ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մասնակցել է ԵՏՀ-ի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի թեմայով տեսակոնֆերանսի
23:30 - 30 սեպտեմբերի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մասնակցել է ԵՏՀ-ի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի թեմայով տեսակոնֆերանսի

«ԵՏՀ շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորում» խորագրով սեպտեմբերի 30-ին կայացած տեսակոնֆերանսին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը,  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ Վլադիմիր Գրակունը, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ժենիս Օսերբայը, Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների և տարածաշրջանային զարգացման նախարարի տեղակալ Ազամատ Մուկաշևը, Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մաքսիմ Ուվայդովը, միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք, հրավիրված փորձագետներ։ Միջոցառման մոդերատորն էր ԵՏՀ Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը։

Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին՝ Արտակ Քամալյանը մասնավորապես նշել է․«ԵԱՏՄ երկրներում օրգանական գյուղատնտեսության զարգացումը հեռանկարային է ինչպես ռեսուրսային ներուժի և մեր բնակչության պահանջարկի բավարարման տեսանկյունից, այնպես էլ միջազգային առաջնային շուկաներ դուրս գալու։ Ուստի՝ հարկավոր է ազգային շուկաներից անցում կատարել դեպի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկա՝ այս ոլորտում օրենսդրության միասնականացման միջոցով»։

Արտակ Քամալյանը նաև տեղեկացրել է, որ 2021 թ․ օգոստոսի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական միությունում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզը, որով հնարավորություն կընձեռվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, Միության երկրների հետ համատեղ, ձեռնարկել միջազգային պայմանագրի մշակման գործընթացը, որի ընդունումը կապահովի ԵԱՏՄ տարածքում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ազատ տեղաշարժը:

Ճանապարհային քարտեզով նախատեսվում է նաև Հանձնաժողովի կողմից Միության երկրների համար առաջարկությունների պատրաստում՝ անդամ երկրներում արտադրված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մուտքը երրորդ երկրների շուկաներ ապահովելու նպատակով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն իր խոսքում նշել է․ «Հայաստանի Հանրապետությունն ունի օրգանական գյուղատնտեսության զարգացման հարուստ փորձ, և այս ոլորտում օրենսդրությունը լիովին կանոնակարգված է: Ներկայումս Հայաստանում հավաստագրվել է մոտ 57 օրգանական ձեռնարկություն, բայց, միևնույն ժամանակ, մեր երկիրն ունի օրգանական արտադրության ծավալների ավելացման մեծ ներուժ»:

Վարոս Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար մեծ աշխատանք է իրականացվում տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, համատեղ իրականացվում և նախաձեռնվում են բազմաթիվ ծրագրեր` էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը խթանելու նպատակով։ Կազմակերպվում են նաև կրթական ծրագրեր արտադրող ֆերմերի համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ Այնուհետև միջոցառման մասնակիցները համառոտ ներկայացրել են ԵԱՏՄ-անդամ երկրներում օրգանական գյուղատնտեսության ներկա վիճակն ու ոլորտում գործող օրենսդրական դաշտը։ Քննարկվել են ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորման մի շարք հայեցակարգերի, ինչպես նաև արտադրության կազմակերպման, սերտիֆիկացման և օրենսդրության ներդաշնակեցման հնարավոր մոտեցումները։

Անդրադարձ է կատարվել անդամ երկրների իրավասու մարմինների  կողմից համապատասխանության գնահատման նպատակով օրգանական գյուղատնտեսական արտադրանքի սերտիֆիկացման և վերահսկման կանոնների մշակման նպատակահարմարությունը՝ ընթացակարգերի համարժեքությունն ապահովելու և տրամադրվող փաստաթղթերի (սերտիֆիկատների) փոխադարձ ճանաչման համար:

Քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել Միությունում և երրորդ երկրներում ոլորտի զարգացման միտումների շուրջ, առաջարկություններ ներկայացրել ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ քննարկումների արդյունքները հիմնական ուղեցույց կհանդիսանան փորձագետների մակարդակով միջազգային պայմանագրի նախագծի նախապատրաստման համար:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել