Ոչ թե ասում ենք՝ մեզ ձայն տվեք՝ գանք իշխանության, այլ ասում ենք՝ մեզ լիազորեք՝ երկու հակամարտող ուժերին բերենք հաշտության․ Էդմոն Մարուքյան
11:56 - 06 հունիսի, 2021

Ոչ թե ասում ենք՝ մեզ ձայն տվեք՝ գանք իշխանության, այլ ասում ենք՝ մեզ լիազորեք՝ երկու հակամարտող ուժերին բերենք հաշտության․ Էդմոն Մարուքյան

Մենք ոչ թե ասում ենք՝ մեզ ձայն տվեք՝ մենք գանք իշխանության, այլ ասում ենք՝ մեզ լիազորեք՝ երկու հակամարտող, իրար ոչնչացնելու մոլուցքով տառապող ուժերին բերենք հաշտության։ Այս մասին քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ասուլիսի ժամանակ ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Նա ավելացրեց՝ դրա արդյունքը լինում է ազգային համաձայնության կառավարությունը, որտեղ բոլոր ուժերը, որոնք կանցնեն խորհրդարան, կունենան դերակատարում, դրան գումարած, արտախորհրդարանական բոլոր ուժերը, որոնք էլեկտորատ ունեն, էլի կունենան դերակատարում։

«Հայաստանի Հանրապետությանը մոտ 3-5 տարի պետք է ազգային համաձայնության կառավարություններ։ Միշտ էլ երկրի ներսում եղել է անհաշտություն, ընդդիմադիր պայքար, շարժումներ, բայց այն ժամանակ այլ պայմաններ էին։ Երբ այն ժամանակ ցույցեր էինք անում, թշնամին հազար հոգանոց զորքով չէր գտնվում Սյունիքի կամ Գեղարքունիքի մարզում, թշնամի չէր պլանավորում Զանգեզուրում միջանցք ստանալ։ Այն ժամանակ էլ էր վատ, որ չկար համախմբում, բայց հիմա շարունակել էդ ոճով ապրել․․․ մենք պետք է գիտակցենք, որ մեր կյանքում բան է փոխվել։ Հիմա ճոխություն է նման փոքր երկրի ներսում շարունակաբար ունենալ հակամարտող բևեռներ, իրար ատող բևեռների հետևորդներ, որոնք պատրաստ են ամեն գնով իրար ոչնչացնել»,- ասաց Մարուքյանը։

Նա նշեց՝ այս իմաստով է, որ իրենք ասում են․ «մենք պլատֆորմ ենք,, տվեք լիազորություն, ժողովու՛րդ, մենք պարտադրենք այդ համերաշխությունը»։ Էդմոն Մարուքյանը մանրամասնեց, որ դա պարտադրել կարող են ժողովրդի քվեով։

«Եթե իրենք տեսնում են, որ իրենց պատերազմի հետևանքով ժողովուրդն իրենց չի աջակցում, հոգնել, հիասթափվել է իրենցից, հասկացել է, որ շարքային քաղաքացիներին իրենք տանում են կռիվ-ղալմաղալի, գիտակցեց ու կենտրոնում կոնսոլիդացրեց իր ձայները, նրանք ստիպված գալու են ի շրջանս յուր։


Չերչիլն ու Ստալինը ի՞նչ հարաբերություններ են ունեցել․ հետո շփվել են, չէ՞։ Կամ Հայաստանի համակարգում նախկին նախագահներն ինչ հարաբերություններ են ունեցել, հիմա ինչ հարաբերություններ ունեն, գիտեք։ Ուզում եմ ասել՝ հնարավոր է բերել ընդհանուր դաշտ, բայց դա նախաձեռնողը չպետք է ունենա թշնամություն որևէ կողմի հետ»,- ասաց ԼՀԿ առաջնորդը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել