Ընդդիմությունը երրորդ անգամ ևս ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը |armenpress.am|
15:51 - 05 օգոստոսի, 2021

Ընդդիմությունը երրորդ անգամ ևս ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը երրորդ անգամ ևս ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը, ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Պատիվ ունեմ»-ը պաշտպանեց թեկնածուին:

Այն բանից հետո, երբ Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկեց առկախել այդ հարցը, անցնել հաջորդ հարցի քննարկմանը՝ հավելելով, որ օրենքն այդ հնարավորությունը տալիս է:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ կանոնակարգ օրենքը չի նախատեսում, թե քանի անգամ չընտրելուց հետո կարելի է անցնել հաջորդ հարցի քննարկմանը: Նա հավելեց՝ վճռականորեն տրամադրված են, որ այդ հարցը լուծեն, նոր անցնեն հաջորդ հարցին:

ԱԺ նախագահ Սիմոնյանն էլ արձագանքեց՝ վճռականությունը կա, սակայն իր առաջարկը բխում է ԱԺ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելուց: Նա հայտնեց, որ մինչև այդ առաջարկն անելը, զրուցել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և Արմեն Ռուստամյանի հետ: Սիմոնյանը հավելեց, որ խորհրդարանական ճգնաժամի լուծումը տեսնում է հաջորդ հարցի քննարկմանն անցնելու ճանապարհով:  

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց, որ եթե 2 անգամ քվեարկություն արած չլինեին, կարող էին Սիմոնյանի առաջարկով առաջ շարժվել, բայց, քանի որ 2 անգամ արել են քվեարկություն, արհեստական է ստացվում, որ հետաձգեն հարցի լուծումը: «Համաձայն եմ, որ կարելի է առավոտյան կամ 2 օր հետո դրան անդրադառնալ: Հասկանում եմ, մենք էլ, դուք էլ հասկանում ենք, որ այդ տեղը վերապահված է ընդդիմությանը: Եթե ուզում ենք գործը առաջ գնա, ԱԺ-ն ձևավորվի մարմիններով, իսկապես քարը փեշից թափեք, քվեարկեք, դուք ունեք այդ ձայների քանակը, մերը սահմանափակ է, դուք ձեր ձայների քանակն ավելացրեք, կոչ արեք, որ նման ձևով չտապալեն քվեարկությունը»,-ասաց Արմեն Ռուստամյանն ու հավելեց, որ ոչ ոքի չի մեղադրում:

Սիմոնյանն ասաց, որ իր առաջարկը եղել է իրենց համաձայնության պարագայում և խոսքը տրամադրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ թեկնածու առաջադրելու համար: Սեյրան Օհանյանը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թափուր պաշտոնի համար կրկին առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտնեց, որ պաշտպանում է «Հայաստան» խմբակցության թեկնածուին և այս անգամ էլ քվեարկելու է Սաղաթելյանի թեկնածության օգտին:

Ի վերջո, որոշվեց քննարկել Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել