23:03- Չնայած տպավորություն է, որ ընտրությունը նախորդների ու ներկաների միջև է, սակայն, իրականում, այդպես չէ։ Պետք է ուսումնասիրել ուժերի ու մարդկանց հետագիծը, գործը: Նիկոլ Փաշինյանին դարձյալ հրավիրում եմ բանավեճի․ նախկիններն այլևս չկան, նրանց մերժել ենք։ [«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Սանասարյան] |1lurer.am|
22:18- Ալիևը վերելակային հանդիպման ժամանակ «մատի վրա ֆռցրեց» այս տհասին և սկսեց անել իր գործը։ Այդ ժամանակից է դրվել մեր անվտանգութայն համակարգի փլուզման գործընթացը։ Հիշում եք, թե ինչպես էին այս աննամուսները, պատիվ չունեցող մարդիկ ժողովրդի մեջ լուրեր տարածում, որ Ղարաբաղը տանք ու հանգիստ ապրենք Հայաստանում, որքան էլ մենք փորձում էինք բացատրել, որ մեր Հանրապետության տարբեր վայրերից զորակոչված և մեր սահմանները պաշտպանող զինվորը պաշտպանում է Հայաստանի սահմանները։ Որքան ներկա իշխանությունները ունենան բանակին հրաման տալու հնարավորություն, այնքան մեր բանակը չի կարողանալու լինել մարտունակ։ [Սերժ Սարգսյանը՝ Վայոց Ձորի մարզում] |tert.am|
22:13- ԿԸՀ-ն թերի հիմնավորված մի որոշում էր կայացրել, որով Ռոբերտ Քոչարյանի «գրքի» պաստառները պետք է հեռացվեին ու շատ քիչ բան էր արել` դատարանում այդ որոշումը պաշտպանելու համար (և դատարանը որոշումը ուժը կորցրած ճանաչեց)։ Նախորդ շաբաթ դիմել էինք ԿԸՀ նախագահին` պահանջելով տալ վարույթի նյութերի, Քոչարյանի հայցադիմումի ու ԿԸՀ առարկությունների պատճենները։ Սակայն Տիգրան Մուկուչյանը մերժել էր տեղեկատվության տրամադրումը և հակաիրավական այդ քայլով ոչ միայն խախտել է դիտորդություն իրականացնող կազմակերպության իրավունքը, այլև հանրությունից գաղտնի է պահել այն, թե ինչ է ԿԸՀ-ն արել Ռոբերտ Քոչարյանի պաստառները հանելու ու հավասար մրցակցությունը ապահովելու համար։ [Դանիել Իոաննիսյան] Կարդալ ավելին
21։12- Այսօր «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Գեղարքունիքի մարզում էին։ Տոնոյանը քաղաքացիների հետ անհատական հանդիպումների ժամանակ նշում էր, որ պետք է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել և մենք պատրաստ ենք պայքարել և ոտքի կանգնել: «Մենք կարևորում ենք մարդու արհեստավարժությունն ու նվիրվածությունը Հայրենիքին։ Ազգային պետության կառուցում և հզորացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկիրը կառավարում են ազգային նպատակներ ունեցող և այդ ամենն իրականացնելու կամք ունեցող նվիրյալներ»,- նշել է Տոնոյանը: [«5165» շարժում]
20։52- Գագիկ Ծառուկյանը նշում է, որ առօրյա կյանքում շփվում է՝ տեսնում է, մարդիկ աշխատանք են ուզում ու պիտի մարդկանց կարողանան ապահովել աշխատանքով. «Մարդիկ գնացել են արտագնա աշխատանքի, որպեսզի իրենց տունը պահեն, էսօր էստեղ մասնագետ չկա, ուզենաս գտնես՝ չկա»։ Նրա խոսքով՝ պետք է աշխատատեղեր ստեղծել, որ Հայաստանում ներգաղթ սկսվի ու հանրապետությունում սովորած մասնագետները ստիպված չլինեն աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնել։ |armtimes.com|
20։32- Իջեցնելու ենք վարկերի տոկոսադրույքները։ Ոչ թե այլոց պես պոպուլիստական հայտարարում ենք, որ մարելու ենք ձեր վարկերը, միլիարդներ չեմ իմանում՝ ում հաշվին, վճարելու ենք մարդկանց փոխարեն, այլ իրատեսական՝ էժան փողը Եվրոպայից բերելու ենք Հայաստան։ [ԱԺԲ խորհրդի անդամ Վահրամ Մարտիրոսյանը՝ Երևանում հանրահավաքի ժամանակ]
