Եկե՞լ է Սևանում լողալու ժամանակը․ Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների հայտարարությունները՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
17:26 - 06 սեպտեմբերի, 2021

Եկե՞լ է Սևանում լողալու ժամանակը․ Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների հայտարարությունները՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Կառավարության՝ օգոստոսի 27-ի նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  տարածաշրջանային խաղաղության առումով որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայից։ «Մենք այդ ազդակները կգնահատենք և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի այս հայտարարությանը նախորդել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։

ՀՀ կառավարության նիստից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 30-ին, Էդրողանն ասաց, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա․ «Եթե Երևանը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ, Անկարան կարող է սկսել աշխատանքը Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ: Ժամանակն է կայունությունը և խաղաղությունը դարձնել մշտական և պայմաններ ստեղծել տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար»:

Թուրքիայի նախագահը նշեց, որ նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի համար․ «Ինչպես և համաձայնեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարությամբ, ամբողջ տարածաշրջանը բացելով` նոր հնարավորություններ կառաջանան, որոնք կփոխեն Հարավային Կովկասը: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն կողմերի հետ, ովքեր ցանկանում են օգտագործել այս պատմական հնարավորությունը»:

Նույն օրը «Քաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն իր հարցազրույցներից մեկում ասաց՝ իրենք շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու առանց նախապայմանների․ «ՀՀ-ն պատրաստ է սկսել խաղաղության և զարգացման դարաշրջան և իր կողմից առավելագույնը կանի այդ նպատակին հասնելու համար, բայց սա ամենևին չի կարող լինել ՀՀ-ի շահերի և Արցախի ժողովրդի շահերի հաշվին, և սա պետք է շատ հստակ լինի թե՛ մեր գործընկերների, մեր հարևանների համար, թե՛ մեր հասարակության համար։ Ես վստահ եմ, որ այդ շահերը միանշանակ հնարավոր է համադրել մեր ռեգիոնալ հարևանների հետ»։

Infocom-ը ներկայացնում է, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները նախկինում ինչ հայտարարություններ են արել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։

 

Մինչև 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններ

2017 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում այն ժամանակ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին, նշեց․ ««Ելք» դաշինքի դիրքորոշումն էլ հստակ է, մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորման առումով նախապայմաններ չպետք է լինեն։ Թուրքիան, և, մասնավորապես, Էրդողանը այն քաղաքականության կողմնակից է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը փորձ է արվում կապել Ղարաբաղի հարցի հետ, ինչն, իհարկե, անընդունելի է։ Եվ նաև Էրդողանը և Թուրքիան փորձ են անում որևէ ձևով մուտք գործել կամ ավելի ակտիվ դերակատարում ունենալ Ղարաբաղի հարցի կարգավորման իմաստով, ինչն, իհարկե, Հայաստանի համար որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, որովհետև Թուրքիան էս ընթացքում անընդհատ ցույց է տվել, որ չի կարող անկողմնակալ միջնորդ լինել, նա հստակ Ադրբեջանի դիրքորոշումներն է պաշտպանում բոլոր առումներով»։ 

ԱԺ 2017-ի ընտրություններից առաջ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում ևս նշվում էր, որ միջոցներ կձեռնարկվեն հայ-թուրքական սահմանը առանց նախապայմանի բացելու համար: 

 

Նոր կառավարության դիրքորոշումը

2018-ի ապրիլ-մաիսյան իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ։ Մայիսի 5-ին՝ Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, նա Ստեփանակերտում մամուլի ասուլիս տվեց, որի ընթացքում անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններին։

Փաշինյանը կրկին նշեց, որ Հայաստանը պատրաստ է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը՝ առանց նախապայմանների․  «Եվ դուք գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, և այդ նախապայմաններն անտրամաբանական են, որովհետև անտրամաբանական է, որ երկու երկրների հարաբերությունների հաստատման համար նախապայման լինի երրորդ երկրի հետ հարաբերությունը: Եվ մենք շարունակում ենք մնալ այդ դիրքորոշմանը և պատրաստ ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգին, որովհետև կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ավելի շատ կապված է ցեղասպանությունների կանխարգելման հրամայականի, քան թե հայ-թուրքական հարաբերությունների հետ»:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը արձագանքեց Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նշելով․ «Տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումը փոխի, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած սխալ դիրքորոշումներից, հրաժարվի այդ ամենից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ, ուսումնասիրելով  մանրամասները, համարժեք պատասխան կտանք: Մենք չենք ցանկանում որևէ մեկի, հատկապես մեր հարևանների հետ թշնամություն անել: Եթե այդպիսի մոտեցում լինի, բնականաբար մեր պետության շահերի շրջանակներում կքննարկենք այն»:

2018-ի հունիսի 7-ին՝ ԱԺ-ում նոր կառավարության ծրագիրը ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին՝ փաստացի կրկնելով Ստեփանակերտում հնչեցրած մտքերը։

Հուլիսի 27-ին հրապարակվեց Փաշինյանի հարցազրույցը՝ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հարցին՝ նա կրկին նշեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու։

Հուլիսի 31-ին ՀՀ արտգործնախարարության այն ժամանակվա մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ճեպազրույց ունեցավ, որի ընթացքում պատասխանեց «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում Փաշինյանի արած հայտարարության վերաբերկալ հարցին․ «Որևիցե ազդակ, ակնարկ կամ ուղերձ, թե Թուրքիայի իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, սահմանը բացել, մենք չունենք»:

2018-ի դեկտեմբերին նշանակվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ «Իմ քայլը» դաշինքն իր նախընտրական ծրագրում նշել էր․ «Հայաստանի անմիջական մյուս հարևան Թուրքիայի կողմից շարունակական շրջափակման պայմաններում բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված հայկական կողմի միակ ընդառաջ քայլը հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների բացելու պատրաստակամության հայտարարումն է, ինչը հնարավոր է միայն թուրքական կողմից երկկողմ հարաբերությունների կարգավորումը ձգձգելու նպատակով երրորդ երկրներին վերաբերող պատրվակների որպես նախապայման չօգտագործելու դեպքում»։

Նոր ԱԺ-ի և կառավարության ձևավորումից հետո՝ 2019-ի ընթացքում, վարչապետը ևս մի քանի անգամ հայտարարել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին («Die Zeit» շաբաթաթերթին տված հարցազրույցում, «ՍիվիլՆեթին» տված հարցարզույցում,  «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում):

2019-ի մարտի 4-ին՝ «EURACTIV»-ի հետ հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե իր ընտրվելուց հետո արդյոք եղե՞լ են դրական ազդակներ առ այն, որ Թուրքիայի հետ հարաբերությունները շուտով կարող են բարելավվել, Փաշինյանը նշեց․ «Ցավով պետք է արձանագրեմ, բայց ո՛չ, մենք չունենք որևէ ազդանշան, որը կվկայեր Թուրքիայի կողմից նախկին դիրքորոշման փոփոխության մասին: Եթե Թուրքիան իրեն համարում է ժողովրդավարական երկիր, ապա նա չէր կարող անտեսել իր սահմանակից պետությունում ժողովրդավարության հաղթանակը։ ․․․Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները ճանաչվել են բոլոր հեղինակավոր կազմակերպությունների կողմից, և ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում ակնհայտ է բոլորի համար: Այս համատեքստում Թուրքիայի շարունակվող հակահայկական կեցվածքն առնվազն մտորելու տեղիք է տալիս»։

Սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում իր ելույթի ընթացքում, Փաշինյանը հայտարեց, թե Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար․ «Հայաստանի չորս սահմաններից երկուսը, այդ թվում՝ Թուրքիայի հետ սահմանը փակ է արդեն շուրջ երեք տասնամյակ։ Հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, Ադրբեջանին աջակցելով՝ ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, որն արդեն մեկ անգամ եղել է Ցեղասպանության զոհ և ականատես է պատմական ճշմարտության ժխտման ու կատաղի դիմադրության»։ 

Նոյեմբերի 13-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցի, Փաշինյանը հայ-թուրքական հարաբերությունները ներկայացրել էր Սևանում լողալու գնալու օրինակով՝ նշելով, թե տրամաբանական չէ, երբ փետրվարին որևէ մեկն առաջարկում է գնալ Սևանում լողալու, և տրամաբանական կլիներ, եթե այդ առաջարկը լիներ հունիսին։ 

«Տարածաշրջանային իրավիճակը և մթնոլորտը ցույց են տալիս, որ էդտեղ փետրվարն է, և պետք չի իրերը հավաքել, գնալ լողանալու, որովհետև կարող է՝ մրսենք, թոքաբորբ ստանանք, ինչը մի անգամ արդեն տեղի է ունեցել»,- հայտարարել էր վարչապետը։

Երբ 2019-ի հոկտեմբերին Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություններ սկսեց, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում դատապարտեց Թուրքիայի գործողությունները։

2019-ի դեկտեմբերին՝ ՀՀ պաշտպանության նախարարության՝ 2020-ի բյուջետային հատկացումների քննարկման ընթացքում, Փաշինյանը, ԱՄՆ սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստին անդրադառնալով, հայտարարեց, որ տարածաշրջանում Թուրքիայի դերակատարումը աղերսներ ունի դարասկզբի և ավելի վաղ շրջանի իրադարձությունների հետ․ «Արդեն մոտ երեսուն տարի Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի սահմանը, և այս երևույթները, իրողությունները մեկը մյուսի շարունակությունն են։ Միացյալ Նահանգների և մի շարք այլ երկրների կայացրած որոշումները արձանագրում էին Թուրքիայի վարած ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում։ Եկեք նայենք, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում․ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ, Իրաքի նկատմամբ, Կիպրոսի նկատմամբ, Հունաստանի նկատմամբ։ Եվ Թուրքիան շրջափակված է պահում Հայաստանը, և սա, ըստ էության, ի ցույց է դնում այն դերակատարումը, որ այսօր մեր տարածաշրջանում ունի։ Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի Թուրքիայի գործողությունների կապակցությամբ և նաև Թուրքիային քաջալերի, որպեսզի ինքը վերանայի և վերագնահատի իր դերը տարածաշրջանում»։

 

Հուլիսյան մարտեր

2020-ի ամռանը՝ Հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի հատվածում տեղի ունեցած բախումների ժամանակ, Փաշինյանը խոսեց նաև Թուրքիայի մասին․ «Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարութամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ»: 

Տավուշյան մարտերի ավարտից հետո ևս Փաշինյանն անդրադարձավ Թուրքիային․ «Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր։ Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունը իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քաղաքականությունը, որն արտահայվում է Հայոց ցեղասպանության արդարացմամբ, Թուրքիայի այս  գործելակերպը, մեծ հաշվով, անակնկալ չէր, բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով»։

Հուլիսի 28-ին՝ РБК-ին տված հարցազրույցի ընթացքում, Փաշինյանը Թուրքիային մեղադրեց Արցախյան հակամարտությունը թեժացնելու համար․ «Թուրքիան ինչպես դարասկզբին, երազում է վերահսկել Հարավային Կովկասը։ Եվ նրանք վերջին երեսուն տարիների ընթացքում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, ամենօրյա աշխատանք են տանում, որպեսզի կյանքի կոչեն այդ երազանքը, այդ նպատակը: Եթե դա տեղի ունենա, կարծում եմ, առաջին հերթին ռուսաստանցիներին է հասկանալի, թե այդպիսի զարգացումներից հետո ինչպիսին են Թուրքիայի և թուրքական գործոնի հետագա աշխարհաքաղաքական նկրտումները հնարավոր, բայց ես կարծում եմ, արդյունքում՝ անհնար զարգացումների»։

 

Արցախյան երկրորդ պատերազմ

2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Սեպտեմբերի 28-ին վարչապետ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ  հեռախոսազրույց ունեցավ, որի ընթացքում նշեց, որ հուլիսյան դեպքերից ի վեր՝ Թուրքիան աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում՝ Մերկելին կոչ անելով գործադրել ամեն ջանք Թուրքիայի ագրեսիվ և ապակառուցողական կեցվածքը սանձելու և տարածաշրջանում նրա ներգրավվածությունը բացառելու համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ընթացքում ևս Փաշինյանն անդրադարձավ Թուրքիային՝ նշելով, որ  ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում:

Պատերազմի ընթացքում տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում, ինչպես նաև տարբեր հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը  բազմիցս անդրադարձել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանը, վարձկան ահաբեկիչներին տարածաշրջան բերելուն և այլ հարցերի։

Սեպտեմբերի 30-ին՝ «The Washington Post»-ին տված հարցազրույցում, Փաշինյանը նշեց, որ Թուրքիան անկայունություն է ստեղծում հարևան երկրներում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Մերձավոր Արևելքում և այժմ՝ Հարավային Կովկասում:

Հոկտեմբերի 2-ին՝ «The Globe and Mail»-ին տված հարցազրույցի ընթացքում, Փաշինյանը հայտարարեց որ հարյուր տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը։

Հոկտեմբերի 7-ին՝ TIME հանդեսին տված հարցազրույցում, վարչապետը, վկայակոչելով Թուրքիայի ռազմական ներխուժումները Սիրիա, Լիբիա, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի առճակատումը Հունաստանի հետ, հայտարարեց. «Թուրքիայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան փորձեր՝ ուղղված Օսմանյան կայսրության վերականգնմանը»:

Հոկտեմբերի 9-ին՝  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում, վարչապետը հայտարարեց․ «Առանձնակի մտահոգություն են առաջացնում Թուրքիայի ակտիվ գործողությունները, որոնք սպառնում են ամբողջովին ապակայունացնել իրավիճակը ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում»:

Հոկտեմբերի 12-ին՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում, Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանը․  «Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց եկել Հարավային Կովկաս: Մեր գնահատմամբ՝ հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը շարունակելու համար: Բայց կրկին ցանկանում եմ ընդգծել, որ այդ քաղաքականության նպատակը ոչ թե էմոցիոնալ է կամ, այսպես ասած, պատմական վրեժի կոնտեքստում, այլ շատ պրակտիկ: Ինձ համար միանշանակ է, որ սա Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակում է, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ դեպի արևելք, դեպի հյուսիս և դեպի հարավ-արևելք ծավալվելու համար: Եվ տեղի ունեցողը պետք է դիտարկել Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում Թուրքիայի վարած քաղաքականության կոնտեքստում: Եվ սա միանշանակ թուրքական կայսրության վերականգնման քաղաքականություն է»:

Հոկտեմբերի 17-ին՝ «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված հարցազրուցի ընթացքում, Փաշինյանը կրկին հնչեցրեց Թուրքիայի վերաբերյալ նախկինում հնչեցրած թեզերը՝ եզրակացնելով, որ եթե Թուրքիայի վարած քաղաքականությունը պատշաճ ձևով գնահատականի չարժանանա, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում:

Իր հարցազրույցներից մեկում Փաշինյանը Թուրքիային մեղադրեց, որ վերջինս պատերազմի գլխավոր հրձիգն է։ «The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում էլ, մեղադրելով Իսրայելին՝ Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու համար, Փաշինյանը հայտարարեց, որ Թուրքիայի «կայսերապաշտական հավակնությունների» թիրախում Իսրայելի հայտնվելը ընդամենը ժամանակի հարց է:

 

Հետպատերազմյան շրջան

Պատերազմի ավարտից հետո՝ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, անդրադառնալով Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում կատարված իրադարձություններին, վարչապետը կրկին անդրադարձավ Թուրքիային․  «Արցախի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում երեկ մեր դիրքերը հարձակման են ենթարկվել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, որոշ տեղեկությունների համաձայն՝ մասնակցություն են ունեցել նաև թուրքական հատուկ նշանակության ջոկատներ»:

2021-ի հունվարի 24-ին հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հոդվածը՝ 44-օրյա պատերազմի մասին։ «Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար: Բոլոր համանախագահները համակերպվել են այս մտքի հետ, և ռուսական առաջարկները, ըստ էության, համանախագահության առաջարկներն են: Կրակին յուղ է լցնում նաև Թուրքիան, ում ձեռքերը ազատվել են և նույնիսկ ավելի են երկարել «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողումից հետո, և նա տարածաշրջանի կայունության միակ նախապայմանը համարում է 7 շրջանների հանձնումը»,- ասում էր Փաշինյանն իր հոդվածում՝ խոսելով այն մասին, թե ինչ իրավիճակում է եղել Արցախյան հարցի կարգավորման գործընթացը այն պահին, երբ ինքը եկել է իշխանության։

2021-ի փետրվարին՝ Թուրքմեստանի ԱԳ ղեկավար Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  հայտարարեց, որ Հայաստանի ձեռնարկած դրական քայլերին դրական պատասխան կտան․ «Այժմ խաղաղության, տարածաշրջանի զարգացման, վերակառուցման և կայունության համար կա հնարավորություն: Մեր կոչը միշտ այս ուղղությամբ է: Եթե Հայաստանն էլ շարժվի այս ուղղությամբ, ապա այդ երկիրն ու իր ժողովուրդը կշահեն տարածաշրջանի կայունության և տնտեսության զարգացման հարցում: Ակնկալում ենք, որ Հայաստանը կգործի՝ այս ամենը հաշվի առնելով: Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք էլ կրկին Ադրբեջանի հետ միասին համակարգված ձևով դրական պատասխաններ կտանք»։

Նույն օրը՝ 1in.am-ին տված հարցազրուցում, Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, թե ով է շահագրգիռ ապաշրջափակման գործընթացում, նշեց․  «Կարծում եմ՝ եթե հետևենք ինչ է կատարվում տարածաշրջանում, կտեսնենք, որ բոլորն են շահագրգիռ, առանց բացառության՝ բոլորը: Ռուսաստանն է շահագրգիռ, Վրաստանն է շահագրգիռ, Իրանի Իսլամական Հանրապետությունն է շահագրգիռ, Ադրբեջանն է շահագրգիռ, Թուրքիան է շահագրգիռ, Հայաստանի Հանրապետությունն է շահագրգիռ: Այլ բան, որ յուրաքանչյուրի շահագրգռությունը ունի ընդհանրություններ ուրիշների շահագրգռությունների հետ և տարբերություններ ուրիշների շահագրգռությունների հետ»:

Փետրվարի 27-ին ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ Թուրքիան ակնհայտ բացասական դերակատարում  ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում․ «Ակնկալում ենք միջազգային հանրության ավելի հասցեական ազդեցությունը, որպեսզի Թուրքիան վերանայի իր բացահայտ ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ»։

Դեռ Տավուշյան մարտերից առաջ՝ 2020-ի հուլիսին, ընդունվել էր Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ նշվում էր, որ Թուրքիան վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, հրաժարվելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց նախապայմանների, ժխտելով, իսկ առանձին դեպքերում նաև արդարացնելով Հայոց ցեղասպանությունը։

«Հարևան երկրների և ժողովուրդների հանդեպ Թուրքիայի կողմից անօրինական ուժի կիրառումն իր հերթին վտանգում է ավելի լայն տարածաշրջանի կայունությունը և առավել անկանխատեսելի է դարձնում նրա հնարավոր գործողությունները Հայաստանի հանդեպ»,- ասվում էր Ազգային անվտանգության ռազմավարությունում։

Մարտի 27-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերությանը։ Պետրոս Ղազարյանը, հիշեցնելով ռազմավարությունում Թուրքիայի մասին ձևալերպումները, հարցրեց, թե ինչպես ենք մենք հիմա պատկերացնում Թուրքիայի հետ փոխհարաբերությունները։ Արմեն Գրիգորյանի պատասխանը հետևյալն էր․ «Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ահագին մեծ փոփոխություններ են կատարվել, և ընդհանուր առմամբ, մենք դիտում ենք, որ ապաշրջափակումը ոչ միայն պետք է լինի Ադրբեջանի հետ, այլ ավելի լայն տարածաշրջանային մոտեցում պետք է ունենա, և կարծում ենք, որ դրա հնարավորություններն այս պահին կան»։

Արմեն Գրիգորյանը խուսափեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք խոսքը Թուրքիայի հետ ապաշրջափակման գործընթացի մասին է։ Նա նշեց, որ Թուրքիայի հետ ուղիղ երկխոսություն չկա, բայց Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից գոնե հրապարակային հայտարարություններ են եղել։

Հարցին, թե արդյոք փոխվե՞լ է մեր անվտանգային կոնցեպտը, և մենք Թուրքիային համարո՞ւմ ենք թշնամի, Գրիգորյանը պատասխանեց․ «Տարածաշրջանում շատ բաներ են փոխվել, եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցնումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, և մենք էդ ուղղությամբ աշխատում ենք»։ 

Մինչդեռ պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 11-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը Թուրքիային չի վերաբերում, քանի որ Թուրքիան համաձայնության մաս չէ։

ԱԽ քարտուղարի հարցազրույցից երկու օր անց ԱԳ նախարար Արա Այվազյանն ԱԺ-ում, Արման Աբովյանի հարցին ի պատասխան,  հիշեցրեց, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցնում են վարչապետը և ԱԳ նախարարը, և հայտարարեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ որևէ բանակցություն, կոնսուլտացիա չի վարում․ «Որպեսզի իրապես խաղաղություն լինի տարածաշրջանում, ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ, արմատական հարաբերությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները»։

Ապրիլի 6-ին՝ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիան պետք է փոխի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:

Ապրիլի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարեց․ «Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում բարեկեցություն ապահովելուն զուգահեռ մենք հնարավորություն ունենք իրականացնելու կարևոր նախագծեր և կարգավորելու հարաբերությունները: Եթե Հայաստանը դրան դրական արձագանքի, ապա Հարավային Կովկասը հետագայում կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան»։

