Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Կանանց հզորացումը Արաբական Միացյալ Էմիրություններում» թեմայով քննարկմանը
15:20 - 28 օգոստոսի, 2020

Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Կանանց հզորացումը Արաբական Միացյալ Էմիրություններում» թեմայով քննարկմանը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է «Կանանց հզորացումը Արաբական Միացյալ Էմիրություններում» թեմայով քննարկմանը և ներկայացրել 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո գենդերային հավասարության և մարդու իրավունքների ոլորտում գրանցված առաջընթացն ու առկա մարտահրավերները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի զգալի հաջողություններին՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի օրենսդրության ընդունման հարցում և ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը՝  ուղղված կանանց հզորացմանը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում։ Այս համատեքստում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է 2018-ին Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի անդամ դառնալու փաստը, Կառավարության կողմից հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև թրաֆիքինգի կանխարգելման և թրաֆիքինգի զոհերի հայտնաբերման նպատակով հաստատված ռազմավարությունները։

Անդրադառնալով քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությանը՝ փոխնախարար Գրիգորյանը ներկայացրել է Խորհրդարանում կանանց ներկայացվածության վիճակագրությունը՝ տեղեկացնելով, որ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է խորհրդարանում կանանց քվոտաների 25%, մինչդեռ 2018 թվականի դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններին կանանց մասնակցությունը գերազանցել է օրենսդրական քվոտան՝ կազմելով 32%․ ներկայում կանայք ներկայացնում են ՀՀ Ազգային ժողովի 24% -ը:

«Գործադիր իշխանությունը ևս կայուն քայլեր է կատարում այս ուղղությամբ․ թեև 12 նախարարներից միայն 1-ն է կին, այդուհանդերձ, 2018 թվականից ի վեր ունեցել ենք 11 կին փոխնախարարներ»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով նաև Ոստիկանության բարեփոխումների համատեքստում կանանց ավելի ակտիվ ներգրավվածության քաղաքական որոշման մասին։

Քրիստիննե Գրիգորյանն այնուհետև անդրադարձել է COVID-19-ի համավարակի ընթացքում կանանց հանդիպած մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղղությամբ Կառավարության ձեռնարկած գործողություններին և առաջիկայում նախատեսվող անելիքներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել