Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին
19:26 - 21 մայիսի, 2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի հետ։

Հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները՝ հույս հայտնելով, որ դրանք հնարավորություն կտան նախարարության կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առավել որակյալ և հասցեական։

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է սոցիալական բնակարանաշինության, աշխատանքի և զբաղվածության ոլորտում բարեփոխումների իրականացման, հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման ծրագրերին՝ պատրաստակամություն հայտնելով ուսումնասիրել, քննարկել այս ոլորտներում նիդերլանդական փորձը և, ըստ այդմ՝ իրականացնել փորձի և գաղափարների փոխանակում։

Վերջինս ներկայացրել է նաև նախարարության և նիդերլանդական Avondglans հիմնադրամի միջև կնքված պայմանագրի շրջանակում համայնքային փոքր տան գնման, վերանորոգման և կահավորման աշխատանքների ընթացքը։

«Ի թիվս համագործակցության մի շարք ոլորտների՝ հետաքրքրված ենք նաև Նիդերլանդների օրինակով Հայաստանում կարիերայի և տեխնիկական կրթության զարգացման հեռանկարով։ Մտադիր ենք Միասնական սոցիալական ծառայության Երևանի և մարզերի տարածքային կենտրոններում անցկացնել մասնագիտական ուսուցման, վերապատրաստումների և կարողությունների զարգացման դասընթացներ»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։

Վերջինս ընդգծել է նաև Նիդերլանդներում կիրառվող սոցիալական դեպքի վարման համակարգի կարևորությունը, որը հաջողված օրինակ է, թե ինչպես կարելի է իրականացնել քաղաքացու կարիքների ամբողջական գնահատում՝ պետական աջակցության ծրագրերը կազմակերպելով առավել հասցեական։

Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրման համար՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս խորքային ճանաչել Հայաստանն ու համագործակցել արդյունավետ՝ ըստ առաջնահերթությունների․

«Նիդերլանդների կառավարության և անձամբ իմ անունից կարող եմ հավաստել, որ պատրաստակամ ենք մեր ներդրումն ունենալ իրականացնելու համատեղ ծրագրեր, որոնք կարող են դրական արդյունք տալ և բարձրացնել հասարակության տարբեր խմբերի կյանքի որակը։ Մեզ համար առաջնահերթ են օրինակ՝ աշխատող մայրերի զբաղվածության ապահովմանը, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված և ոլորտային մի շարք այլ ծրագրեր»,- նշել է Նիկոլաս Յակոբ Սխերմերսը։

Դեսպանն անդրադարձել է Նիդերլանդներում հաջողած որոշ ծրագրերի, որոնք կարող են արդյունավետ լինել նաև Հայաստանում։ Որպես օրինակ նա մատնանշել է երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մասնագետների գիտելիքի և փորձի փոխանակման ծրագիրը, որի ընթացքում վերջիններս կենսաթոշակի անցնելուց հետո այլ երկրների գործընկերների հետ համագործակցության արդյունքում իրենց ներուժը ծառայեցնում են՝ ի նպաստ նոր կադրերի վերապատրաստմանը։

Սեփական երկրի փորձը ներկայացնելուց զատ, Նիկոլաս Յակոբ Սխերմերսին հետաքրքրել է Հայաստանում իրականացվող հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման գործընթացը։ Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մանրամասնել է տարեց խնամյալների, ինչպես նաև ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների նոր մոդելը՝ նրբություններն ու առավելությունները։

Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ նշելով, որ համատեղ իրականացվելիք ծրագրերն արդյունավետ քայլ կլինեն սոցիալական պաշտպանության ոլորտում հաջողություններ գրանցելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել