Չենք ուզում քաղաքացիներին տուգանել․ ոստիկանը կոչ է անում պահպանել պարետի կողմից սահմանված կարգը |armenpress.am|
20:30 - 06 հունիսի, 2020

Չենք ուզում քաղաքացիներին տուգանել․ ոստիկանը կոչ է անում պահպանել պարետի կողմից սահմանված կարգը |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանը կոչ է անում քաղաքացիներին պահպանել պարետի կողմից սահմանված իրավական ռեժիմը, ինչպես նաև ճիշտ ձևով կրել դիմակը։

Պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում Վաղինակ Մինասյանը ասաց, որ արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում լինում են դեպքեր, երբ  քաղաքացիները, տեսնելով ոստիկաններին, փորձում են արագորեն ստեղծել մի այնպիսի իրավիճակ, կարծես թե, նրանք պահպանում են կամ պահպանել են պարետի կողմից սահմանված իրավական ռեժիմը, և ոստիկանության խիստ արձագանքի դեպքում փորձում են արհեստական լարվածություն ստեղծել, ինչու չէ՝ նաև ասում են, որ ոստիկանությունը կատարում է անօրինական գործողություններ։

«Դեռ ոչ այդքան վաղ անցյալում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության ժամանակ ինքս լսում էի մեր հասարակության կողմից «ոստիկանը մերն է» կոչերը, սակայն այսօր, այս դժվարին պահին ձեզ հետ խոսում է արտաքին ծառայություն իրականացնող մի ոստիկան, ով ծառայություն է իրականացնում գրեթե ամբողջ օրը։ Գաղտնիք չէ, որ ծառայություն ենք իրականացնում բոլոր փողոցներում, բոլոր բակերում, ինչու չէ՝ միջպետական ճանապարհների վրա։ Ստուգում ենք պարետի կողմից սահմանված իրավական ռեժիմի պահպանումը, սակայն լինում են դեպքեր, երբ մեր հայրենակիցները տարբեր պատճառաբանություններով չեն ցանկանում պահպանել այդ իրավական ռեժիմը։ Լինում են դեպքեր, հատկապես երիտասարդության շրջանում, երբ փորձում են ոստիկանի օրինական պահանջը չկատարել, պարետատան կողմից հաստատված իրավական ռեժիմը չպահպանել, սակայն շատ պարզ երևում է, որ այդ վերաբերմունքը ոստիկանի հանդեպ պարզապես արհեստական լարվածություն ստեղծելն է»,- ընդգծեց ոստիկանության ավագ լեյտենանտ Մինասյանը։

Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչի խոսքով՝ ոստիկանությունը կարող է կիրառել հարկադրանքի միջոցներ և այս ճգնաժամային իրավիճակում նմանատիպ հարկադրանքի միջոցներ կիրառվում են, կազմվում են վարչական արձանագրություններ վարչական իրավախախտումների վերաբերյալ, սակայն, ըստ Մինասյանի, դա ոստիկանության նպատակը չէ։

«Մենք չենք փորձում քաղաքացիներին տուգանել, մենք չենք ուզում քաղաքացիներին  տուգանել։ Մենք հակված եք այն հորդորին, որ յուրաքանչյուր քաղաքացին պետք է իր մեջ ունենա այնքան իրավագիտակցություն, որպեսզի հասկանա իր կողմից կատարովող գործողությունների լրջությունը։ Կրեք դիմակներ, որպեսզի փրկեք կյանքեր»,- եզրափակեց Մինասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել