Հուսով ենք՝ այս տարի կհաջողվի պահպանել գազի գինը․ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան
17:24 - 15 սեպտեմբերի, 2021

Հուսով ենք՝ այս տարի կհաջողվի պահպանել գազի գինը․ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Եվրոպայում վերջին օրերին գազի գնի ռեկորդային գների գրացնման, հաջորդ տարվա սակագնի մասին ՌԴ-Բելառուս պայմանավորվածության եւ նախօրեին ՀՀ-ում «Գազպրոմի» նախագահի եւ կառավարության միջեւ բանակցությունների ֆոնին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը հարց հնչեցրեց՝ արդյոք ունե՞նք որոշակիություն 2022-ին Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարեւորեց հարցը՝ նշելով, սակայն, որ որոշակի անորոշություն կա, եւ կան տենդենցներ, որովհետեւ երեկվա դրությամբ գազի գինը 1000խմ-ի համար կազմեց մոտ 800 դոլար, ինչը, փոխվարչապետի խոսքով, որոշակի հարցեր է առաջացնում․ «Բանակցությունները «Գազպրոմի» հետ պերմանենտ բնույթ ունեն, մենք ամեն տարի անդրադառնում ենք հարցին եւ փորձում խոսել առնվազն գնի պահպանման, եւ ոչ ավելացման մասին, չնայած «Գազպրոմ» խմբից կա պնդում, որ  եկամտաբերության չափը, որը պայմանավորված է 2013-ի համաձայնագրի շրջանակներում, իրենց չի բավարարում։ Բայց դա աշխատանքային պրոցես է, ես հիմա ավելին չասեմ, որովհետեւ հենց հիմա բանակցությունների գործընթաց է, հուսով եմ՝ գազի գնի մասով անսպասելի բան տեղի չի ունենա»,- ասաց փոխվարչապետն ու նշեց, որ բանակցությունների ավարտին տեղեկություններ կհայտնի։

Արմեն Գեւորգյանը ճշտեց՝ արդյոք այս պատասխանից պե՞տք է հասկանալ, որ գազի գինը չի բարձրանալու, թե՞ հարցն, այնուամենայնիվ, այնքան անորոշ է, որ այդ սցցենարը չի բացառվում։ Փոխվարչապետն ասաց, որ ինքն, անսպասնելի ասելով, նկատի ունի մոտակա ժամանակահատվածը․ «Բայց տեսեք՝ աշխարհում ինչ է կատարվում, հիմա ես չեմ կարող խոսել 2-3 տարիների կտրվածով։ Այս տարի, հուսով ենք, կհաջողվի պահպանել գազի գինը»,- եզրափակեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 

Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել