Ընտրապայքարը հաջողելու եւ տեղեկատվական շրջափակումը ճեղքելու համար մեզ պետք է համաժողովրդական աջակցություն նաեւ դրամական միջոցներով. Զուրաբյան
19:45 - 02 հունիսի, 2021

Ընտրապայքարը հաջողելու եւ տեղեկատվական շրջափակումը ճեղքելու համար մեզ պետք է համաժողովրդական աջակցություն նաեւ դրամական միջոցներով. Զուրաբյան

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ, ընտրական շտաբի պետ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառումն է կատարել, ըստ որի՝ իրենք հայցում են քաղաքացիների աջակցությունը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանի սիրելի՛ քաղաքացիներ, համակիրներ, բարեկամներ, զինակիցներ եւ գաղափարակիցներ,

Ինչպես գիտեք, Հայ Ազգային Կոնգրեսը որոշել է մասնակցել Ազգային Ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին: Հայաստանում եւ երկրի շուրջը ստեղծվել է օրհասական եւ ծայրաստիճան վտանգավոր իրավիճակ: Ընտրությունները պետք է լուծեն մեկ հարց. արդյո՞ք Հայաստանում հնարավոր է ձեւավորել մի իշխանություն, որը կկարողանա Հայաստանը հանել պարտության ու նվաստացման ճահճից, որի մեջ հայտնվել ենք վերջին երկու տասնամյակների թալանի եւ անմտության հետեւանքով:

Մենք միացել ենք մի ընտրապայքարի, որում ե՛ւ երկրի անվտանգությունը, ե՛ւ կառավարումը լիովին ձախողած գործող իշխանությունը ու անցյալի ճորտատիրական կարգերի վերականգնումը երազող քրեաօլիգարխիկ մաֆիան փորձում են ծվատել պետության մնացորդները: Երկուսն էլ հզոր ռեսուրսների տեր են: Նիկոլ Փաշինյանի օգտին են աշխատելու ադմինիստրատիվ ռեսուրսը, նոր իշխանության կողմն անցած խոշոր փողատերերը, Հանրային հեռուստատեսությունն ու վերջին երեք տարիներին երիտիշխանավորների ստեղծած լրատվամիջոցները: Ռոբերտ Քոչարյանի եւ հարակից ուժերի բեւեռն ունի թալանի տարիներին կուտակած հսկայական դրամական ռեսուրս եւ սպասարկող քարոզչամեքենա:

Մեր զենքը ճշմարտությունն է, գաղափարը, քաղաքական միտքը, իրատեսությունը, այսինքն` արժեքներ, որ պետք է վերադարձվեն մեր պետական կառավարմանը:

Ընտրապայքարը հաջողելու եւ տեղեկատվական շրջափակումը ճեղքելու համար մեզ պետք է համաժողովրդական աջակցություն նաեւ դրամական միջոցներով, ինչը թույլ կտա ընտրարշավի շրջանակներում ակտիվորեն գնել հեռուստա- եւ ռադիոեթեր, արդյունավետորեն օգտագործել սոցիալական ցանցերը` մեր գաղափարները ժողովրդին հասցնելու նպատակով:

Հետեւաբար, որպես Հայ Ազգային Կոնգրեսի ընտրարշավի կազմակերպման պատասխանատու` հայցում եմ ձեր աջակցությունը:

Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական հիմնադրամի հաշվեհամարն է` Կենտրոնական Բանկ, Հ/Հ - 103009090178
Հայ Ազգային Կոնգրես կուսակցության բանկային հաշվեհամարն է`
Հայէկոնոմբանկ ԲԲԸ, Հ/Հ - 163008047058

Մեզ համար մեծ նշանակություն կունենա նաեւ մեր շտաբների համար տարածքների ու տրանսպորտային միջոցների տրամադրումը, որի առաջարկներով խնդրում ենք դիմել 010 535034 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստով:

Վստահ եղեք, որ ձեր աջակցությունը կլինի լավագույն ներդումը մեր երկրում բաղձալի փոփոխությունների հասնելու համար:

Լեւոն Զուրաբյան
Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական շտաբի պետ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել