Սպասվող ընտրություններից հետո ցանկացած սցենար, այդ թվում՝ վատ սցենարներ կարելի է դիտարկել․ Էդմոն Մարուքյան
18:13 - 17 հունիսի,2021

Սպասվող ընտրություններից հետո ցանկացած սցենար, այդ թվում՝ վատ սցենարներ կարելի է դիտարկել․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը «Սիվիլնեթ»-ին տված  հարցազրույցում անդրադարձել է նախընտրական քարոզարշավին՝ նշելով, որ այն լի է եղել ատելությամբ, սպառնալիքներով։

«Սպասվող ընտրություններից հետո ցանկացած սցենար, այդ թվում՝ վատ սցենարներ կարելի է դիտարկել»։

Նա նաև նշել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ իր քաղաքական հակառակորդները մնան նախկին իշխանություններրի ներկայացուցիչները։ «Դեռևս պատերազմը չէր եղել, ես խորհրդարանում ասում էի, որ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ իր օպոնենտները շարունակաբար մնան քրեական գործերի տակ եղած նախկինները, մարդիկ զարմանում էին, թե ինչու եմ ես դա ասում։ Երբ ինքը ամբիոնից ասում էր՝ մեզ ուզում եք քշեք, թող Սերժ Սարգսյանը, Գագիկ Խաչատրյանը գան, նա իզուր չէր դա ասում։ Նրանց երազանքն է եղել, որ իրենց օպոնենտը շարունակաբար մնան նախկին իշխանությունները, ովքեր կհրավիրվեն իր կողմից բանավեճի, բայց չեն գնա բանավեճի, դա երազանք է ցանկացած քաղաքական գործչի համար, այսինքն ի սկզբանե այս դասավորությամբ է տարվել ամեն բան»։

Մարուքյանի խոսքով՝ երկրորդ հանգամանքը երկու կողմերի ռեսուրսներն են։ «Նախկին իշխանության ռեսուրսները այսօր որևէ մեկը չունի, և նախկին իշխանության ռեսուրսներին համադրելի է գործող իշխանության ռեսուրսը՝ որպես իշխանության, և հետևաբար նաև ռեսուրսների իմաստով շատ դժվար է լինել այդ դաշտում, հավասար խոսքը տեղ հասցնել, որովհետև նրանք ունեն հեռուստաընկերություններ, բազմաթիվ բազմահազար լսարան ունեցող կայքեր, մեծ գումարներ, մեծ ռեսուրսներ՝ մարդկային և ֆինանսական, և, հետևաբար, ակնհայտ է, որ իրենց տեխնոլոգիաները, կազմակերպչական ներուժը և փողը դեր են խաղալու, և այդ դերը խաղացել են»։

Նա ասել է, որ Փաշինյանը իր հռետորաբանությամբ նախկին իշխանության ներկայացուցիչներին դարձրել է իր օպոնենտը։ «Որովհետև իր խոսքը ուղղում է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին՝ փորձելով փակել դաշտը այդքանով, որ ժողովուրդը մտածի՝ դե Սերժն է, Ռոբերտն է, մեկ էլ Նիկոլն է։ Ինչքան էլ սխալ է արել, դե հիմա Նիկոլն է էլի, այսինքն՝  այս իմաստով ամեն ինչ արվեց և արվում է դեռ, որ բոլորը դուրս մնան այս պրոցեսից , ուշադրություն չլինի մյուս ուժերի նկատմամբ, և իրենք հաղթանակ տոնեն կրկին ու ասեն՝ նորից հեղափոխություն արինք, նորից մերժեցինք անցյալը և այլն»։

Մարուքյանը անդրադարձավ նաև Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում մուրճ ցուցադրելու հանգամանքին։ «Մուրճ ճոճելը նախնադարյան ինչ-որ մոտեցումներ են դրանք և խայտառակություն է հիմա մուրճ ճոճելով փորձել ինչ-որ բան ասել։ Նախ բռնության քարոզ է միանշանակ, և երկրորդը՝ ցույց է տալիս նաև մտածողություն, որ մենք մեր խնդիրները մուրճով ենք ուզում լուծենք, չկա փափուկ ուժի հնարավորություն, չկա օրենքը, այսինքն՝ քարեդարյա արշավ է դա։ Նա կարծում է, որ իր հիմնական էլեկտորատին դա դուր է գալիս, ես Երևանում մարդիկ գիտեմ, որ իր ընտրողներն են, վերջին դեպքերից հետո ամաչում են ասեն, որ ընտրում ենք իրեն»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել