«Արդար Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է անվտանգության վերաբերյալ ծրագրային հիմնադրույթները, որը ներկայացնում են ստորեւ․
«1. Մեկ տարվա ընթացքում ստեղծել որակապես նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ և ռազմական դոկտրին՝ վերանայելով Հայաստանի անվտանգության ու պաշտպանության համակարգը՝ համապատասխանեցնելով այն արդի մարտահրավերներին:
2. Երկու տարվա ընթացքում իրականացնել 2016թ. և 2020թ. պատերազմների անաչառ և անկախ քննություն, բացահայտել ճշմարտությունը, մեղավորների առկայության դեպքում` օրենքով սահմանված կարգով, ենթարկել պատասխանատվության, անկախ նրանից, թե ովքեր են լինելու նրանք:
3. Փոխել ՀՀ օրենսդրությունը, որի արդյունքում զինված ուժերում չծառայած որևէ մեկը չի կարողանա զբաղեցնել երկրի ղեկավարի, ինչպես նաև բազմաթիվ այլ պատասխանատու պաշտոններ:
4. Մեկ տարվա ընթացքում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը դարձնել 18 ամիս՝ միաժամանակ խրախուսելով պրոֆեսիոնալ բանակի կայացումն ու զարգացումը:
5. Երեք տարվա ընթացքում կայացնել պահեստազորային բանակը, որով էականորեն կփոխվի զինված ուժերի համալրման փիլիսոփայությունը, կվերանայվի զինծառայողի կերպարն ու առաքելության իմաստը:
6. Հինգ տարվա ընթացքում ստեղծել ժամանակակից ազգային ռազմական համալսարան, ձգտել ստեղծել հետխորհրդային երկրների լավագույն բանակը՝ որակական բոլոր չափանիշներով, ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցած սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով՝ խրախուսելով տեղական ռազմական արդյունաբերությունը:
7. Վեց ամսվա ընթացքում լուծել բնակարանային պայմանների բարելավման ցուցակում հերթագրված պահեստազորի բոլոր սպաների բնակարանային ապահովության հարցը:
8. Հինգ տարվա ընթացքում կրկնապատկել բոլոր զինծառայողների աշխատավարձը:
9. Հինգ տարվա ընթացքում ՀՀ պետական սահմաններին մարտական հերթապահություն իրականացնող 18 տարեկան պարտադիր ժամկետային զինծառայողներին փոխարինել պրոֆեսիոնալ զինծառայողներով և ժամանակակից ռոբոտատեխնիկայով:
10. Ռազմական ուսումնական հաստատություններում բարձրացնել ռազմական կրթության որակը, ձևավորել ինտելեկտուալ սպայական կազմ, ձեռնարկել քայլեր՝ զինվորականի մասնագիտությունը երիտասարդության համար գրավիչ դարձնելու համար:
11. Մեկ տարվա ընթացքում զինված ուժերից արմատախիլ անել ծեծն ու բռնությունը, բանակում ձևավորել սոցիալական արդարության միջավայր, իսպառ վերացնել անպատժելիությունը և կայացնել խրախուսման համակարգը:
12. Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը դարձնել գիտության կիրառական ոլորտների զարգացման շարժիչ ուժը։ Ռազմական արտադրանքի ավելի ակտիվ մշակումը և գնումները հնարավորություն կտան ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ավելացնել բյուջեի հարկային եկամուտները։
13. Զարգացնել ռազմական գիտությունը և զինված ուժերում բարեփոխումներն իրականացնել հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքների վրա, ապահովել բանակում գիտական հետազոտությունների ներդրումայնությունը:
14. Հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնել և պարբերաբար զարգացնել երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության համակարգը:
15. Մեծացնել տեղեկատվական անվտանգության մակարդակը․
ազգային անվտանգության ապահովման գերակա ուղղություններից մեկը դարձնել տեղեկատվական անվտանգությունն ուպաշտպանությունը՝ հաշվի առնելով հիբրիդային պատերազմների ռազմավարության շրջանակներում տեղեկատվական համակարգերի վրա իրականացվող հարձակումները և տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ զարգացումը:
16. Բանակի սննդի, ինչպես նաև այլ ապահովումների ու ծառայությունների մատուցումը աստիճանաբար իրականացնելու ենք բացառապես տեղական արտադրության միջոցով»:
comment.count (0)