրեր կարող են սպասվել։ Լիահույս եմ, որ վատ օրերը մեզ չեն առաջնորդելու, գտնելու ենք սողոմոնյան լուծում»,- ասաց Քոչարյանը։

Տիրան Խաչատրյանի ազատման մասին նա կոչ արեց գնալ քարտեզը նայել, հարավի մասին պատերազմի ընթացքում որոշ գործողությունների մեջ․․․, սակայն չշարունակեց իր միտքը։

«Բաներ կան, որ իմ համար հասկանալի են, բայց որ ձեզ համար էլ հասկանալի լինի, ինձ էլ է ժամանակ պետք։ Հայտարարությունը կապել զինվորականի պաշտոնից ազատման հետ, մեր բանակը տանել ցնցումների, կներեք․․․»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ հայտարարվեց, որ բանակը գնում է ռեֆորմների, կադրային փոփոխութոյւնների ևս, բնականաբար դա պետք է առաջացներ անհանգստություններ։

«Ես հիմա տեսնում եմ անհանգստությունները կադրային կոնկրետ փոփոխության հետ։ Իսկ բանակին թույլ տալ մտնել քաղաքականության մեջ, մեր երկրի շահերից չի բխում»,- հավելեց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ բախում չի կարող լինել։

«Մեր երկրում ներքին բախում չի կարող լինել, ով գնում է բախումների, մեր պետականության գերեզմանաքարն է դնում»,- ասաց նա՝ հավելելով՝ պարոն Օնիկ Գասպարյանն էս ի՞նչ արեց։

Նա նշեց, որ Գասպարյանին նման հայտարարություն չէր սպասում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել