armtimes.com: «Երեկ Հայաստանում ցնծություն էր՝ կապված 15 հայ ռազմագերիների վերադարձի հետ, ընդդիմադիր դաշտում էլ սուգ ու շիվան էր՝ նույն թեմայի հետ կապված»:
Այս մասին այսօր, Եղվարդում, նախընտրական քարոզարշավի շրջանակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով գերիների վերադարձի դիմաց Ադրբեջանին հանձնված քարտեզների մասին:
«Այո, երեկ ականապատ տարածքների քարտեզներ են փոխանցվել Ադրբեջանին, բայց տպավորություն են ուզում ստեղծել, թե ինչ ունենք, տվել ենք: Չեմ կարող ասել, որ ոչ շոշափելի մաս է տրվել, շոշափելի հատվածն է տվել, բայց՝ փոքր մի մաս:
Հարցնում են, թե ինչպե՞ս եղավ, որ հենց հիմա, այս շրջանում վերադարձվեցին գերիները:
Երբ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռոքերը եկավ Հայաստան, ասաց, որ իրենք պատրաստվում են շատ լուրջ ջանքեր գործադրել, որ գերիների վերադարձի գործընթացը վերակենդանա: Նա հարց հնչեցրեց, թե մենք պատրա՞ստ ենք այդ վերադարձի դիմաց ինչ-որ բան առաջարկել:
Որոշ ժամանակ առաջ էլ են քարտեզներ տրվել: Դրանք այն տարածքների քարտեզներն են, որոնք հայտնի հանգամանքների բերումով գտնվում են Ադրբեջանի թիկունքում: Տարօրինակ է, որ թեպետ այս ընթացքում արդեն շատ դեպքեր կան, որ ականապատ տարածքներում մարդիկ են զոհվել, խաղաղ բնակիչներ, բայց Ադրբեջանը չէր քայլ անում, որպեսզի մենք այս գործն առաջ տանենք:
Մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլի դիմաց արել ենք քայլ ու պատրաստ ենք կրկին անել:
Երբ մենք տեսանք, որ Ադրբեջանը դադարեցրեց մեր գերիների վերադարձի գործընթացը, մենք էլ դադարեցրեցինք քարտեզների տրամադրման գործընթացը:
15 ընտանիքներ երջանկացան: Ու այստեղ խոսքը ոչ միայն 15 գերիների վերադարձի մասին է, այլ գերիների վերադարձի գործընթացի վերակենդանացման»,-ասաց Փաշինյանը։
comment.count (0)