Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցները չեն․ մենք փնտրելու ենք իրական դաշնակիցների․ Արեգ Կյուրեղյան
13:02 - 17 հունիսի, 2021

Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցները չեն․ մենք փնտրելու ենք իրական դաշնակիցների․ Արեգ Կյուրեղյան

Այն կարծիքները, որ Ռուսաստանի Դաշնությունը և առհասարակ  ՀԱՊԿ-ը աղետ են պատրաստում ՀՀ-ի գլխին, և մեր տարածքների հաշվին, մեր կյանքերի ու քաղաքացիների հաշվին իրենց շահերն են պաշտպանելու, կարծում եմ՝ ապացուցվել է։ «Հետք»-ի «Բարդ ընտրություն» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգ Կյուրեղյանը։

«Շատ քչերը հիմա կկասկածեն այդ պնդումների իրավացիության վրա։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ ՀԱՊԿ-ը ապացուցված դավաճանել են մեզ, չեն կատարել իրենց պայմանագրային պարտականությունները ՀՀ-ի հանդեպ, և նույնիսկ քաղաքացիների հանդեպ։ Մեր զինվորները մնացել էին խրամատներում մեն միայնակ, դավաճանված այն ուժերի կողմից, ովքեր պետք է իրենց պայմանագրային պարտավորությունները կատարեին ՀՀ-ի հանդեպ, և կարծում եմ, որ ադրբեջանա-թուրքական ագրեսիան եղել է ոչ միայն Արցախի նկատմամբ, որը իրենք չեն ճանաչում ՀՀ-ի մաս, այլև իրենց ճանաչած ՀՀ սահմաններից ներս։ Թե՛ այսօրվա իրավիճակը, թե՛ պատերազմի ժամանակ բազում դրվագներ կան, որ ադրբեջանա-թուրքական զորքերը ագրեսիա են ցույց տվել Հայաստանի Հանրապետության տարածքում, ռմբակոծել են գյուղեր, խոցել են ինքնաթիռ Թուրքիայից, և հատել են Հայաստանի Հանրապետության տարածքը,  գերեվարել զինվորներ»։

Նա նշել է, որ իրենք փնտրելու են իրական դաշնակիցների։ «Համոզված եմ, որ մեր շահերը և բազում (թեկուզ եվրոպական) երկրների շահեր համընկնում են՝ Հունաստան, Ֆրանսիա, Ամերիկա, և եթե փնտրենք, շատ իրական դաշնակիցներ կգտնենք։ Հիմա Ռուսաստանի կողմից մեզ արգելված է որևիցե այլ դաշնակից փնտրել՝ բացի իրենից: Այսինքն՝ ոչ թե մեզ է արգելված, այլ մեր այսօրվա կառավարությանը և իշխանությանը»։

Նա նաև ասել է, որ իշխանության գալու պարագայում վերադարձնելու են տարիներ շարունակ ժողովրդից թալանածը։ «Մեծամասնությանը, ովքեր թալանել են ՀՀ քաղաքացուն, կարծում եմ բոլորս էլ գիտենք։ Հայաստանում դուրս գանք փողոց, հարցնենք քաղաքացիներին, իրենք էլ գիտեն, կնշեն բազում անուններ, լայն, մեծ ցանկ։ Մնացածին, իհարկե, պարզելը դժվար չի, կպարզվի, և այդ թալանը վերադարձնելը խիստ անհրաժեշտ է։ Օրինակ, երբ այս իշխանությունը հեղափոխությունից հետո ժամանակին վերադարձներ այդ թալանը, այս թավշյա, ոչ մի բան չանելու քաղաքականությունը դներ մի կողմ և լծվեր իրական գործի, վերադարձներ այդ թալանը, զենք գներ Հայաստանի համար, պատերազմը այս արդյունքը չէր ստանա»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել