armenpress.am: «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Սոս Հակոբյանը ներկայացրեց հիմնավորումներ, թե ինչու քաղաքացիները հունիսի 20-ին իրենց ձայնը պետք է տան հենց իրենց դաշինքին:
Հակոբյանն այս մասին խոսեց նախընտրականք քարոզարշավի շրջանակում հրավիրված ասուլիսում:
«Ինչու պետք է հունիսի 20-ին ոչ միայն կատարել քաղաքացիական պարտքը, այլ ձայնը տալ հենց «Պատիվ ունեմ» դաշինիքին: Ուզում եմ հատուկ նշել, որ որևէ քաղաքական ուժ այս ընթացքում ցույց չտվեց արտաքին քաղաքական աջակցության այնպիսի դիապազոն, ինչպիսին «Պատիվ ունեմ» դաշինքը՝ սկսած Արթուր Վանեցյանի Մոսկվա այցից»,-ասաց Հակոբյանը:
Նա հավելեց նաև, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը և Կենտրոնամետ դեմոկրատներն իրենց աջակցությունն են հայտնել Հանրապետական կուսակցությանը: «Ակնհայտ է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը ցույց է տալիս նաև արտաքին քաղաքական ասպարեզում իր ուժը և հունիսի 20-ից հետո ծառայեցնելու է իր հնարավորությունները ՀՀ ազգային շահերին»,- նշեց նա:
Հակոբյանը հատուկ շեշտեց նաև այն հանգամանքը, որ նախընտրական շրջանում՝ քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ Արթուր Վանեցյանը միակ վարչապետի թեկնածուն է եղել, որ այցելել է Արցախ: «Մեզ համար շատ կարևոր են երեք մայրաքաղաքների հետ մեր ունեցած հարաբերությունները: Դրանք են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան և մեր հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը: Պատահական չէ, որ Արցախում Վանեցյանը հանդիպում ունեցավ Վեհափառ Հայրապետի հետ»,- ասաց նա:
Իսկ թե դաշինքն ինչպես է ամփոփելու քարոզարշավը՝ նա ասաց, որ դեռևս 1-2 այց պետք է կատարեն մարզ, զուգահեռաբար կլինեն Երևանում, քարոզարշավի ամփոփման մասին կտեղեկացնեն ավելի ուշ:
comment.count (0)