Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարները քննարկել են համագործակցության օրակարգը
22:38 - 22 սեպտեմբերի, 2021

Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարները քննարկել են համագործակցության օրակարգը

ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միզրոյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցության օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության առկա ներուժի կյանքի կոչումը, այս առումով կարևորելով առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի աշխուժացումը:

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` հավելելով, որ հակամարտության համապարփակ և տևական լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ու ազատության երաշխավորումը:

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, զրուցակիցները կարևորել են նաև մշակութային ժառանգության պահպանման հարցերը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիքն ունի՝ լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար։

Երկու նախարարները քննարկել են նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում իրականացվող ջանքերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել