Դատավոր Արսեն Նիկողոսյանն ինքնաբացարկ է հայտնել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով |hetq.am|
12:13 - 16 հուլիսի,2020

Դատավոր Արսեն Նիկողոսյանն ինքնաբացարկ է հայտնել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն ինքնաբացարկ է հայտնել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող դատավոր Դավիթ Գրիգորյանի և վերջինիս նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը նախապատրաստական փուլում որոշել է կարճել և Գրիգորյանի ու Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Վերջինս խնդրում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումն ու քրեական գործն ուղարկել նոր քննության։

Վերաքննիչ դատարանում գործը հուլիսի 2-ին մակագրվել էր, ըստ այդմ՝ նախագահող դատավորը Սևակ Համբարձումյանն էր,  կազմում էին դատավորներ Նարինե Հովակիմյանն ու Արսեն Նիկողոսյանը։

Վերջինս ինքնաբացարկ հայտնելու որոշման մեջ գրել է, որ քրեական գործով ամբաստանյալ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու որոշման դեմ Գրիգորյանի պաշտպանի ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում 2019 թվականի օգոստոսի 5-ին բողոքը բավարարել է և կատարված խուզարկությունը ճանաչվել ոչ իրավաչափ: Դատավորը, մասնավորապես, գրել է, որ իր կայացրած որոշման շրջանակներում վերլուծության են ենթարկվել դատավորի անձեռնմխելիության ինստիտուտը, դրա հաղթահարման մեխանիզմները, որոնց արդյունքում փաստվել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սկսված քրեական հետապնդումը հիմնված չի եղել դատավորի անձեռնմխելիության հաղթահարման պատշաճ իրավական ընթացակարգի վրա:

Դատավոր Նիկողոսյանը նշել է, որ Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործը կարճելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման եզրահանգումներում զգալի ծավալով դրված են  2019 թվականին օգոստոսի 5-ի իր որոշմամբ արձանագրված հանգամանքները։

Նման փաստերն իրենց համակացության մեջ, ըստ դատավոր Արսեն Նիկողոսյանի, անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել գործով իր անաչառության մեջ:

Ելնելով նաև արդարադատության շահից՝ դատարանը համարել է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերաքննիչ բողոքի վերաբերյալ քրեական գործով պետք է հայտնել ինքնաբացարկ:

Որոշման մեջ դատավոր Նիկողոսյանը հղում է կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշմանը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանձնարարականին, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներից մեկին, նշել, որ դատարանն արդարադատություն իրականացնելիս ոչ միայն պետք է լինի, այլ նաև պետք է երևա անկողմնակալ։

Արսեն Նիկողոսյանին փոխարինող դատավորն այժմ, ըստ «Դատալեքսում» առկա տեղեկատվության, Անդրանիկ Մնացականյանն է։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել