Համահայկական հիմնադրամում անցկացված աուդիտի արդյունքներով որևէ խնդիր չի արձանագրվել․ Նիկոլ Փաշինյան
18:17 - 15 սեպտեմբերի, 2021

Համահայկական հիմնադրամում անցկացված աուդիտի արդյունքներով որևէ խնդիր չի արձանագրվել․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Հայաստան համահայկական հիմնադրամի աշխատանքներին։

«44-օրյա պատերազմի ընթացքում ամբողջ աշխարհում, Սփյուռքում և Հայաստանում հայությունը  կոպեկ-կոպեկ, ընդ որում հատկանշական է, որ այդ հանգանակությունները տարբեր տրամաչափի էին լինում, գումար էր հավաքում Հայաստան համահայկական հիմնադրամին հաջակցություն մեր բանակի և երկու պետությունների։ Ընդ որում այդ հանգանակությունը խրախուսվում էր և կոչ էր արվում նաև կառավարության կողմից, այսինքն՝ դա զուտ նախաձեռնություն չէր։ Հետո այդ գումարների ճակատագիրը մեծ կասկածների առիթ տվեց, տեղի ուենցավ ուղղակի բյուջետային ֆինանսավորում, այսինքն՝ հիմնադրամից գումարներն ուղղվեցին բյուջե՝ ավելի քան 50 միլիարդ, որից հետո մարտի 15-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշում եղավ՝ ստեղծել աշխատանքային խումբ, որը աուդիտորական կազմակերպության հետ պետք է կատարեր աուդիտ և ներկայացներ հասարակության դատին, որպեսզի փարատվեն բոլոր կասկածները և ընկալելի լինի գումաների արդյունավետությունը»,- նշեց Մամիջանյանը։

Վերջինիս խոսքով այդ կազմակերպությունը համաշխարհային, հայտնի կազմակերպություններից մեկը չէր, այլ նվազ հայտնիություն ունեցող կազմակերպություն էր։

«Եթե չեմ սխալվում դրա վերջնաժամկետը ապրիլի 5-ն էր, ի՞նչ տեղի ունեցավ այդ աուդիտորական եզրակացության հետ, խնդրում եմ դա չներկայացնել azdarar.am կայքում զետեղվող հաշվետվությունները, որովհետև դա օրենքի պահանջ է։ Խոսքը գնում է առանձին հաշվետվության կամ աուդիտորական եզրակացության մասին, որովհետև կայքում նման ինֆորմացիա չկա, բաց, հասանելի աղբյուրներում էլ ես չեմ հանդիպել»,-վարչապետին հարց ուղղեց պատգամավորը։ 

Պատգամավորի հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանը նշեց, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի արդյուքնների հիման վրա տարածվել է հայտարարություն։

«Դրա բովանդակությունը այն է, որ հոգեբարձուների խորհուրդը արձանագրել է, լսել է կառավարության հաշվետվությունը․ ես եմ անձամբ տվել այդ հաշվետվությունը։ Արձանագրվել է, որ չարաշահումներ և հանգանակված գումարների վատնումներ չեն եղել, որից հետո որոշում է կայացվել ձևավորել աշխաատանքային խումբ և իրականացնել աուդիտ, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի անդամ ես տեղյակ եմ, որ այդ աշխատանքները արվել են և ամփոփվել են արդյունքները։ Հիմա չեմ կարող ասել՝ հրապարակվել են արդյունքները, թե ոչ, բայց որքանով ես տեղյակ եմ, որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել, ընդհակառակը արձանագրվել է, որ ամեն ինչ համապատասխանում է Համահայկական հիմնադրամի հայտարարությանը»,- պատասխանեց Փաշինյանը։

Վարչապետը, անդրադառնալով Մամիջանյանի այն դիտարկմանը, թե աուդիտ իրականացնող կազմակերպությունը ոչ այնքան հայտնի է, Փաշինյանը նշեց, որ իր համոզմամբ, եթե նույնիսկ այդ աուդիտը իրականացնի ամենահայտնի և ամենավստահելի աուդիտորական ընկերությունը չի կարող խնդիր առաջանալ, որևէ չարաշահում կամ վատնում բացահայտվել կառավարության գործողություններում։ 

Մամիջանյանը  շեշտեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է քննիչ հանձնաժողովի ստեղծում՝ Համահայկական հիմնադրամի այդ ընթացքում գումարված միջոցների ծախսման, դրանց արդյունավետության, օպերատիվության և ոլորտների ընտրության հետ կապված։ Պատգամավորը նաև նշեց, որ հիմնադրամից գումարներն ուղղվել են ռազմական հարցերի լուծման նպատակով։ 

«Կառավարությունը երբեք չի ասել, թե հիմնադրամի միջոցները ծախսվել են ռազմական նատակներով, կամ ռազմական կարիքների համար։ Կառավարությունն ասել է՝ ետպատերազմական շրջանում իրականացրել է ավելի քան 100 միլիարդ դրամի հատկացում պատերազմի ընթացքում առաջացած կարիքների համար։ Պատերազմի ընթացքում ի հայտ են գալիս լրացուցիչ առողջապահական, սոցիալական, տնտեսական կարիքներ և այլն։ Այդ 100 միլիարդից 52 միլիարդը եղել է Համահայկական հիմնադրամի միջոցներից, մնացած ավելի քան 50 միլիարդը  եղել է պետական բյուջեից։ Հետևաբար չէր կարող պետական բյուջեից միջոցներ տրամադրվել, եթե ինչպես դուք եք ասում պետական բյուջեում միջոցներ չլինեին, իսկ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար, այլ ծախսվել են այն նպատակների համար, որոնք նախատեսված են հիմնադրամի կանոնադրությամբ։ Աշխարհում չկա որևէ հանձնաժողով, որ կկարողանա արձանգրել որևէ այլ բան, բացի իմ ասածից այլ բան տեղի չի ունեցել»,- եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել