Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։
Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։
«Հանրապետություն» կուսակցությունն արդեն ակտիվ քարոզչական աշխատանքների մեջ է․ թիմի անդամները համայնքապետի թեկնածուի մասնակցությամբ հանդիպումներ են կազմակերպում Մեղրի համայնքի բնակավայրերում, զրուցում քաղաքացիների հետ։
Կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի նախկին պաշտոնակատար Բագրատ Զաքարյանը, Infocom-ի հետ զրույցում ներկայացրեց, որ իրենք մշակել ենք առաջիկա հինգ տարվա աշխատանքների փաթեթ, որտեղ ներառված են նաեւ սուբվենցիոն ծրագրեր։
Իսկ բուն ծրագիրը կազմված է մի քանի փուլից՝ «Կառավարում», «Անվտանգություն», «Գյուղատնտեսություն», «Կոմունալ ծառայություններ», «Տրանսպորտ», «Տնտեսություն», «Առողջապահություն», «Մշակույթ եւ կրթություն»։
Մեր զրուցակիցը հատկապես կարեւորեց «Կառավարում» բաժինը, որտեղ ընդգծված է, որ պետք է անվերապահորեն կատարել Սահմանադրության, օրենքների պահանջները, տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները, ՀՀ կառավարության որոշումները եւ սեփական պատասխանատվությամբ լուծել համայնքային նշանակության հարցերը․ «Սա առաջնային կետ է, որովհետեւ ցանկացած մեծ համայնք, գյուղ, ցանկացած միավոր պիտի ճիշտ ու գրագետ կառավարվի, իսկ դրա համար մեզ պետք է առաջնահերթությունը տալ կադրերի ճիշտ ընտրությանը»,- ասաց Զաքարյանը՝ վստահեցնելով, որ իրենց թիմն ընտրել է մարդկային եւ մասնագիտական բարձր որակներ ունեցող անձանց, որոնք, մեր զրուցակցի խոսքով, «մեղրեցու դարդ ու ցավով ապրող մարդիկ են», եւ որոնք երկար տարիներ պայքարել են ապօրինությունների դեմ ու երբեք չեն ընկրկել։
Մեղրիում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածուն որպես առաջնային լուծում պահանջող խնդիր նշեց հատկապես անվտանգային հարցերը․ «Մեղրին երեք կողմից շրջապատված է մահմեդականներով, իհարկե, Իրանը մեզ բարեկամ է, բայց հարավից Ադրբեջանն է, հյուսիսից՝ Նախիջեւանը, իսկ մեզ պետք է, որ կարողանանք անվտանգության առումով համապատասխան ծառայությունների հետ ամրացնել մեր սահմանները»,- ասաց Զաքարյանն ու այս համատեքստում նշեց ճանապարհների մաքրման աշխատանքների կարեւորությունը։ Նրա խոսքով՝ արդեն քսան տարուց ավելի է՝ անտառային, լեռնային ճանապարհները չեն մաքրում․ խոսքը միայն գյուղեր գնացող կամ գյուղերից դուրս եկող ճանապարհների մասին չէ, այլ մարտական հենակետեր, լեռներ տանող ճանապարհների․ «Ենթակառուցվածքների հարցը շատ կարեւոր է, հիմնական եւ պահեստային ճանապարհներ են պետք, որ անհրաժեշտության դեպքում մենք էլ անցնենք պաշտպանության, նոր ճանապարհների կառուցում է պետք»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Մեղրիում նաեւ ոռոգման ջրի խնդիր կա․ «Հանրապետության» ներկայացուցիչները մտադիր են դիմել կառավարությանը՝ Մեղրու ջրօգտագործողների ընկերությունն առանձնացնելու եւ համայնքապետարանի անմիջական հսկողությանը հանձնելու հիմնավորումներով․ «Համայնքապետարանը պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը, այդպես մենք կկարողանանք բնակիչներին պատասխան տալ։ Ճիշտ կլինի, որ ՋՕԸ-ն Մեղրիի շրջանի բալանսում լինի, այդ կերպ կկարողանանք խնդիրը լուծել»,- համոզմունք հայտնեց Բագրատ Զաքարյանը՝ չմոռանալով նաեւ գազաֆիկացման խնդրի մասին․ նրա խոսքով՝ Մեղրու, Ագարակի գազաֆիկացման ծրագիրը դանդաղ է ընթանում, այս հարցը եւս չպիտի աչքաթող արվի։
Ինչ վերաբերում է զբոսաշրջության զարգացմանը, Զաքարյանն ասաց, որ պատրաստվում են Մեղրիում մշակել զբոսաշրջային ուղիներ, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ վերապատրասատել մասնագետների՝ կրթական ու մշակութային զբոսաշրջության ոլորտում․ «Աջակցելու ենք հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչներին՝ ոլորտի մասնագետներին ներգրավելով եւ հիմք ընդունելով հաջողված փորձը։ Փորձելու ենք ապահովել մշակութային եւ պատմական վայրերի ճանաչելիության բարձրացում, կազմակերպելու ենք հայագիտական ճանաչողական էքսկուրսիաներ ՀՀ տարածքում, ինչը ոչ միայն Մեղրու, այլեւ մեր երիտասարդ սերնդի զարգացմանը կնպաստի»,- ասաց մեր զրուցակիցը։
Բագրատ Զաքարյանը վստահ է, որ Մեղրու բնակիչները հենց «Հանրապետության» թիմին պետք է վստահեն իրենց քվեն․ «Մեզնից յուրաքանչյուրը՝ ցուցակի առաջին համարից մինչեւ վերջինը, միշտ եղել են անարդարության դեմ պայքարող մարդիկ։ Մենք ընտրել ենք լավ մասնագետներ, որոնք պատրաստակամ են կանգնել բնակիչների կողքին եւ մասնակցել Մեղրու զարգացմանը։ Մենք գալիս ենք վաղվա դրական օրը բերելու։ Եթե ես իմանայի, որ չեմ կարողանալու հաղթականած դուրս գալ այս ընտրապայքարից, չէի մասնակցի՝ հատկապես մեր քաղաքական ուժի ցուցակով»,- եզրափակեց Մեղրիում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Բագրատ Զաքարյանը։
Լուսանկարը՝ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)