«Կամ բերեք նոր թեկնածու, կամ մենք էս օրակարգով դատապարտված ենք արտահերթ նիստ անել 5 տարի»․ ԱԺ հանձնաժողովը 4-րդ անգամ է քննարկում Ղազինյանի ընտրության հարցը
15:26 - 22 սեպտեմբերի, 2021

«Կամ բերեք նոր թեկնածու, կամ մենք էս օրակարգով դատապարտված ենք արտահերթ նիստ անել 5 տարի»․ ԱԺ հանձնաժողովը 4-րդ անգամ է քննարկում Ղազինյանի ընտրության հարցը

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չորրորդ նիստն է անցկացնում, որի օրակարգում մեկ հարց է ներառված՝ Հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը։ Նախորդ երեք նիստերի ժամանակ Հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում չէր ընտրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ Այսօրվա նիստը եւս արտահերթ է, թեկնածուն՝ նույնը։

Նիստի սկզբում Ղազինյանը կարծիք հայտնեց, որ նիստի օրակարգում միայն մեկ հարց ունենալը չի արտացոլում այսօր ՀՀ-ի պաշտպանության եւ անվտանգության համակարգի առջեւ դրված իրական պատկերն ու մարտահրավերները։ Նա առաջարկեց ներառել մեկ հարց եւս՝ Հանձնաժողովի որոշմամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի Հայաստանի հարավարեւելյան սահմանին տիրող իրավիճակը, պատճառահետեւանքային կապը՝ երկու ասպեկտով՝ ռազմաքաղաքական եւ սահմանադրաիրավական, որից հետո կներկայացնի ամփոփ հաշվետվություն, հետո պարզ կդառնան հետագա անելիքները․ «Սա, իմ կարծիքով, այսօր շատ ավելի լուրջ եւ քաղաքացիներին առավել հուզող հարց է»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ կարծիք հայտնեց, որ այսօրվա քննարկումն ընթանալու է նույն հունով, ինչպես նախորդ երեք արտահերթների ժամանակ․ «Ես իմաստ չեմ համարում մասնակցել նիստերին այնքան ժամանակ, քանի իշխանությունը չունի քաղաքական որոշում՝ ընտրել ընդդիմության առաջադրած թեկնածուին»,- ասաց Աբրահամյանը՝ համաձայնելով Ղազինյանի հետ, որ օրակարգում այլ հարցեր էլ պետք է ներառվեն։

Հանձնաժողովի նախագահի՝ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ խնդիրը միայն մեծամասնության քվեարկության մեջ չէ, եւ ընդդիմությունն ինքը կարող էր քայլ անել՝ չորրորդ անգամ նույն թեկնածուին չառաջադրելով։

Ղազինյանն անիմաստ համարեց չորրորդ անգամ մասնակցել հարցի քննարկմանն ու դուրս եկավ նիստերի սենյակից՝ առանց լսելու՝ գուցե պատգամավորները թեկնածուին հարցե՞ր ունեն, ինչը շարժեց նիստը վարող Անդրանիկ Քոչարյանի վրդովմունքը։ 
«Անընդհատ նույն թեկնածուն է առաջադրվում, որի հետ չպարզաբանված հարցեր են ծնվում, թեկնածուն դուռը շրխկացնելով դուրս է գալիս, որպես ի՞նչ։ Կամ բերեք նոր թեկնածու, կամ մենք հավերժ էս օրակարգով դատապարտված ենք արտահերթ նիստ անել հինգ տարի։ Եթե ընդդիմությունը չի կարողանում իր մեջ եւս մեկ թեկնածուի գտնի, ստացվում է՝ դուք պարոն Ղազինյանի գերի՞ն եք։ Ձեզ ազատագրե՞նք, ի՞նչ անենք»,- դիմելով ընդդիմությանը՝ ասաց Քոչարյանը։

Տիգրան Աբրահամյանն ասաց, որ ընդդիմությունը քաղաքական որոշումը կայացրել է, դրա համար է չորրորդ անգամ Ղազինյանին առաջադրել, իսկ եթե մեծամասնությունը չի ցանկանում քննարկել, ապա դա «Քաղաքացիական պայմանագրի» խնդիրն է։ Նիստերից սենյակից դուրս եկավ նաեւ Տիգրան Աբրահամյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ քաղաքական բոյկոտ հայտարարեց՝ նշելով, որ քանի կբերվի Ղազինյանի թեկնածությունը, ինքը չի մասնակցի նիստերին։ Քոչարյանն ասաց, որ դա ձեռնտու է ընդդիմությանը, պետք է ձեւաչափ գտնել եւ անցնել այս հարցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել