Գորիսի բնակչության անվտանգության խնդիրների լուծումը համապետական մոտեցում է պահանջում․ համայնքապետի թեկնածու Կարեն Լազարյան
17:21 - 24 սեպտեմբերի, 2021

Գորիսի բնակչության անվտանգության խնդիրների լուծումը համապետական մոտեցում է պահանջում․ համայնքապետի թեկնածու Կարեն Լազարյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։ 

Գորիսում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։

Infocom-ը քարոզարշավի ընթացքի, համայնքային խնդիրների, առաջնահերթ լուծում պահանջող հարցերի եւ ապագա ծրագրերի մասին զրուցել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության թեկնածու Կարեն Լազարյանի հետ։

Վերջինիս խոսքով՝ Գորիսում հոկտեմբերի 17-ի ընտրությունից առաջ ուժերի վերադասավորման ակտիվ գործընթացներ են տեղի ունենում․ «Թեեւ քարոզարշավը երկու օր է՝ ինչ մեկնարկել է, բայց մինչ այդ էլ ակնհայտ դարձավ, որ որոշ ուժեր հույսները դրել են սոցցանցային, քոմենթային կռիվների վրա, ինչն իրականացվում է նաեւ ֆեյքային հայհոյանքների միջոցով»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք հրապարակավ մերժել են այդ գործելակերպը եւ մրցակից քաղաքական ուժերին պատշաճ մրցակցության, գաղափարական, ծրագրային մրցակցության հորդոր հղել: Ըստ Լազարյանի՝ Գորիսը հիմա այնպիսի մարտահրավերների առջեւ է կանգնած, որ իրենք իրավունք չունեն տրվել միջկուսակցական եւ սոցցանցային կռիվներին:

«Մենք նաեւ կողմերին կոչ ենք արել բանավիճել բացառապես այն խնդիրների եւ ծրագրերի շուրջ, որոնք առնչվում են համայնքային խնդիրներին: Վերջին օրերի արտառոցություններից մեկն էլ այն է, որ ոչ իշխանական քաղաքական թիմերի նախընտրական ցուցակներից ավագանու անդամի թեկնածուների արտահոսք է նկատվում՝ ինքաբացարկի տեսքով: Եվ դա՝ ոչ միայն Գորիս, այլեւ Տեղ ու Տաթեւ համայնքներում»,- նկատեց Գորիսում ՀԱԿ-ի թեկնածուն եւ նշեց, որ նաեւ իրենց նախընտրական ցուցակից էլ երկու հոգի դուրս են եկել․ պատճառները դեռ ուսումնասիրում են:

Սակայն թեկնածուն հեռու է մտքից, որ դա ինքնաբուխ եւ բնական գործընթաց է, եւ ավելի շատ ինչ-որ ճնշումների կամ գայթակղիչ խոստումների հետեւանք է:

«Ինքներդ դատեք․ Գորիս համայնքի ամեն բնակավայրում մի քանի հոգու (միանգամից) խոստացել են նշանակել գյուղի վարչական ղեկավար, մանկապարտեզի վարիչ, դպրոցի տնօրեն… Եվ հիմա յուրօրինակ մենամարտ է՝ մի կողմից՝ տարածքային իշխանության վարչական ռեսուրսի, մյուս կողմից՝ համայնքի վարչական ռեսուրսի միջեւ»,- ասաց Կարեն Լազարյանը:

44-օրյա պատերազմից հետո Գորիսի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ։ Համայնքում գլխավոր խնդիրն այսօր անվտանգությանն է առնչվում։ Հակառակորդը մայիսից գտնվում է Գորիսի վարչական տարածքում գտնվող Սեւ լճի տարածքում, եւ, կարծես, նպատակ չունի ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալու։ Արդեն նաեւ արոտավայրերի խնդիր կա։ Իսկ օգոստոսին հակառակորդը փակել էր Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհը՝ հավելյալ խնդիրներ ստեղծելով ոչ միայն այդ ճանապարհով անցնողների, այլեւ բնակիչների համար․ Ադրբեջանի ուղղակի սպառնալիքները չեն դադարում։

Գորիսի համայնքապետի թեկնածուից հետաքրքրվեցինք՝ ընտրվելու պարագայում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ այնքանով, որքանով հնարավոր է համայնքապետի պաշտոնում, ինչ նախաձեռնություններ կամ առաջարկներ ունի։

Լազարյանի խոսքով՝ իրենց նախընտրական ծրագրի առանցքային բաժինը նվիրված է հենց անվտանգության խնդիրներին: Առաջին բանը, որ պատրաստվում են անել, համանքի բոլոր բնակավայրերում պատերազմից հետո առաջ եկած կարիքների եւ խնդիրների գնահատումն է, որի հիման վրա էլ կճշգրտեն անելիքները․ «Կաջակցենք պետական մարմինների գործողություններին, որոնք ուղղված կլինեն Սեւ լճի տարածքից ադրբեջանցի օկուպանտներին դուրս մղելուն: Համայնքի բնակավայրերում Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում կազմավորված ինքնապաշտպանական (աշխարհազորային) ջոկատներն ամրապնելուն ուղղված միջոցառումներ կիրականացնենք ու կհամագործակցենք Սյունիքի մարզային զինկոմիսարիատի հետ՝ զորակոչերի, զորահավաքների կազմակերպման գործում»,- թվարկեց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով հանգամանքը, որ Գորիս համայնքի բնակչության անվտանգության խնդիրների լուծումը համապետական մոտեցում է պահանջում, թեկնածուն եւ իր թիմը պատրաստվում են ՀՀ կառավարությանն առաջարկել Գորիսում հրավիրել կառավարության արտագնա նիստ եւ քննարկել առկա խնդիրները: Իսկ մինչ այդ՝ կփորձեն Գորիս հրավիրել ԱԺ խմբակցություններին՝ Գորիսի անվտանգության հարցերով միասնական մոտեցում մշակելու համար:

«Միեւնույն ժամանակ համարում ենք, որ ոչ պակաս կարեւոր է մեր հողի վրա ապրող, այդ հողը շենացնող մարդու կյանքի համար բարեկեցիկ պայմանների ստեղծումը, համայնքի զարգացման եւ բարգավաճման հեռանկարի երաշխավորումը: Այդ ուղղությամբ նույնպես ունենք առաջարկություններ եւ ծրագրեր»:

Իսկ Գորիսում, ըստ Կարեն Լազարյանի, առաջնահերթ լուծում պահանջող շատ խնդիրներ կան․ 

«Համայնքի վարչական տարածք համարվող Սեւ լճի մերձակայքում 2021 թ. մայիսի 12-ից Ադրբեջանի զինվորականներն են ներխուժել: Ադրբեջանցիների հսկողության ներքո են Որոտան, Քարահունջ գյուղերի երբեմնի տարածքների որոշ հատվածներ, ինչպես եւ Շուռնուխ գյուղի արեւելյան մասը: Վերիշենի եւ Ակների արոտավայրերի մի մասն ադրբեջանցիների կողմից վերահսկվող դիրքերի հայացքի ներքո են, ինչը դժվարացնում կամ անհնար է դարձնում դրանց օգտագործումը: Անորոշություններով լեցուն է Գորիս-Կապան մայրուղին, որը, միջպետական նշանակությունից զատ, Գորիս քաղաքը համայնքի մեջ մտնող Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի, նաեւ Աղբուլաղ, Ձորակ, Վանանդ գյուղատեղիների հետ հաղորդակցության միակ ուղին է: Առանց այդ խնդիրների լուծման՝ իրատեսական չի լինի մյուս հարցերի առաջնահերթ քննարկումը»,- ասաց մեր զրուցակիցը՝ տեղեկացնելով, որ թվարկված հարցերի վերաբերյալ իրենց կոնկրետ առաջարկություններն արտացոլված են իրենց նախընտրական ծրագրում, որի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին:

Թե բացի անվտանգային խնդիրների հնարավոր լուծումներից՝ համայնքային զարգացման ինչ նախաձեռնություններով են հանդես գալու ընտրվելու պարագայում, Լազարյանը ներկայացրեց, որ նախ պետք է լուծվի Բարձրավանի, Ներքին Խնձորեսկի եւ Վերիշեն գյուղերի գործող ճանապարհների հիմնանորոգման կամ գոնե բարեկարգման խնդիրը: Խնձորեսկում նաեւ խմելու ջրի խնդիր կա, որ չի լուծվել տասնամյակներով։

«Կան նաեւ բնապահպանությանն առնչվող խնդիրներ. խոսքը, մանսվորապես, Վարական գետն աղտոտումից զերծ պահելն է Ակներ, Վերիշեն, Քարահունջ գյուղերի եւ Գորիս քաղաքի տարածքում»,- ասաց թեկնածուն եւ նկատեց՝ որքան էլ տարօրինակ է՝ սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ չի տրվել Ակներ եւ Վերիշեն գյուղերին, որոնք մոտ 11 կմ սահման ունեն Ադրբեջանի հետ: (Գորիսի խոշորացված համայնքի 12 բնակավայրերից 5-ը (Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Հարթաշեն եւ Բարձրավան գյուղերը) պաշտոնապես ստացել են սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ,- հեղ․

Այս ամենից զատ՝ Գորիսում համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Լազարյանի համոզմամբ՝ կա մեկ այլ լրջագույն խնդիր եւս՝ համայնքում վերականգնել քաղաքացիական համերաշխությունը:

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել