2019-ին սպառազինության ծախսերի գերակշիռ մասն ուղղվել է «ՍՈՒ-30»-ների ձեռքբերմանը
18:15 - 10.հունիսի.2021

2019-ին սպառազինության ծախսերի գերակշիռ մասն ուղղվել է «ՍՈՒ-30»-ների ձեռքբերմանը

Մի քանի օր առաջ Արարատի մարզի Մասիս գյուղում՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հղում անելով Ստոկհոլմի՝ Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտի հրապարակած տվյալներին (Stockholm International Peace Research Institute), նշեց, որ միայն 2019-ին Հայաստանը ներկրել է 248 մլն դոլարի սպառազինություն, կամ 10 տարվա կտրվածքով ներկրվածի 62․3%-ը․ «Երկու տարին տասը տարվա 20%-ն է, բայց էդ 20% ժամանակահատվածի ընթացքում մենք ներկրել ենք վերջին տասը տարում՝ մինչև 2020 թիվը, Հայաստան ներկրված սպառազինության 62%-ը»։ 

Ստոկհոլմի՝ Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտի հրապարակած տվյալներից (տվյալները կարող եք ներբեռնել այստեղից) տեղեկանում ենք, որ Փաշինյանը ճիշտ է․ 2019-ին Հայաստանն, իսկապես, 248 մլն դոլարի սպառազինություն է ներկրել։ 2011-ից 2020 թթ․ Հայաստանն, ընդհանուր առմամբ, ներկրել է 398 մլն դոլարի սպառազինություն։

Ինստիտուտը սպառազինության ներկրումների ծախսերը ներկայացնելիս նաև նշել է, թե սպառազինության յուրաքանչյուր տեսակի համար որքան գումար է ծախսվել։

Այսպիսով՝ 2011-2020 թթ․ ընթացքում Հայաստանը հրթիռներ ներկրելու համար ծախսել է 146 մլն դոլար։ 2018-ին և 2020-ին Հայաստանը հրթիռներ չի ներկրել, իսկ 2019-ին դրանց ներկրման համար ծախսել է 17 մլն դոլար։ Հրթիռների ներկրման համար ամենամեծ գումարը Հայաստանը ծախսել է 2016-ին (100 մլն դոլար)։ Հիշեցնենք, որ 2016-ին՝ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ, առաջին անգամ ցուցադրվեցին Հայաստանի ձեռք բերած «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը։

Հրետանի ներկրելու համար Հայաստանը 2011-2020 թթ․ ընթացքում ծախսել է 11 մլն դոլար, 2018-ից 2020 թթ․ ընթացքում հրետանի ներկրելու համար ծախսեր չեն եղել։

Զրահամեքենաներ ներկրելու համար 2011-2020 թթ․ Հայաստանը ծախսել է 6 մլն դոլար, 2018-2020 թթ․ զրահամեքենաներ ձեռք բերելու համար ծախսեր չեն եղել։

Հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար 2011-2020 թթ․ ընթացքում Հայաստանը ծախսել է 41 մլն դոլար․ այս ողջ գումարը ծախսվել է 2019-ի ընթացքում։ 

Ինքնաթիռներ ձեռք բերելու համար 2011-2020 թթ․ ընթացքում Հայաստանը ծախսել է 194 մլն դոլար, որից 190 մլն դոլարը ծախսվել է 2019-ին։ Հիշեցնենք, որ 2019-ին Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել 4 միավոր «ՍՈՒ-30» կործանիչ։

Փաստորեն, 2019 թ․ ռազմական ներկրումների համար ծախսված 248 մլն դոլարից 190 մլն դոլարով (2019-ին ծախսված գումարի 76․61%) ձեռք են բերվել «ՍՈՒ-30» կործանիչներ։

2020-ի պատերազմից հետո ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն ասուլիս տվեց, որի ընթացքում անդրադարձավ նաև «ՍՈՒ-30»-ներին՝ նշելով, որ դրանք  չեն կրակել պատերազմի ընթացքում։ Հակոբյանը մեղադրեց իշխանությանը, որ զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը, թե որ զինամթերքն իրեն չեն վաճառելու․ «Այն զինամթերքը, որ ձեռք է բերվել, ՌԴ կառավարության որոշմամբ, այդ զինամթերքի՝ երկրորդ երկրին վաճառելն արգելվում է, դրա համար այդ «ՍՈՒ-30»-ները Հայաստանում են առանց զինամթերքի»։

Անդրադառնալով «ՍՈՒ-30»-ներն առանց հրթիռների ձեռք բերելու և վերջին պատերազմի ժամանակ չկիրառվելու հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Մեզ ասում են` ինչի եք ինքնաթիռ գնել։ Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիսին են բերվել, և այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել։ 26 տարվա պետությունը ինչու՞ չուներ կործանիչ ավիացիա»։

Փաշինյանի խոսքով՝ կոնկրետ ռազմական իրավիճակում «ՍՈՒ-30»-ների օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են՝ հաշվի առնելով, թե եղած սպառազինությունը որքանով է հնարավորություն տալիս, որ դրանք կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները․ «Ցավոք, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել անհրաժեշտ աքսեսուարները, հրթիռները, որ հնարավորություն կտային «ՍՈՒ-30 ԷսԷՄ» գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ ու հզորությամբ»։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որպես իր կառավարման ժամանակահատվածի դրական արդյունք է ներկայացնում սպառազինության ներկրման ծախսերի ավելացումը, սակայն այդ ծախսերի մեծ մասով ձեռք են բերվել առանց հրթիռների «ՍՈՒ-30»-ներ, որոնք պատերազմի ժամանակ չեն կիրառվել։

Ստոկհոլմի՝ Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտը  տվյալներ ունի Հաայաստանի՝ սպառազինության ներկրման ծախսերի վերաբերյալ՝ սկսած 1993-ից։ 1993-2020 թթ․ ընթացքում Հայաստանը սպառազինություն ներկրելու համար ծախսել է, ընդհանուր առմամբ, 916 մլն դոլար, որից 300 մլն դոլարը՝ 1993-ից 1997 թթ․, 121 մլն դոլարը՝ 1998-2007 թթ․, 247 մլն դոլարը՝ 2008-2017 թթ․, 248 մլն դոլարը՝ 2018-2020 թթ․։

Աննա Սահակյան



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել