Սրանք սովորական ընտրություններ չեն։ Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում և առայժմ, իմ կանխազգացմամբ այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանագավոր ընտրությունները։ Այս մասին ՀԱԿ նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Տեսնում եք՝ կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության, պատրաստ են ամեն ինչի։ Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների։ Երկու կողմն էլ չեն խղճելու, դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար։ Ավելի վտանգավոր զարգացումների մասին չեմ ուզում խոսել, թե դա ինչի կբերի։ Այսինքն՝ ստեղծվում է մի վիճակ, որ այսպիսի դաժան պարտությունից հետո, երբ սովորական նորմալ ազգերը սթափության պահ են ապրում, հասկանալու պահի լրջությունը, հակառակը նրանք այդ պահը օգտագործում են երկրի վիճակը ավելի խոր փոսը նետելու համար»,- ասաց Տեր-Պետրոսյանը։
Վերջինս նշեց, ոչնչի առջև չեն կանգնելու, և կոչ արեց որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատալ, ո՛չ Քոչարյանի, ոչ Փաշինյանի։
«Մենք տեսել ենք, թե նրանց ազնիվ խոսքը ինչ է արժեցել մեր ժողովրդի համար։ Հիմա չգիտեմ Աստվածաշնչի վրա կերդվեն, թե Ղուրանի մեկ է։ Եթե որևէ մեկը հավատում է նրանց որևէ մեկի խոսքին, կներեք, ես արդեն կարող եմ կասկածել այդ մարդու խելքի կամ մակարդակի վրա»,- հավելեց նա։
Տեր-Պետրոսյանի խոսքով՝ կար մի հրաշալի միջոց այս վիճակից դուրս գալու, շատ հանդարտ, հանգիստ կատարելու իշխանափոխություն և ձևավորելու մի նորմալ, հրաշալի ճգնաժամային կառավարություն․ «Կար նման միջոց։ Եթե Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ընդունեին իմ առաջարկը՝ հանդես գալ դաշինքով, բայց մեկ պայմանով, որ մեզնից ոչ ոք՝ ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը, ոչ ես չենք հավակնելու պետական որևէ պաշտոն զբաղեցնելուն։ Միանգամից ամեն ինչ լուծվում էր։ Փաշինյան երևույթը կվերանար Հայաստանից, նախկին նախագահները հետ կքաշվեին, կձևավորվել մի հրաշալի, տեխնոկրատներից կազմված կառավարություն։ Մեր ժողովուրդը հոգնել է քաղաքականությունից, քաղաքական դեմքեր չի ուզում։ Հիմա այդպես պրոֆեսիոնալներ պետք է լինեին, ովքեր հանգիստ, 1-2 տարում կարող էին երկրի վիճակը շտկել, բայց Քոչարյանը և Սերժը մերժեցին այս առաջարկը»։
Հրաշալի լուծում էր, այդ խոսակցությունները, թե նախկինում իրար մորթել եք, հոշոտել եք, ինչ անբարոյական մարդիկ եք, որ հավաքվում, դաշինք եք կազմում։ Լավ, անբարոյական ենք, բայց մեր փրկության ձևը սա էր։ Հիմա սա չեղավ, ի՞նչ է լինելու, ճակատամարտ, դեռ չեմ ասում քաղաքացիական պատերազմ։ Առայժմ իրենց ռեսուրսների ճակատամարտն է, իրենց համակիրների, դրանով էլ չեն բավարարվելու, ընտրությունների ժամանակ երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, հազարավոր խախտումների դեպքում միջադեպեր են լիենլու տեղամասերում և դա կարող է անկառավերլի դառնալ»։
Տեր-Պետրոսյանը նաև անդրադարձավ երկու ուժերի բերած ծրագրերին։
«Ոչ մի ծրագիր չկա, գոյություն չունի, այդ թղթերին, լավաշներին, իրենց մասնագետների պատրաստած փաստաթղթերին ինչ ասեմ, բացառձականապես հավատ չի կարելի ընծայել։ Հիշեք Ռոբերտ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանը ինչ խոստումներ են տվել և որն են մինչև վերջ կատարել, այդպիսի բան չկա , գոյություն չունի։ Նրանք ասել են մի բան, արել են լռիվ այլ բան»։
Վարչապետի թեկնածուն ասաց, որ ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում․ «Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ չի թաքցնում, ասում է՝ ես գալու եմ և մեկ-մեկ բոլորին պատժելու եմ։ Նույնիսկ այն, որ իր շտաբներից մի երկուսի վրա հարձակում էր եղել, ասաց՝ իմացեք, բոլորիդ նկարել են, հենց վարչապետ դառնամ, պատժելու եմ։ Նա ուրիշ բան չգիտի, իր բնավորությամբ գիտե՞ք Ռոբերտ Քոչարյանն ինչպիսին է։ Եթե մանկապարտեզում մի երեխա պատահաբար իր ոտքը տրորել է այդ երեխայից ինքը հետագայում հաստատ հաշիվ է պահանջել, պատժել է նրան։
Առյուծի պատմությունը․ լավ, Նիկոլը սրբապատկեր էր սարքել այդ նկարը, պտտվում էր, ցույց էր տալիս։ Քոչարյանն էլ սկսեց կես ժամ պատմել, թե ինչ լավ բան է արել, գնացել առյուծներին խփել, իր նման հարուստ միլիարդատերների հետ հարցեր են լուծել, ինչ-որ գործարքներ են կնքել։ Ասում է, որ դա ընդունված է, շատ ճիշտ է ասում, բայց դուք հիշում եք մոտ 10 տարի առաջ Իսպանիայի թագավորը գահընկեց արվեց, որովհետև Աֆրիկայում փիղ էր սպանել»։
Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև այն դրվագին, թե ինչու ինքն ու Քոչարյանը մերժեցին Փաշինյանի՝ բանավեճի հրավերը․ «Քոչարյանը իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասեց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ՝ ցանկացած զինատեսակով, այսինքն պարսատիկից, մինչև ատոմային ռումբ։ Ես մերժեցի Փաշինյանին, ուղղակի խղճահարությունից ելնելով, խղճացի, որովհետև այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել, դա ես չեմ ասում, այլ ինքը 2009 թվականին։ Ասել է՝ առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի, ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։
Տեր-Պետրոսյանը ասաց, որ իր համար մի ապշեցուցիչ բան էր, որ Քոչարյանը արդեն քանի անգամ խոսում է արժանապատիվ խաղաղությունից․ «Ես իմ խոսքերը ձրի տալիս եմ բոլորին, բայց երբ ես արժանապատիվ խաղաղությունն առաջին անգամ արտասանեցի անմիջական արձագանքն այն է, որ Լևոնը հողերը տալիս ա, վերջ։ Հիմա խոսում է արժանապատիվ խաղաղության մասին կապիտուլյացիայից հետո, սա լավատգույն դեպքում կլինի ոչ թե արժանապատիվ խաղաղություն, այլ արժանապատիվ կապիտուլյացիա։
Ի՞նչ երկիր են կառուցելու Քոչարյանը կամ Փաշինյանը, նրանց կառուցածը արդեն տեսել ենք։ Նրանք ունեն շատ համակիրներ, որովհետև այդ բոլոր համակիրները մեկը քոչարյանով է մարդ դարձել, հարստացել, պաշտոն ստացել, մյուս մասն էլ Փաշինյանով։ Սա արհամարհելի գործոն չէ, նրանք հանուն իրենց անձնական նպատակների կգնան ամեն ինչի։ Իհարկե նաև ճամբարափոխ են լինում»։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)