Ապրիլի 14-ին ԱԺ-ում, պատասխանելով հարցին՝ թուրքերը մեր թշնամինե՞րն են, թե՞ ոչ, Փաշինյանն ասաց․ «Այո՛, թուրքերը, այո՛ ադրբեջանցիները մեր թշնամիներն են, իրենք էլ մեզ են թշնամի համարում, հարցը ուրիշ տեղ է․ լավ, էս թշնամությունն ի՞նչ ենք անելու։ Ինչքան մենք ենք համարում թշնամի, էնքան մեզ են համարում թշնամի, ինչքան իրենք ավելի շատ են մեզ համարում թշնամի, էնքան ավելի շատ ենք մենք համարում թշնամի։ Իրենք և մենք խնդիր ենք դնում, որ իրենք մեզ ոչնչացնեն, մենք՝ իրե՞նց, սա՞ է խնդիրը․․․ Ես կարծում եմ, որ ո՛չ, մենք էսպիսի խնդիր պետք է չձևակերպենք, բայց իրենք էլ չպետք է ձևակերպեն նման խնդիր։ Մենք չենք կարող միակողմանիորեն որոշել, որ իրենք թշնամի չեն, իրենք էլ չեն կարող միակողմանիորեն որոշել, որ մենք թշնամի չենք, նույնիսկ փոխադարձաբար մենք չենք կարող որոշել, որ մենք թշնամի չենք, որովհետև պատմականորեն մենք թշնամի ենք․ հարցը էն է՝ մենք ինչ ենք անում հետո, ինչպես ենք կառավարում էդ թշնամությունը։ Այսինքն՝ մեր տարածաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջա՞ն է։ Էսօր պետություններ կան, որ իրար հետ թշնամի են, բայց իրար հետ տասնյակ միլիարդ դոլարների առևտրաշրջանառություն ունեն, երկրներ կան՝ իրար նկատմամբ ընդհուպ տարածքային պահանջներ ունեն, բայց առևտուր են անում, զբոսաշրջիկներ են գնում-գալիս, պաշտոնական մակարդակում այցեր են լինում, դիվանագիտական հարաբերություններ ունեն»։ 

Ապրիլի 26-ին Արա Այվազյանը, անդրադառնալով Էրդողանի՝ Պոլսո հայոց պատրիարքին ուղղված նամակին, որում նա Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու կոչ էր անում, նշեց՝  իրենք կարևորում են ոչ միայն խոսքերը, այլև՝ գործերը․ «Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն»: 

Մի քանի օր անց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց առայժմ չկա, թուրքական ապրանքների ներմուծման արգելքն էլ երկարաձգվելու է։

Մայիսին հայտնի դարձավ, որ ՀՀ-ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան Թուրքիայի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել՝ 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների:

Հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները Շուշիում թուրք-ադրբեջանական փաստաթուղթ ստորագրեցին։ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտեց այցելությունը՝ այն որակելով տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։ 

Շուշիում Էրդողանը հայտարարեց, որ Անկարան իրենից կախված ամեն ինչ կանի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար» և Երևանին կոչ արեց համագործակցել «Վեցյակի հարթակի» շրջանակներում (Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան Արդրբեջան)։

ՀՀ-ում անցկացվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը՝ հունիսի 20-ին, Թուրքիայի արտգործնախարարը հույս հայտնեց, որ Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները․ «Հույս ունենք՝ Հայաստանը կհասկանա, որ տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման միակ միջոցը բարիդրացիական հարաբերություններն են իր հարևան երկրների հետ, Հայաստանը պետք է դադարի տարածքային պահանջներ ներկայացնել հարևաններին և սկսի նորմալ հարաբերություններ կառուցել նրանց հետ»։

Այս հայտարարություններին հաջորդեց Թուրքիայի նախագհի հայտարարությունը, այնուհետև Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Թուրքիայից դրական ազդակներ կան։

Ամփոփելով նշենք, որ և՛ իշխանության գալուց առաջ, և՛ իշխանության գալուց հետո Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն՝ առանց նախապայմանների։ Տավուշյան դեպքերի, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, սակայն, վարչապետի հայտարարություններն այլ տրամաբանություն ունեին․ Թուրքիան եկել է տարածաշրջան՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու, Թուրքիան էքսպանսիոնիստական քաղաքականություն է վարում, ապակայունացնում է տարածաշրջանը և այլն։ Պատերազմի ավարտից հետո այս մեղադրանքները դադարել են հնչել․ Փաշինյանն ու իր թիմակիցներն արդեն խոսում են Թուրքիայից եկող դրական ազդակների և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համատեքստում հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին։

Լուսանկարը՝ ermenihaber.am-ից

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել