ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով դատական նիստը հետաձգվեց՝ 6 ամբաստանյալի բացակայության պատճառով |armenpress.am|
13:35 - 20 մայիսի, 2020

ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով դատական նիստը հետաձգվեց՝ 6 ամբաստանյալի բացակայության պատճառով |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով դատական նիստը հետաձգվեց՝ 6 ամբաստանյալի բացակայության պատճառով։ Բացակայող ամբաստանյալների պաշտպանները միջնորդություն էին ուղարկել դատարանին, խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ իրենց պաշտպանյալները համաճարակային պայմաններում գտնվում են խոցելի խմբում։ Դատական նիստին ներկա էին միայն Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը առարկայազուրկ որակեց միջնորդությունները և նշեց, որ դատարանի դահլիճում առկա են բոլոր պայմանները անվտանգ դատական նիստը անցկացնելու համար։ Բացի այդ, ըստ դատավորի, խախտվում է քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու պահանջը։

«Դատարանը արձանագրում է, որ բոլոր ամբաստանյալները եղել են պատշաճ ծանուցված։ Նրանց բացակայությունը անհարգելի է և ղեկավարելով Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով դատարանը որոշում է կայացնում ամբաստանյալներ Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Էդուարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Կյուրեղյանին և Սեդրակ Նազարյանին ոստիկանության միջոցով  բերման ենթարկել հաջորդ դատական նիստին»,- նշեց Մակյանը։

Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 27-ին՝ 11։00-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել