armenpress.amՔայլերթներ, իրազեկման ակցիաներ, հանրահավաքներ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 4-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում:
Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ն գրանցել է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք, սակայն «Հայոց արծիվներ միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարել է ընտրապայքարից դուրս գալու մասին: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի չորրորդ օրը նույնպես հանդիպումները կանցկացնեն երկու խմբով։ Առաջին խումբը 14։00-ից կլինի Տավուշի մարզում՝ Այրում, Հաղթանակ, Բերդավան, Կողբ, Նոյեմբերյան, Կոթի, Աչաջուր, Իջևան և Դիլիջան համայնքներում։ Կուսակցության երկրորդ խումբը ժամը 11։00-ից հանդիպումներ կունենա Երևանի Արաբկիր համայնքում՝ Պրահայի այգում, Երազ բիզնես թաղամասում և Մերգելյանի այգում։
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Արմավիրի մարզում: Կուսակցության ներկայացուցիչները ժամը 10:00-ից լինելու են Էջմիածին ու Արմավիր քաղաքներում: Վերադառնալու են Երևան ժամը 15:00-ի սահմաններում ու կիրականացնեն իրազեկման ակցիաներ:
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 10-ին՝ լինելու է Արարատի մարզում: Արշավը սկսելու են ժամը 13:00-ին՝ Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակից: Նրանք լինելու են նաև Արտաշատի թատրոնամերձ հրապարակում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վաղ առավոտից լինելու են Լոռու մարզում: Ժամը 18:30-ին նրանք կլինեն Վանաձորում՝ Հայքի հրապարակում:
«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ լինելու է Արագածոտնի մարզում: Հանդիպումներ են անցկացնելու Թալինում, Ծաղկահովտում, Ալագյազում: Վերջին կետը լինելու է Աշտարակ քաղաքը: Նախընտրական կենտրոնական շտաբում տեղի կունենա շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի, դաշինքի անդամներ Գեղամ Նազարյանի և Աննա Գրիգորյանի ճեպազրույցը:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով։ Ժամը 14։00-ին «Էլիտ պլազա» հյուրանոցում տեղի կունենա կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը։
«Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես կներկայանա ասուլիսային ձևաչափով։ Ժամը 12։00-ին տեղի կունենա «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի և հանրային կապերի խորհրդական Վարդան Ոսկանյանի մամուլի ասուլիսը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է Տավուշի մարզում։ Քաղաքացիների հետ հանդիպումը տեղի կունենա Իջևան քաղաքում ժամը 18:00-ին:
«Զարթոնք» կուսակցությունը առավոտյան ժամը 9:00-ին լինելու է Դավիթաշեն վարչական շրջանում։ Երթուղին սկսելու են Սրբոց Նահատակաց եկեղեցուց։ Շրջելու են ու իրազեկման ակցիա իրականացնեն։
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ժամը 11։00-ին կներկայացնի իր նախընտրական ծրագրի քաղաքական, տնտեսական և իրավական դրույթները։
Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն: Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն:
Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու:
comment.count (0)