20։29- Այս տարիների ընթացքում հետևողականորեն թիրախավորվել են մեր ազգային արժեքները, ընտանիքը, բանակը, եկեղեցին, և մենք գտնում ենք, որ ազգային դիմագծի ջնջման հակառակ դաշտում ազգային գաղափարները կրող, պահպանող ուժերը քիչ են, և այդ ամենը նպաստել է, որ կորցնենք մեր ազգային դիմադրողականությունը: Տարիներ առաջ աբսուրդ կթվար հանգամանքը, որ Հայաստանը լուռ հետևում է, թե ինչպես է թշնամին իր պետության տարածք է ներխուժել ու քիչ-քիչ առաջանում, իսկ այժմ ինքնապաշտպանական բնազդը կարծես թմրած է։ [«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիր անդամ Տաթևիկ Բուջատյան] |hetq.am|
20։18- Մենք առաջարկելու ենք անգամ երկրորդ սենատի ստեղծում, որը համալրված է լինելու մեր արտասահմանի եղբայրների միջոցով։ Այս երկիրը միայն մերը չէ, նրանք նույնպես պետք է մասնակցեն այս պրոցեսին։ [«Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյան]
20։07- Հունիսի 9-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից արտահերթ ընտրությունների կապակցությամբ իրականացվել է քարոզարշավ, որի ընթացքում, Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ Ղափանցյան 4 հասցեի մոտակայքում գտնվող զրուցարանում, մի քանի անձինք առերևույթ խոչընդոտել են նախընտրական քարոզչություն իրականացնելուն, ինչի հետևանքով զրուցարանում գտնվող և քարոզարշավ իրականացնող անձանց միջև սկսվել է վիճաբանություն, որն էլ վերածվել է ծեծկռտուքի: Հարուցվել է քրգործ։ [ՔԿ]
19։42- Այսօր Հայաստանին անհրաժեշտ է ունենալ հզոր բանակ, և հզոր բանակ ունենալուց հետո նաև տանել այն քաղաքականությունը, որը անհրաժեշտ է մեր պետությանը, մեր պետականությանը։ Այսինքն՝ եթե քաղաքական գործիչները, քաղաքական վարչարարները չեն կարողանում զգալ ուժ, իրենք կարող են և սխալ վարվել։ Այս իսկ պատճառով մենք կոչել ենք ռազմաքաղաքական ուղղվածությունը մեր։ [«Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյան]
18։44- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները իրենց քարոզարշավը մեկնարկել են Կենտրոնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, որտեղ օրհնություն ստանալուց հետո կուսակցության թեկնածուները շրջել են Կենտրոնի փողոցներով, շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց մտահոգությունները, պատասխանել նրանց հուզող հարցերին։ |armenpress.am|
18։40- Նրանք իշխանության եկան թեզերով, որ Հայաստանը թալանում են, որ Հայաստանը կառավարում են օլիգարխները, և Հայաստանում աղքատություն կա, քանի որ Հայաստանում կան հարուստներ, հիմար թեզեր, որոնք շատերին դուր են գալիս, բայց ի՞նչ տեղի ունեցավ, անցավ որոշ ժամանակ և այս մարդը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան, կան խոշոր սեփականատերեր: Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն դարձավ բյուրեղյա մաքուր, անկաշառ, իմքայլականների 5-րդ համարը: [Սերժ Սարգսյան] |tert.am|
18:03- Այն քաղաքական ուժը, որն ուղղակի պատասխանատու է այս ստեղծված իրավիճակի համար՝ դեռ հույս ունի, որ ինքը կարող է ստանալ ժողովրդի քվեն, սա նշանակում է, որ յուրաքանչյուր իշխանություն կարող է գալ, ամեն ինչ ավիրել և հույս ունենալ, որ շարունակելու է մնալ իր աթոռներին: Մեր, անձամբ իմ այս պայքարի մեջ մտնելու պատճառն այն է, որ այս մարդիկ ուղղակի քանդեցին, ավիրեցին իմ կյանքի գործը: Իմ կենսագրությունն ուղղակի անբաժան է Արցախյան ազատամարտից, իմ կյանքն ու Արցախի ազատագրման պայքարը խաչված էին ու նրանք քանդեցին, բաժանեցին, այրեցին: [Ռոբերտ Քոչարյանը`Չարենցավանում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ] |tert.am|
17:59- Չի բացառվում, որ ընտրությունների օրը կամ հաջորդ օրերին սրացումներ լինեն, մի բան ակնհայտ է, որ ոչ ոք շատ ձայն չի հավաքելու, Հայաստանում չկա նման քաղաքական ուժ, որը մեծամասնություն ստանա։ Դա արդեն անկայունության հիմք է, և սրանից ելնելով է, որ մենք մտանք ընտրապայքարի մեջ, փորձելով հասկացնել մեր հասարակությանը, որ այս երկու ուժերի բախումը, որոնք բացարձակ քաղաքական չեն, չկա այստեղ ո՛չ ծրագրի, ո՛չ մտքերի բախում, կա զուտ անձնական վրեժի և իշխանությունը ցանկացած գնով պահելու մոլուցք, և այս դեպքում հարկավոր է ունենալ սթափության խոսք, երրորդ ուժ, երրորդ տեսակետ, որը հասարակությանը կհասկացնի որ այս երկուսի ոչ գաղափարական բախումից մեր երկիրը չի շահելու։ [ՀԱԿ անդամ Արամ Մանուկյան]
17:58- 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: [ՀՀ հատուկ քննչական ծառայություն]
17:53-Նիկոլ Փաշինյանը այսօր քաղաքացիներին տանում է ակնհայտ բախման։ Տանում է, որ հայը դուրս գա հայի դեմ, մենք պետք է իր ձեռքից բռնենք և դա պետք է անենք իրար հետ։ Մենք հիմա այստեղ ենք, որպեսզի խնդրենք ձեր քվեն, որ մեզ տաք հնարավորություն՝ դուրս վռնդելուազգի դավաճաններին մեր երկրից։ Նիկոլի էջը, համոզված եմ, ամսի 20-ին փակ է լինելու։ [«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյան] |armenpress.am|
17:35- ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Արցախի պատերազմի ընթացքում պայքարը շարունակվել է մինչև այն կետը, մինչև որն իմաստ է եղել պայքարել, պրոցեսը դադարեցվել է միայն այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ պայքարը շարունակելը հիմնավորումներ չունի: Նա նկատեց՝ նոյեմբերի 9-ից հետո ամենաշահարկված թեմաներից մեկը կապ ունի Նոյեմբերյանի հետ: «Լեգենդներ են հորինել, թե ես իբր ստորագրում էի թղթեր, անկլավ կամ տարածքներ էի տալիս, վերջին պահին ինչ-որ մարդիկ եկան, ձեռքիցս բռնեցին»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ դրանք բոլորը հեքիաթներ են: [Նիկոլ Փաշինյանը՝ Բերդավան համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը] |armenpress.am|
17։21- Հունիսի 7-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրից տեղ գտած ատելության խոսքը, վարկաբեկիչ և վիրավորական արտահայտությունները, հայհոյելու, հաշվեհարդարներով ու բռնությամբ սպառնալու վարքագիծը, ցավոք, մեր հասարակությանը կարող է կանգնեցնել այնպիսի կացության առջև, որի ահագնացման պարագայում անխուսափելի պիտի դառնան անհանդուրժողության, ատելության և թշնամանքի հողի վրա քաղաքացիական բախումները։ Արդարացում չունեն և դատապարտելի են բոլոր այն քայլերը, որոնք պառակտում և բևեռացնում են պատերազմի ցավերը դեռ չամոքած մեր հասարակությանը։ [Հայաստանի եպիսկոպոսների հայտարարությունը]
17։10- Հունիսի 9-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ նշելով, որ գործը ոստիկանությունից ուղարկվել է Արաբկիրի քննչական բաժին, հիմա նյութեր են նախապատրաստվում։ |factor.am|
17։08- Ծրագրերում մի առաջնայնություն ունենք՝ մեր գիտնականների հետ կապված: ԳԱԱ-ի ենթակայության տակ գործող մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ պետության կողմից շեշտակի ուշադրությանն անհրաժեշտություն ունեն: Դրանք պետք է կատարելագործվեն պետական կառավարման առավելագույն ռեժիմով, տեխնոլոգիապես բարձր մակարդակի բոլոր անհրաժեշտ պարագաներով ապահովելու, սկսած սարքավորումներից՝ ներառյալ ժամանակակից մասնագետներով: [«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյան] |armenpress.am|
16։44- Եթե կապիտուլյանտը պողպատե հեղափոխություն ասելով հասկանում է ավելի ուժգնացում այս պրոցեսների, ապա մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է այդ պողպատե հեղափոխությանը դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան։Եվ ոչ միայն վահան, այլ նաև դրա հետ մի դագանակ, որով մենք պետք է քշենք բոլոր այն մարդկանց, որոնք փորձում են իրենց պողպատյա գործիքը օգտագործել մեր դեմ։ Մենք ուրիշ ելք չունենք, հակառակ պարագայում մենք լրացնելու ենք այն ժողովուրդների շարքը, որոնք, լինելով մեզանից թվապես մի քանի անգամ ավելի, չունեն իրենց պետականությունը և իրենք մնացել են ընդամենը պատմության դասագրքերում։ [ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպմանը] |tert.am|
16:16- Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք, իսկ մեր խոսքը տարբերվում է նրանով, որ մեր ամբողջ ծրագրերը ուղղված են ապագային: Մենք չենք անդրադառնում ներկային և անցյալին, մենք դաշտ ենք բերում նոր մոտեցումներ, տարբեր հարցերի շուրջ, օրինակ՝ անվտանգության, տնտեսության, Սփյուռքի հետ հարաբերությունների կարգավորման: Բանակաշինության ուղղությամբ շատ արդիական ծրագրեր ունենք, մենք ասում ենք, որ բանակը պետք է բարեփոխվի, որ բանակում երկու տարվա ծառայության ժամկետը կրճատվի և դառնա մեկ տարի: Մենք առաջարկում ենք, որ զենքի կրման ազատականացում լինի Հայաստանում: [Միասնական հայրնեիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյան]|armtimes.com|
15:35- Իշխանության գալուց հետո մեզ համար առաջնային խնդիրն է կազմաքանդված գործադիր իշխանության վերականգնումը, որ այսօրվա դրությամբ ամբողջովին տապալված է հանրապետությունում։ Երկրորդ ամենակարևոր քայլը, որ կարելի է ասել առաջինին զուգահեռ է գնալու՝ բացատրել ժողովրդին, որ որոշակի ժամանակ վատ են ապրելու և վերականգնել Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքային ամբողջականությունը։ Որովհետև ես կարծում եմ՝ եթե մենք էդ խնդրին լուծում չտվեցինք, մոտակա մի քանի տարի հետո Հայաստանն ընդհանրապես գոյություն չի ունենա, գոյություն չունեցող Հայաստանում սահմանադրության կարիք չի լինի։ [«Հայոց հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյան] |hetq.am|
15:32- «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը որոշել է 2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին սատարել «Հայաստան» դաշինքին՝ կուսակցության անդամներին ու համակիրներին կոչ անելով քվեարկել հանուն ուժեղ ու հզոր Հայաստանի, ակտիվ մասնակցել ընտրական գործընթացներին: [«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը]
15:17- Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է առերևույթ ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնոդրությունները: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել էր քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՀՔԾ-ում: Նշված գործով քրեական հետապնդում է հարուցվել ևս 7 անձի նկատմամբ, որոնցից մեկին՝ ընտրակաշառք տալու, 6-ին՝ ընտրակաշառք ստանալու կասկածանքով: [ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]
15:12- Ռոբերտ Քոչարյանի ու իր թիմակիցների՝ այսօր ընտրություններին մասնակցելը խոսում է ոչ թե նրանց ուժի, այլ Նիկոլ Փաշինյանի կառավարության թուլության մասին: Եվ մենք թույլ չենք տալու, որ այդ թուլությունը շարունակվի: 3 տարի անձնապես ամեն ինչ արել եմ, որ իշխանության թիկունքն ամուր լինի: Անելու եմ ամեն ինչ, որ նախկիններն իշխանության չգան: Այս ընտրությունները անկախության հանրաքվեներ են, և ես ձեզ խնդրում եմ, որպեսզի գնաք և ձեր կամքը ի ցույց դնեք ամբողջ աշխարհին, պարտադրեք, որ ձեր իշխանության, ժողովրդի իշխանության հետ աշխարհը հաշվի նստի։ [Արման Բաբաջանյանը՝ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» քարոզարշավի ժամանակ] |armenpress.am|
14:53- Մենք կարծում ենք, որ կան անկլավների ընդհանուր տրամաբանություն և անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված լուծման ձևեր, որ այն իրավիճակը, որն արձանագրված է, այդ իրավիճակը թողնում են։ Ինչու, որովհետև մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ։ Մեր տրամաբանությունն այն է, որ այդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ և այն, ինչը իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչը մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ։ [Նիկոլ Փաշինյանը՝ Բերդ քաղաքում քարոզարշավի ժամանակ] |civilnet.am|
14:29- Ես կրկնում եմ այն դիրքորոշումը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարն է արտահայտել՝ Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի հետ մենք կոալիցիա չենք ստեղծելու, դա բացառված է: Մնացած ուժերի հետ կապված բոլոր գործընթացների մասին առայժմ զերծ կմնամ խոսելուց։ [ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը` «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա ստեղծելու մասին] |armenpress.am|
14:05- «Պատիվ ունեմ» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Վարոց Ձորի մարզ: ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, դաշինքի ցուցակը գլխավորող՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և թիմակիցների հետ հանդիպել է վայոցձորցիների հետ: Նրանք ներկայացրել են «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագիրը, պատասխանել բնակիչներին հուզող հարցերին: [«Պատիվ ունեմ» դաշինք]
13:44- Հունիսի 10-ին «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ նախընտրական հանդիպումներ են ունեցել այս անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի համախոհների և բնակիչների հետ: Թեկնածուներն շրջել են բակային տարածքներով, տեղում զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վարչական շրջանի խնդիրներից, պատասխանել նրանց հուզող հարցերին։ [«Պատիվ ունեմ» դաշինք]
13:02- Մենք պատրաստ չենք անցնելու պարտադիր զինծառայության բոլոր պետական ծառայողների, ներառյալ կանանց համար։ Այդպիսի համակարգի կտրուկ անցումը կհանգեցնի ներքին լարվածության աճի։ Հարցի շուրջ լայն քննարկման եւ հանրաքվեի անցկացման անհրաժեշտություն կլինի, բայց դա արդեն վերջին փուլն է։ Չնայած ես դա կատարյալ օրինակ եմ համարում (որն աշխատում է Իսրայելում), երբ թշնամաբար տրամադրված պետությունների շրջապատում ձեւավորվում են անվտանգության ամրապնդման եւ երկրի զարգացման պայմաններ։ [Ռոբերտ Քոչարյան] |news.am|
12:53- Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի ճանաչում ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը և սա համարում է քաղաքական կողմնակալության դրսևորում։ Կարծում ենք՝ այս որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ ՀԴԿ-ն վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանը ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը։ Կուսակցական բոլոր փաստաթղթերն ընդունվել և գրանցվել են, օրենքը հետադարձ ուժ չունի: Որոշումը շուտով կբողոքարկվի դատարանում: [ՀԴԿ]
12:37- Գործն ընտրակաշառքի միասին է, մինչդեռ պարոն Խլղաթյան եւ ընտրակաշառք, կամ «Պատիվ ունեմ» դաշինք եւ ընտրակաշառք, իրար հետ այդ երկու բառն ասելը ծիծաղելի է: Պարոն Խլղաթյանն այնքան հեղինակություն ու համակիրներ ունի, որ ընդհանրապես ընտրակաշառքի մասին մտքով կարող է չանցնել: Փաստորեն սկսել են քաղաքական հետապնդումներ, բայց վստահ եմ, որ նրանց չի հաջողվելու որեւէ արդյունքի հասնել: [«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայան] |news.am|
12:26- ՀՀ ապագայի համար սրանք ճակատագրական ընտրութուններ են։ Հայաստանն անցավ մեծ աղետի միջով՝ վճարելով անցյալի սխալների , բացթողումների, անցյալում որդեգրած պետության մոդելի և հաղթանակը մսխելու պատճառով։ Սա Հայաստանի ապագայի տեսլականի ընտրություն է, և եթե ոմանք գտնում են, որ հիասթափված են, ապա պետք է ընդունեն, որ Հայաստանի ապագան էլ պիտի հիասթափությունը լինի, եթե գտնում են, որ չունեն այլընտրանք, ապա Հայաստանը դատապարտում են այլընտրանքի բացակայության։ Իսկ Հայաստանի այլընտրանքը 21-րդ դարին հարիր, արդյունաբերական հինգերորդ հեղափոխությանը համընթաց քայլող բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունեցող, ապագայի պատերազմներին պատրաստ և այսպիսի բարդ, աշխարհաքաղաքական միջավայրում, աղետների բարձր ռիսկերի գոտում գտնվելով անվտանգային կատարյալ համակարգ ունեցող պետությունն է։ Ցանկացած ոլորտում հաջողության կեսը խնդրի ճիշտ ձևակերպումն է։ [«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի թեկնածու Ստյոպա Սաֆարյան]
12:20- Բացառում եմ, որ մեր իշխանության գալու դեպքում Հայաստանում կլինեն արտոնյալ անձինք։ Դուք երբևիցե լսե՞լ եք իմ ընտանիքի անդամի կամ բարեկամի կողմից որևէ լկտիություն որևէ տեղ։ Իսկ 2008 թվականից հետո ես իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել։ 2009-ից մինչև 2018թթ․ նույնիսկ շփումներ չեմ ունեցել, որովհետև շատ բաներ կար, ինչի հետ համաձայն չէի։ Եվ հիմա ասում եմ՝ բացառվում է, որ մենք նման կարգի դրսևորումներ թույլ տանք, դա միանշանակ է։ [Ռոբերտ Քոչարյանը` Եղվարդում] |hetq.am|
12:11- Մենք պետք է ջրային ռեսուրսներն օգտագործենք, մարդիկ բողոքում են, որ չեն կարողանում բերքը իրացնել: Կա անգլիական մի ընկերություն, որը պատրաստ է 6.4 մլրդ դրամ ներդրում անել ՀՀ-ում՝ ջրային ռեսուրսների վրա։ Աշխատատեղեր է պետք ստեղծել, և սոցիալական խնդիր կարող ենք լուծել նաև հանքերի շնորհիվ: Բոլորին հորդորում եմ անպայման գնալ արտահերթ ընտրություններին: Սահմանին կանգնած զինվորը հայրենիքի առաջ իր պարտքն է կատարում, ձեր առաջ հայրենիքը շատ փոքր պարտք է դրել․ դուք պետք է գնաք ընտրատեղամաս, ձևավորեք ձեր սրտին հոգեհարազատ իշխանություն։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ Արմավիրում] |armenpress.am|
12:04- Տվյալներ են ստացվել ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար Արմավիրի նախկին քաղաքապետի՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ի կողմից Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Պ.-ին 9 միլիոն ՀՀ դրամ գումար փոխանցելու վերաբերյալ: Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, գյուղում գտնվող Գ. Պ.-ի տանը երկու անձինք բռնվել են ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։ Ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք դեպի տան բակ են նետել պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա գումարը, որը հայտնաբերվել և վերցվել է։ Հարուցվել է քրգործ։ Ռ. Խ.-ն և Գ.Պ.-ն բերման են ենթարկվել և ձերբակալվել: Նրանք հրաժարվել են ցուցմունք տալ: [Դատախազություն]
11։47- Հայաստանը պետք է կարողանա վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Մենք պետք է օգտվենք բոլոր այն կազմակերպություններից, որոնց անդամակցում ենք։ Ես շատ կարեւորում եմ նաեւ ՍԵՊԱ-ի համաձայնագիրը։ Մենք պետք է կարգավորենք հարաբերությունները ՌԴ-ի հետ, հասկանանք, թե ՀԱՊԿ-ն որ պայմաններում է աշխատում։ Ինձ մոտ տպավորություն է՝ քանի Մոզամբիկի կամ ԱՄՆ-ի զորքերը չեն մտնում Հայաստան, ՀԱՊԿ-ն չի համարելու, որ դա հարձակում է Հայաստանի վրա։ [«Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյան] |armtimes.com|
11։44- Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորը ՌԴ խաղաղապահ զորախումբն է։ Այսպիսի կարծիք է հայտնել «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Խաչիկ Գալստյանը։ Նա նշում է, որ Հայաստանին «ուժեղ բռունցք է պետք» և վստահ է, որ դաշինքի ցուցակը գլխավորող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է երկրում կարգուկանոն հաստատել։ |hetq.am|
11:40- Քաղաքական ուժերի մի մասը խոսում է ռուսական կոնտինգենտի ընդլայնման մասին, մի մասը խոսում է տարածաշրջանում ֆրանսիական զորախումբ բերելու անհրաժեշտության մասին, ոմանք խոսում են ԱՄՆ-ի մասին, որեւէ մեկը չի խոսում հայկական բանակի մասին։ Մեզ անհրաժեշտ է բանակի հզորացում։ Պետք է ստեղծենք այնպիսի մարտունակ բանակ, որը կլինի տարածաշրջանում լավագույնը։ [«Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյան] |armtimes.com|
11։33- «Ազգ-բանակ» գաղափար եղել է Հայաստանում, բայց չի ընդունվել։ Առաջարկը մի քիչ ռադիկալ է՝ բոլորը ծառայեն, նաև կանայք։ Ես չեմ կարծում՝ մենք պատրաստ ենք նման քայլի գնալ։ Սա Իսրայելի օրինակն է, իմ համար սա իդեալական օրինակն էր, որ թշնամական միջավայրում ստեղծել են հզոր, արդյունավետ, զարգացած, պաշտպանված պետություն։ Բայց սա այն հարցն է, որ պետք է շատ լայն կոնսենսուսով քննարկվի մեր հասարակությունում, և դրանից հետո քայլեր արվեն այդ ուղղությամբ։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]
11։29- Մենք տարբեր հարթակներում մեր մոտեցումներով փոխանակվում ենք այլ քաղաքական ուժերի հետ: Կարող եմ ասել, որ բովանդակալից է և հետաքրքիր է ստացվում: Միմյանց հետ շփվելը մեզ համար հնարավորություն է, որպեսզի ընդհանուր եզրեր գտնենք: Կախված ընտրությունների արդյունքների հետ, մենք կձավորենք այնպիսի մթնոլորտ, որը որ կհամապատասխանի մեր պահանջարկներին: [ «Միասնական հայրնեիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը՝ խորհրդարանում որևէ ուժի հետ դաշինք կազմելու մասին] |armtimes.com|
11։22- ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից մեկի ներկայացուցիչը հայտարարել է, թե ոստիկանները Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում անօրինական կերպով միջամտել են նախընտրական գործընթացներին։ Հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկաններն իսկապես այցելել են համայնքի բնակիչներին բացատրություններ վերցնելու նպատակով, առ այն, որ Արծվանիկի վարչական ղեկավարը բնակիչներին պարտադրել է առաջիկա ընտրություններում քվեարկել մասնակից ուժերից մեկի օգտին և հայտարարել է, որ հակառակ դեպքում նրանց կզրկի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ից պոչամբարի համար պայմանագրով տրամադրվող 40 հազար դրամ աջակցությունից: Հետաքննությունը շարունակվում է։ [ՀՀ ոստիկանություն]
11։17- Առաջին բանը, որ «Լուսավոր Հայաստանն» ուզում է անել հասնելն է նրան, որ ոչ մի ուժ չունենա 51% ձայն, որ ամբարտավանությունը երկրում դադարեցվի, որ «ժողովուրդն ա որոշել, որ պետք ա չգիտեմ ինչը, եսիմ ինչ անենք»․ ժողովուրդը չգիտի էլ՝ ինչ են ուզում անել։ Չի հավաքելու 63% ո՛չ ինքը, ո՛չ որևէ մեկը։ Շատ կարևոր է, որ մտածող, ժողովրդի համար անհանգիստ, համերաշխություն բերող ուժեր մտնեն խորհրդարան՝ ԼՀԿ գլխավորությամբ, և պարտադրենք ազգային համերաշխության կառավարության ձևավորում։ Իսկ եթե մի ուժը 51% ստանում է, էդ ուժն ունի օրակարգ՝ ոչնչացնել իր օպոնենտներին, դրա արդյունքում ոչնչանալու ենք բոլորս։ Էդ ոչնչացնելու պրոցեսները տեսանք վերջին երեք տարիների ընթացքում։ Որևէ ուժ դրանով ոչ մի լավ բան չբերեց երկրին։ [ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյան]
10:54- Հայաստանում իշխանությունը ժողովրդի ձեռքին է, և որևէ մեկը չփորձի ժողովրդի ձեռքից վերցնել իշխանությունը։ Մենք էդ կեղծ «էլիտաներին» թույլ չենք տալու վերարտադրվել։ Այո՛, եթե պետք լինի, կանենք հեղափոխություն, կանենք էլի հեղափոխություն, կանենք էնքան հեղափոխություն, մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն ժողովրդի առաջ։ Դուք տեր չեք, դուք ծառա եք, դուք այլևս Հայաստանում չեք լինելու տեր, Հայաստանում լինելու է տեր ժողովուրդը, և դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք նրանց։ [ՔՊ կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Դիլիջանում քարոզարշավի ժամանակ]
10:49- ԵՊՀ Իրավաբանության ֆակուլտետում կլոնացված իրավաբանական մի համակարգ է ձևավորվել, որի 60 տոկոսը պարզապես ատում է սեփական ժողովրդին։ Ամենևին պատահական չէ, որ նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին էդ մարդիկ ուզում էին Հայաստանում հեղափոխություն անել, վեր էին կենում հարթակից ժողովրդին անվանում «ժեխ», «բոմժ», վիրավորելու համար ասում են «Եհովայի վկա», «զոմբի»։ Էս պատմությունը պատերազմի հետ կապ չունի։ Չե՞ք նկատում՝ արդեն մոռացել են։ Նրանք չեն հասկանում՝ ոնց կարող է երկրում ժողովուրդը որոշիչ լինել, իրենք «էլիտայով» պետք է որոշեն։ [ՔՊ կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Դիլիջանում քարոզարշավի ժամանակ]
10։45- Այսօր Հայաստանի լրատվական դաշտը վերածվել է իսկական աղբանոցի։ Մենք պետք է նաև լրագրողական հանրությանը քաջալերենք, նաև օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որ ստեղծվեն էթիկայի կանոններ հենց լրագրողական համքարության կողմից, ստեղծվեն էթիկայի կանոնների պահպանման մեխանիզմներ, կանոնները խախտելու համար՝ սահմանափակումներ։ Ինչու պիտի պետական պաշտոնյան ունենա էթիկայի կանոններ (և պետք է ունենա). նույնը պետք է տեղի ունենա նաև լրատվական դաշտի հետ, որովհետև լրատվական դաշտում էսօր գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «քիլլերի» են նման, քան լրագրողի։ [ՔՊ կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյան]
10:37- Մենք առաջարկում ենք, որ զենքի կրման ազատականացում լինի Հայաստանում: Ազգ-բանակի շրջանակներում մոբիլիզացիայի ուղղությամբ պետք է աշխատանք տանենք: Երբ թշնամին մեզ սպառնում է Երևանով, Զանգեզուրով, Սևանով, կարծում եմ, Հայաստանի ամբողջ տարածքում դա պետք է: Մեր գյուղացին, մեր քաղաքացին, մեր հովիվը իրավունք չունի թշնամու առջև կանգնի առանց զենքի, բայց սա չի նշանակում, որ բանակը իր դերը պետք է չկատարիի, մեկը մյուսին պետք է լրացննեն, այլ ոչ թե խանգարեն: [ «Միասնական հայրնեիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյան] |armtimes.com|
09։53- Երևանի տարբեր հատվածներում ականատես ենք լինում այս արատավոր պրակտիկային։ ԿԸՀ կողմից բոլոր 26 ուժերի քարոզչական պաստառների համար նախատեսված ցուցատախտակի ողջ մակերեսը գրավվում է մեկ կոնկրետ ուժի ներկայացուցչի պաստառներով։ Այս ուժի ներկայացուցչի պաստառները փակցվում են մյուս ուժերի, արդեն իսկ փակցրած պաստառների վրա, ինչը երևում է կից նկարում։ [«Լուսավոր Հայաստան» կուսակցություն]
09։45- Տեղեկացնում եմ, որ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը (Արմավիրի նախկին քաղաքապետ)։ Հայտարարում ենք, որ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։ Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը։ [Խլղաթյանի պաշտպաններ]
09:39- Հանրահավաքներից ու հանդիպումներից մինչև քաղաքական զբոսանքներ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արվաշներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում: Ժամանակացույցը՝ այստեղ։ |armenpress.am|
comment.count (0)