tert.am: Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին մոտ 10 պահանջ է ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ Ադրբեջանը ձեռնպահ մնա ԼՂ-ի ներկա և նախկին պաշտոնյաների նկատմամբ իրականացվող պատժիչ գործողություններից։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անում Հայաստանը՝ ի պատասխան Ադրբեջանի դատախազության գործողություններին։
«Հայտարարություն էր եղել, որ խոսքը 300 անձի մասին է։ Ցուցակ չենք տեսել, բայց կա հնչեցված թիվ, արդեն ունենք ապօրինի ազատությունից զրկման դեպքեր։ Այս ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը Արդարադատության միջազգային դատարան ներկայացված մեր պահանջն էր», - նշեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ ԱՄԴ-ին Հայաստանը մոտ 10 պահանջ է ներկայացրել։
Ադրադառնալով Ռուբեն Վարդանյանի ապօրինի ձերբակալությանը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը շեշտեց, որ իր մասով ևս Եվրոպական դատարան առանձին պահանջ է ներկայացվել։
«Այս մասով նաև քննարկում ենք առանձին անձանց շրջանակի վերաբերյալ ևս Եվրոպական դատարան կամ այլ որևէ այլ դատական պրոցեսներով պահանջ ներկայացնել։ Սակայն, սավոք, սա առաջին դեպքը չէ, երբ անձին առևանգում են կամ բռնվում են։ Մենք ունենք գերեվարված հայրենակիցներ, որոնք շարունակում են գտնվել Բաքվի բանտերում։ Այն անձինք, որոնք գերեվարվում էին, բոլորն էլ արժանանանում էին նույն ճակատագրին, այսինքն՝ արժանանում էին տարբեր հոդվածներով մեղադրանքների, ներառյալ ահաբեկչությունը, զինված խմբավորումներ ստեղծելն ու սահման հատելը», -հավելեց նա։
Հարցին՝ ինչ է ՀՀ-ն դատարանից ակնկալում, Կիրակոսյանը նշեց, որ ակնկալվում է, որ դատարանը կկիրառի միջոց, որով կարգելի նմանատիպ միակողմանի պատժիչ գործողությունների իրականացումը:
«Որովհետև սա ակնհայտորեն Ադրբեջանի կամքով իրենց ցանկությամբ կամայականորեն պատժիչ ֆունկցիա իրականացնելն է, որոշել, թե ով է մեղավոր, ով՝ ոչ։ Խնդիրն այն է, որ սա արդեն անկառավարելի է դարձել, դա կարող է շատ ավելի խորքային հետևանքներ ունենալ»,-նշեց է նա:
Ինչ վերաբերում է առարկայական ակնկալիքներին, ապա, ըստ Եղիշե Կիրակոսյանի, ազատությունից զրկված անձանց ազատ արձակման հավանականությունը, ինչը թերևս ամենաառարկայական ակնկալիքն է, քիչ է։
«Չունեմ նմանատիպ հիմք ենթադրելու, որ դատարանը նման որոշում կկայացնի։ Ընդ որում՝ ոչ միայն Արդարադատության միջազգային դատարանի մասին եմ խոսում, այլև ՄԻԵԴ-ի։ Այնուամենայնիվ շարունակում ենք պահանջել ազատ արձակել Եվրոպական դատարանի ձևաչափով, բայց կարծում եմ հավանականությունը մեծ չէ։ Դատարանները, ցավոք, չեն միջամտում կամ չեն պարտավորեցնում Ադրբեջանին ազատ արձակել։ Միակ տարբերակը մնում է այն, որ պահանջ ներկայացնենք այդ անձանց իրավունքները երաշխավորելու և ապօրինի գործընթացները հնարավորինս զսպելու ուղղությամբ», շեշտեց Կիրակոսյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)