ՊՆ-ն գաղտնիք է համարում ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանցիների թիվն ու նրանց գտնվելու կոնկրետ վայրերի մասին տեղեկությունները
13:04 - 18 օգոստոսի, 2021

ՊՆ-ն գաղտնիք է համարում ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանցիների թիվն ու նրանց գտնվելու կոնկրետ վայրերի մասին տեղեկությունները

Տեւական ժամանակ է, ինչ պաշտոնական որեւէ աղբյուր տեղեկություն չի հայտնում մայիսին ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողների թվի ու նրանց գտնվելու վայրի մասին։ Կցկտուր տեղեկություններ են հաղորդում Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի որոշ ղեկավարներ միայն, իսկ Պաշտպանության նախարարությունը շարունակում է լռել։

Ուստի հուլիսի 22-ից օգոստոսի 12-ը ամեն օր գրավոր հարցումներ ենք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել այն մասին, թե կոնկրետ օրվա դրությամբ (հուլիսի 22 - օգոստոսի 12) ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցի քանի՞ զինծառայող կա, ապա թե մասնավորապես որ տարածքներում է տեղակայված ադրբեջանական զորքը, ամեն հատվածում մոտ քանի՞ զինծառայող կա, մինչեւ ո՞ր հատվածներ են խորացել ադրբեջանցի զինծառայողները, կոնկրետ օրվա դրությամբ որքա՞ն է կազմում ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման առավելագույն խորությունը՝ կիլոմետրով եւ ըստ տարածքների։ 

Պաշտպանության նախարարությունից, սակայն, մինչ օրս տեղեկություն չենք ստացել որեւէ օրվա դրությամբ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թվի, նրանց գտնվելու վայրերի եւ այլնի մասին։ Հարցումներին պատասխանելու համար օրենքով սահմանված ժամկետից հետո մի քանի գրության համար ՊՆ-ն 30-օրյա ժամկետ է խնդրել՝ նշելով, որ հայցված տեղեկությունները տրամադրելու համար հավելյալ աշխատանքի անհրաժեշտություն կա։ 

Իսկ հուլիսի 22-ին, 23-ին եւ 30-ին ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված մեր հարցումներն ուսումնասիրելուց հետո նախարարությունը որոշել է մերժել տեղեկության տրամադրումը՝ դարձյալ օրենքով սահմանված ժամկետների խախտումով, քանի որ եթե տեղեկության տրամադրումը պետք է մերժվի, ապա դրա մասին պետք է ծանուցվի հնգօրյա ժամկետում, իսկ 30-օրյա լրացուցիչ ժամկետը կիրառելի է միայն այն դեպքերում, երբ տեղեկությունը տրամադրվելու է, սակայն դրա համար հավելյալ աշխատանք է պետք կատարել։

Պաշտպանական գերատեսչությունը մերժել է տեղեկություն տրամադրել՝ հիմք ընդունելով մի շարք իրավական ակտերի դրույթներ, մասնավորապես՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, [․․․] գաղտնիք), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ եւ 12-րդ հոդվածների (պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ), ՀՀ Կառավարության 13.03.1998թ. N173 որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի 1-ին, 2-րդ եւ 9-րդ ենթակետերի (զորքերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման փաստաթղթերը, զորքերը տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող տեղեկությունները, ԶՈՒ ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները, ՀՀ պաշտպանությունը եւ անվտանգությունն ապահովելու նպատակով նրա ենթակառուցվածքն օգտագործելու վերաբերյալ տեղեկությունները), ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ. N 9-Ն հրամանով հաստատված գերատեսչական ցանկի 3-րդ գլխի պահանջները։

Պաշտպանության նախարարության պնդմամբ՝ այդ տեղեկությունների բացահայտումն ուղղակիորեն կարող է հանգեցնել պետական գաղտնիք հանդիսացող՝ ԶՈՒ կիրառման եւ օպերատիվ ծրագրերի, ռազմավարական ծավալման, պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքն օգտագործելու հետ կապված, ինչպես նաեւ հետախուզական բնույթի տեղեկությունների բացահայտման:

Սակայն, եթե առաջնորդվենք պարզ տրամաբանությամբ, ապա հակառակորդը վստահաբար տիրապետում է իր այն զինծառայողների թվին, որոնք այս պահին ՀՀ տարածքում են, ըստ ամենայնի՝ տիրապետում է նաեւ նրանց տեղակայման վայրերի մասին տեղեկություններին, ուստի խնդրահարույց է, որ ՊՆ-ն այդ տեղեկությունները հանրության համար չի բացահայտում՝ հղվելով իրավական ակտերի այնպիսի հոդվածների, որոնք վերաբերում են մեր զորքերի կիրառման ծրագրերին, մարտական կառավարման փաստաթղթերին, ԶՈՒ ռազմավարական ծավալման մասին տեղեկություններին, եւ այլն։ Ընդ որում՝ սա այն պարագայում, երբ մայիսին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հունիսին՝ ՀՀ ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտնել են ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների որոշակի թիվ՝ նախ 250, ապա մոտ 600, ապա՝ 1000-ից ավելի։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել