Ադրբեջանական ոստիկանական կետի մոտ տեղի ունեցող գործողությունները պետք է ճշտվեն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ․ դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին․ Անդրանիկ Քոչարյան
13:01 - 17 սեպտեմբերի, 2021

Ադրբեջանական ոստիկանական կետի մոտ տեղի ունեցող գործողությունները պետք է ճշտվեն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ․ դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին․ Անդրանիկ Քոչարյան

Այս պահին կուտակումներ եւ լարվածություն չկա Որոտանի ճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական կետի մոտ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 

Խոսքը, ըստ Քոչարյանի, վերաբերում է ճանապարհի Էվազլար հատվածին, որտեղ ադրբեջանական ոստիկանական ուժերը վերջին օրերին գործողություններ են իրականացրել։ Դրանք, պատգամավորի խոսքով, չեն տեղավորվում սահմանային խնդրիների տրամաբանության շրջանակներում․ «Ո՞րն է դա․ ոստիկանական ուժերը կանգնեցնում են իրանական մեքենաները եւ գումար են վերցնում։ Հիմա դա մաքսայի՞ն գործողություն է, թե՞ ապօրինի, ոնց որ գայի աշխատողները։ Հիշո՞ւմ եք՝ մի պահ Օսեթիայում համատարած ամեն մեկն իր տան մոտ բլոկպոստ էր դրել դեռ չլուծված խնդիրների շրջանակում, գումար էին գանձում։ Հիմա Իրանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է ճշտեն՝ էս գործողությունները տեղավորվում են որպես մաքսակետի՞, թե՞ ապօրինի են։ Դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին։ Հիմա սահմանապահ զորքերի տեղակայումը, ադրբեջանական ուժերի եւ ռուս սահմանապահների տեղակայումն այդ հատվածում լուծում է, որպեսզի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան, չկրակենք իրար վրա, մինչեւ մտնենք այն փուլ, որտեղ պետք է ճշտվեն դեմարկացիային եւ դելիմիտացիային առնչվող խնդիրները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ այլընտրանքային ճանապարհի հարցն է կարգավորվում, խոսքը վերաբերում է Տաթեւ-Կապան ճանապարհին։ Պատգամավորի խոսքով՝ այդ այլընտրանքային ճանապարհի օգտագործման դեպքում Որոտանի ճանապարհին ադրբեջանական գործողությունները կդառնան անիմաստ։

Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել