Ես՝ որպես վարչապետ, թույլ չեմ տալու ժողովրդավարությունն օգտագործել որպես ամենաթողության համար պատշաճ հարթակ․ Նիկոլ Փաշինյան
15:37 - 24 օգոստոսի, 2021

Ես՝ որպես վարչապետ, թույլ չեմ տալու ժողովրդավարությունն օգտագործել որպես ամենաթողության համար պատշաճ հարթակ․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում այսօր քննարկվում է կառավարության ծրագիրը։ Աժ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ծրագիրը, ինչից հետո սկսվեց հարցուպատասխանը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը իր խոսքում անդրադարձավ մայիսի 12-ից Գեղարքունիքի մարզում գտնվող ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների գործողություններին և դրանց հետևանքներին։

«Մասնավորապես մի շարք բնակավայրերում՝ Վերին Շորժայի Այրք, Ջաղացաձոր, Գեղամաբագ համայնքների ջրամատակարարումը սնուցող ջրամբարում, որտեղ ջուրը դատարկվել է , հիմա գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Ուզում էի իմանալ՝ արդյո՞ք այլընտրանքային տարբերակ մշակվել է, թե՞ ոչ,- մանրամասնեց Թովմասյանը։

Իր երկրորդ հարցով պատգամավորն անդրադարձավ Կութ համայնքից՝ ադրբեջանցի զինծառայողներ կողմից հափշտակված 80 գլուխ անասուններին և այն խնդրին, որ մինչև հիմա դրանք չեն վերադարձվել։ Թովմասյանը շեշտեց, որ Ազգային ժողովն այսօր քննարկում է կառավարության ծրագիրը, խոստումները, տեսականները, բայց ստացվում է, որ տարրական, անվտանգային հարցերը և մարդկանց կյանքի իրավունքը չեն պահպանվում։

«Չենք կարողանում պահպանել նաև նրանց սեփականության իրավունքը։ Ես կուզեի հետաքրքրվել՝ ինչ է սպասում այն գյուղացիներին, որոնք այսօր զրկված են 80 գլուխ անասունից»,- հավելեց Թովմասյանը։

Փաշինյանն ի պատասխան նշեց, որ ընդունում է պատգամավորի բարձրացրած հարցադրումների տրամաբանությունը, ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ հակամարտության ողջ ընթացքում հազարավոր գլուխ անասուններ են հափշտակվել, հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել, որոնց մի մասը չի բացահայտվել, հազարավոր տներ են վնասվել, ենթակառուցվածքներ են վնասվել։

«Երբ խոսում ենք տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին, խոսում ենք Ձեր առաջ քաշած օրակարգը սպասարկելու մասին, և ուզում եմ հիշեցնել, եթե ուզում եք իմանալ, թե ինչպես ենք վերաբերվում մարդկանց գույքային վնասները վերականգնելու այդ թվում պարտավորությանը, խնդրում եմ այցելեք Տավուշի մարզի Այգեպար գյուղ, որը 30 տարի եղել է անընդհատ գնդակոծությունների ներքո և Դուք այսօր գյուղը կգտնեք այլ վիճակում։ Կտեսնեք, որ այդ գյուղի ճանապարհները բոլորը ասֆալտապատված են, համենայն դեպս վատ վիճակում գտնվող տանիք չկա և այդպես շարունակ։ Մենք նույն գործընթացը պետք է իրականացնենք մեր բոլոր բնակավայրերում, իհարկե սահմանապահ գյուղերի դեպքում առանձնահատուկ քաղաքականություն և վերաբերմունք կա։ Իսկ ընդհանուր առմամբ տարածքային համաչափ զարգացման խնդրին ես անդրադարձա, իսկ ընդհանուր առմամբ անվտանգային խնդիրների կառավարման և կարգավորման մասին իմ պատկերացումները նույնպես բարձրաձայնեցի»։

Արձագանքի հնարավորությունից օգտվելով պատգամավոր Թովմասյանն անդրադարձավ այսօր ԱԺ օթյակում լրագրողների կողմից իրականացված ակցիային։ Նա փոխանցեց լրագրողների դժգոհությունը։
«Լրագրողները փորձում էին Ձեր ուշադրությունը հրավիրել, որպես նախկին լրագրողի, որովետև և՛ ես, և՛ Դուք , և՛ Ազգային ժողովի այլ պատգամավորներ եղել են լրագրող, և մենք աշխատել ենք խորհուրդարանոմ, լուսաբանել ենք ԱԺ աշխատանքները և երբեք այսպիսի սահմանափակումների չենք ենթարկվել, այսպիսի տարբերակված մոտեցում չի եղել, որ օրինակ արգելվի իշխանական խմբակցության մոտով անցնել։ Ես կուզեի Ձեր վերաբերմունքը իմանալ և ի՞նչ պատասխան ունեք լրագրողներին»։

Հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց․

«Կառավարության ծրագրում լրագրողական էթիկայի կարգավորման հետ կապված մենք կոնկրետ առաջարկ ունենք, մենք կարծում ենք, որ պետք է օրենսդրական փոփոխություն առաջարկենք, որով սահմանենք ինստիտուտ, որ լրագրողները իրենք իրենց գործունեության էթիկայի որոշակի կանոններ կմշակեն, և իրենք կհետևեն այդ կանոնների ներկայացմանը, բայց մենք նաև աննախադեպ, շատ իրավիճակներ ունենք, և կառավարությունը ստիպված է աննախադեպ իրավիճակներին անդրադառնալ աննախադեպ քայլերով։ Կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն նաև իմանալ լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանարար գծեր լինեն, և հստակ լինի՝ որևէ լրագրող, լրագրողական գործունեությամբ է զբաղվում, թե քաղաքական որոշակի շրջանակի, կամ ֆրակցիայի ներկայացուցիչ է։ Եթե ուշադրություն եք դարձրել, ես կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասել եմ, որ ես որպես վարչապետ թույլ չեմ տալու՝ ժողովրդավարությունը, որպես ամենաթողության համար պատշաճ հարթակ և բոլոր միջոցները ձեռնարկելու եմ, ընդ որում ոչ միայն ձեռնարկելու եմ սեփական ճաշակներին համապատասխան, այլ ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատի շրջանում»։

Փաշինյանը խոսքը եզրափակեց՝ անդրարդառնալով պատգամավորի հնչեցրած սահմանամերձ համայնքների վերաբերյալ հարցին․

«Սահմանամերձ համայնքների վերաբերյալ Ձեր ասածը ընդունում եմ, որպես ի գիտություն և ամեն ինչ կանենք, որ այդպես էլ լինի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել