Ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ հանդիպում չի կազմակերպվել․ գնալով ավելի վատանում է, այդ պրակտիկան էլ վերացավ. Է. Մարուքյանը՝ Ա. Միրզոյանին |tert.am|
12:05 - 14 սեպտեմբերի, 2020

Ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ հանդիպում չի կազմակերպվել․ գնալով ավելի վատանում է, այդ պրակտիկան էլ վերացավ. Է. Մարուքյանը՝ Ա. Միրզոյանին |tert.am|

tert.am: Լրագրողներն անընդհատ հարցնում են՝ ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ չեք հանդիպել, ես ասում եմ՝ որովհետև չեն դիմել, որ հանդիպենք, հիմա ուզում եմ Ձեզ հարցնել՝ ինչո՞ւ չեն կազմակերպվել նման հանդիպումներ. ԱԺ նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ինչպե՞ս է, որ նախկինում միշտ կազմակերպվում էր. մտածում էի, որ գնալով միշտ ավելի լավ կլինի, բայց գնալով ավելի վատ է լինում, այդ պրակտիկան էլ վերացավ էլի: Ցանկացած մարմնի պաշտոնյայի թեկնածություն, եթե առաջադրվում է, թեկնածուի հետ ֆրակցիաները հանդիպում են թեկնածուի կամ առաջադրող մարմնի նախաձեռնությամբ, հիմա ուզում եմ հասկանալ՝ ԱԺ նախագահին դիմե՞լ են նման բան կազմակերպելու համար, թե՞ ոչ»,- ասաց Մարուքյանը:

Արարատ Միրզոյանն էլ հակադարձեց Մարուքյանին՝ ասելով. «Պարոն Մարուքյան, ես տրամագծորեն հակառակ կարծիքն ունեմ Ձեր այն կարծիքի մասին, թե գնալով ավելի վատանում է: Ըստ իս, գնալով ամեն ինչ շատ էլ լավանում է, հատկապես թեկնածուների և թափանցիկության ԱԺ-ում ֆրակցիաների հետ քննարկման առումով»:

Ինչ վերաբերում է կոնկրետ մասնավոր հարցին, Միրզոյանն ասաց՝ ո՛չ թեկնածուների կողմից, ո՛չ խմբակցությունների կողմից այդպիսի նախաձեռնություն չի եղել, և ցանկացած նախաձեռնության դեպքում ԱԺ նախագահը և աշխատակազմը վստահաբար կանեին ամեն ինչ հանդիպման համար: «Պետք է հավելեմ՝ ցավոք սրտի, հավանաբար, որևէ իմպերատիվ ընթացակարգ սահմանված չկա այդպիսի հանդիպում կազմակերպելու, հետևաբար ԱԺ նախագահն ու աշխատակազմն առաջնորդվել են կողմերի ցանկություններով, տվյալ դեպքում՝ դրանց բացակայությամբ»,- ասաց ԱԺ նախագահը:

Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց. «Երբ ասում եմ՝ գնալով վատանում է, նկատի ունեմ՝ նախկինում թեկնածուներն առաջադրող մարմինները նախաձեռնում էին նման հանդիպումներ, հիմա չեն նախաձեռնում նման հանդիպումներ, հիմա դա լավանո՞ւմ է, թե վատանում է, ինձ թվում է՝ վատանում է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել