ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
12:45 - 15 հունիսի, 2020

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ հունիսի 15-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Համաձայնագրի նպատակն է փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման եւ անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլեւս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին եւ դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը:Համաձայնագրով սահմանված են հետընդունման մասով Հայաստանի եւ Եվրոպական միության պարտավորությունները, հետընդունման ընթացակարգը, տարանցման գործողությունները, ծախսերը, տվյալների  պաշտպանությունը եւ մի շարք այլ հարցեր:

Համաձայնագրի 20-րդ հոդվածը սահմանում է, որ Կողմերը կարող են կազմել կիրարկող արձանագրություն, որում ի թիվս մի շարք հարցերի կորոշակիացվի նաեւ իրավասու մարմինների նշանակումը, սահմանային անցակետերին եւ կոնտակտային անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը, ուղեկցությամբ վերադարձի պայմանները` ներառյալ երրորդ երկրի քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ուղեկցությամբ տարանցումը, միջոցները եւ փաստաթղթերը` ի հավելումն  համաձայնագրի 1-4-րդ հավելվածներում թվարկվածների, հետընդունման ձեւերը` արագացված ընթացակարգերի ներքո, հարցազրույցների ընթացակարգը:

Հարակից զեկույցում արժեւորելով համաձայնագրի ընդունումը` հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը կարեւորել է ԵՄ բոլոր անդամ երկրների հետ նման փաստաթղթի առկայությունը, քանի որ նման համակարգ չունենալու դեպքում քաղաքացիները տուժում են:

Համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ Հայաստան-Եթովպիա եւ Հայաստան-Գվատեմալա բարեկամական խմբերի ստեղծմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել